․․․Որ սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել. Մաս 1

15334

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը, որը կարծես թե սթափեցնող պետք է լիներ այն անձանց համար, ովքեր հայտարարում են, թե իրենց իրական մտահոգությունները Հայաստանի եւ Արցախի համար են, թերեւս սպասելիորեն` հակառակ արձագանքին արժանացավ նրանց մեծամասնության կողմից։ Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը կարծես բավականին ծանր եւ ագրեսիվ տարան այն, այդպիսով լավագույնս ապացուցելով, որ ինչպես մինչեւ պատերազմը, այնպես էլ հիմա մենք Հայաստանի եւ Արցախի շուրջ պրոցեսներում գործ ունենք մի հանցավոր պաթոսային, լալահառաչ երեսպաշտության հետ, որի կենսունակության եւ շարունակականության համար մինչ այս պահը մենք արդեն բավականին զոհողություններ ենք արել՝ ե՛ւ հազարավոր մարդկային կյանքերի, ե՛ւ տարածքների տեսքով, ու դատելով այն բանից, որ այդ երեսպաշտությունը շարունակվում է, դեռ նոր զոհողություններ պիտի անենք։

Իսկ ի՞նչ էր ասել առաջին նախագահը․ նա հիշեցրել էր բոլորին, որ պատերազմի արդյունքներով «իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը:

Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ: Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ»:

Նախագահ Տեր-Պետրոսյանը նաեւ ելք էր առաջարկել. «Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»: 

Թվում էր, թե Հայաստանի եւ Արցախի մասին մտահոգություններ ունեցող անձանց համար այս պարզ իրողությունները պիտի առանց ասելու էլ հասկանալի լինեին, բայց պարզվեց՝ ոչ։ Պարզվեց` այն, ինչ երկկողմանի տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի անվան ներքո, ոչ մի կապ չունի Հայաստանի եւ Արցախի հետ։

Մինչ այդ անդրադառնանք Առաջին նախագահի հայտարարության արձագանքներին։

Դաշնակցության եւ, ըստ էության, նաեւ Ռոբերտ Քոչարյանի անունից առաջինն արձագանքեց ԱԺ փոխնախագահ, փողոցում ցույցերի դուրս եկած ուժերի հրապարակային համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, բարեկրթությունից ելնելով, մենք նրան իր ոճով չենք արձագանքի։

Եւ ուրեմն, Սաղաթելյանը հայտարարեց, թե «էս ժողովրդի վզին հնարավոր չէ զիջում փաթաթել։ Հարգելի′ պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր նաև 1998-ին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չես հանձնել։ Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, և ՀՀ-ն ու Արցախը զարգացան՝ չզիջելով։ Բայց երբ 2018-ին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, որոնք կրկին այդ գիտակցության մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։ Ժամանակն է, որ սրանք հեռանան, որ կարողանանք փրկել։․․․ Պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրում, մենք սեղան նստելու հարց չունենք»։

Եւ ուրեմն, ի՞նչ է ասում Սաղաթելյանը․ մեծ հաշվով ցանկանում է Փաշինյանի արածները, վարած քաղաքականությունը կապել Տեր-Պետրոսյանի հետ (այսինքն` այն, ինչ արել են մշտապես), դրա համար անում է բազմաթիվ մանիպուլյացիաներ, բայց դա անում է այն խավի համար, որոնք ոչ քաղաքականությունից են տեղյակ, ոչ էլ՝ առավելեւս բանակցություններից, այն մարդկանց համար, որոնք քաղաքական գործչի մասին դատում են ոչ թե արածով, այլ՝ ասածով, այն մարդկանց համար, որոնք անգիր հիշում են Ավարայրի ճակատամարտի բոլոր դետալները, բայց քաղաքական գործիչների մեկ տարի առաջվա ասածները՝ ոչ։ Իսկ ինչո՞ւ է նա այդ մանիպուլյացիաները անում, մի պարզ պատճառով, որ հանկարծ անտեղյակները չսկսեն հասկանալ, որ իրականում Փաշինյանը մեկին մեկ արել է այն, ինչ իրենք են կոչ արել անել, հայտարարել, պնդել, այսինքն՝ վարել է իրենց իսկ հռչակած քաղաքականությունը, այսինքն, փաստացի, որպես քաղաքական գործիչ, նա հենց իրենց «հոգեզավակն է»։ Բայց եթե բոլորը դա հասկանան, իրենց ամբողջ քաղաքական խաղատնակը կփլուզվի։ Ուստի, պետք է ամեն բան ներկայացնել այնպես, որ «մարդիկ գլխի չընկնեն»։

