‘Ֆրանսուա Օլանդը 2013-ին պետական այցով կժամանի Հայաստան ‘

892

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Ըստ president.am-ի, Սարգսյանը եւ Օլանդը գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամական առնչությունները ամուր հիմք են միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացնելու և ավելի ամրապնդելու գործում:

Երկուստեք շեշտվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական ներկայությունն ընդլայնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը խթանելու կարևորությունը:

Նկատի առնելով Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Սարգսյանը եւ Օլանդը վերահաստատել են իրենց հանձնառությունը մշակութային, գիտական կապերի ընդլայնմանը պետական և հասարակական լայն աջակցության շարունակականութան ապահովման ուղղությամբ:

Նրանք  մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Ֆրանսիայի մշտական աջակցության համար:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ ասուլիս, որի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի պատմական սերտ առնչությունները  «շատ լավ հիմք են հանդիսացել մեր միջպետական հարաբերությունների համար»:

«20-ամյա տարեդարձը բոլորած մեր միջպետական հարաբերություններն այսօր միանշանակորեն կարելի է բնութագրել որպես բարեկամական և եղբայրական: Այս անգամ ես եկել եմ Ֆրանսիա, որպեսզի Ֆրանսիայի նախագահ, հայ ժողովրդի և իմ շատ լավ բարեկամ Ֆրանսուա Օլանդին ասեմ, որ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնելու հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը:  Պարոն Նախագահը շատ հակիրճ նկարագրեց մեր զրույցի թեմաները: Ուզում եմ ընդամենն ավելացնել երկու հանգամանք: Մեկ հանգամանքն այն է, որ մենք, իրոք, կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվեր Հայաստանում, որովհետև այսօր և՛ Հայաստանն ունի դրա կարիքը, և՛ իհարկե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու համար սա միգուցե շատ փոքր, բայց լավ հնարավորություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայի իշխանություններին՝ հայոց ցեղասպանության նկատմամբ այդքան ուշադիր և սկզբունքային դիրքորոշում ունենալու համար: Ես գիտեմ, որ պարոն Օլանդը օրինագծի ակունքներում էր կանգնած և ես գիտեմ, թե որքան ուշադիր և ջերմ է նա հայկական հարցերի նկատմամբ, ընդհանրապես հայերի նկատմամբ: Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիայում ապրում է շուրջ 500.000 հայ և այդ հայերից շատ-շատերն ակտիվ մասնակցություն են ունեցել Ֆրանսիայի զարգացման գործում: Նրանք հավասարապես և՛ հայ են, և՛ ֆրանսիացի: Նրանք հավասարապես սիրում են և՛ Հայաստանը, և՛ Ֆրանսիան: Եվ մեր խնդիրն է, որպեսզի մենք կարողանանք նրանց ողջ ներուժը օգտագործել մեր բարեկամությունը հավերժ պահելու համար», — ասել է Սերժ Սարգսյանը: Նա գոհունակությամբ նշել է, նաեւ, որ Ֆրանսուա Օլանդն ընդունել է 2013-ին պետական այցով Հայաստան ժամանելու՝ իր հրավերը:

 

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես. Հուսով եմ, Թերիի մոտ լուրջ բան չկա’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին մերժեցին ‘