‘Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «փողի պաշտամունքը» և «վայրի կապիտալիզմը»’

1028

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի 26-ին հանդես է եկել ի պաշտպանություն Կաթոլիկ եկեղեցու արմատական նորոգման, նրա ապաբյուրոկրատացման և  մոլորակի ամենաաղքատ բնակիչների խնդիրների նկատմամբ ուշադրության մեծացման: Ինչպես հաղորդում է Reuters-ը, պոնտիֆիկը հանդես է եկել «վայրի կապիտալիզմի» դեմ, որն անվանել է «նոր բռնապետություն» և կոչ է արել աշխարհի առաջնորդներին իրենց երկրներում ակտիվորեն պայքարել ընդդեմ աղքատության և անհավասարության, սեփական քաղաքացիների համար ապահովել աշխատանք, կրթություն և բուժսպասարկում: 84 էջանոց ուղերձում Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ համաշխարհային տնտեսական համակարգը դարձել է արատավոր, քանի որ ամբողջությամբ կառուցված է «փողի պաշտամունքի» վրա: Հռոմի պապը հարուստներին կոչ է արել միջոցներ նվիրաբերել աղքատներին: Ըստ պոնտիֆիկի՝ աշխարհում առաջնահերթությունների սխալ համակարգ է ձևավորվել: Նրա վրդովմունքն է հարուցել այն փաստը, որ տնանկի մահվան մասին լուրը չի հայտնվում նորությունների լրահոսում, մինչդեռ բանկային ինդեքսի երկու տոկոսի փոփոխության մասին լուրը սենսացիա է դառնում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ աշխարհի անարդարությունների դեմ պայքարելու համար Եկեղեցին պետք է կենտրոնանա միսիոներական գործունեության ուղղությամբ, որը հիմնված է գթասրտության վրա, հատկապես՝ աղքատների նկատմամբ: Նա նաև հայտարարել է, որ Կաթոլիկ եկեղեցու կառուցվածքը չափազանց կենտրոնացված է, իսկ իր՝ որպես Հռոմի պապի իշխանությունն ու լիազորությունները չափից ավելի շատ են: Պոնտիֆիկը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Եկեղեցու ապակենտրոնացման  և Վատիկանն այժմյան իշխանության մի մասից ազատելու առաջարկները, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն զգուշացրել է Կիևին, որ անթույլատրելի է ուժի գործադրումը խաղաղ ցուցարարների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. Ռուսաստանը վտարում է սիրիացի փախստականներին’