Տեր-Պետրոսյանին արձագանքել են նաեւ հանրապետականները։ Փաստացի Սերժ Սարգսյանի կարծիքն էլ նրա կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց, նշելով․

«Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին։ ա. 2018-ից հետո արտաքին քաղաքականության և Արցախյան բանակցային գործընթացի տոտալ ձախողումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։ ․․․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խայտառակ տեքստը անձամբ Նիկոլի քաղաքական և պատմական պատասխանատվությամբ կապիտուլյացիան էր։ ․․․
Երբ հեղինակն առաջարկում է «Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից», անհասկանալի է, թե ինչի՞ շուրջ բանակցել Նիկոլի հետ։ Արցախը հակառակորդին զիջելո՞ւ։ Հայրենիքը մաս-մաս տալո՞ւ։ Պետության ինքնիշխանությունը զրոյացնելո՞ւ։ ․․․ Պարոն նախագահ, հիմա Փաշինյանը «ազգակործան պատուհա՞ս» է, թե՞ ոչ»։

Այսպիսով, փողոց են դուրս եկել ընդդիմադիրներ, որոնք պնդում են, թե ցանկանում են այս իշխանության հակապետական գործունեությունից փրկել Արցախն ու Հայաստանը, ունենք իշխանություն, որ պնդում է, թե իրականում իրենք են փրկում Հայաստանը, իսկ փողոց դուրս եկածները ընդամենը նախկին թալանչիներ են, որոնք միայն իշխանության գալու ցանկություն ունեն, երրորդ կողմից էլ Առաջին նախագահն է պարզ իրողությունները փորձում նրանց բացատրել եւ ասում է՝ եթե իրապես Հայաստանի եւ Արցախի համար մտահոգ եք, գնացեք եւ լեզու գտեք իրար հետ, ելքեր փնտրենք։ Ի պատասխան հնչում է արձագանք, թե` մենք «բանակցելու չունենք», եւ ընդհանրապես, Փաշինյանը ձեր քաղաքական հետեւորդն է։

Այս ամենն, իհարկե, քաղաքական մանկապարտեզ կարելի էր համարել, եթե սրանց արդյունքում` իրական կյանքում մենք իրական կորուստներ չունենայինք։ Ուստի հարկ է, որ այս բոլոր կեղծ պնդումներն ի վերջո պարզաջրվեն, որովհետեւ մեզ կործանարար աղետի հասցրել է ոչ թե Փաշինյան անձն ինքնին, այլ՝ Փաշինյանի ԱՐԱԾՆԵՐԸ, նրա վարած ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՈՒՆԸ, նրա՝ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ։ Այսինքն, եթե Փաշինյանի փոխարեն նույն բանն աներ ասենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, էլի նույն աղետն էինք ունենալու։ Եւ հակառակը, եթե նույն Փաշինյանը, օգտագործելով այն ժամանակվա իր լեգիտիմությունն ու վստահությունը՝ հակառակ բաներն աներ, կունենայինք լիովին այլ արդյունք։

Իսկ ինչո՞ւ է ընդդիմությունը մեղադրանքների սլաքի ուղղությունը փոխում, ինչո՞ւ է այնպես անում, որպեսզի մենք քննարկենք ոչ թե անձի արածները, այլ՝ անձին։ Շատ պարզ պատճառով․ եթե մարդիկ քննարկեն Փաշինյանի արածները՝ կհասկանան, որ իրականում նա հենց նույն Քոչարյանի, Սարգսյանի, Դաշնակցության քաղաքական հոգեզավակն է, կհասկանան, որ իրականում Հայաստանն ու Արցախը փրկելու ցանկություն նրանցից ոչ մեկը չունի (ոչ էլ ունեցել է), եւ որ Արցախը նրանց համար իշխանության գալու կամ մնալու միջոց է։

Ասել է թե, իրականում մեզ պատուհասած աղետը շատ ավելի մեծ է, քան մենք տեսնում ենք։

Արցախը փրկելու իրական դեղատոմսը միշտ էլ մեկն է եղել, բայց շատ ծանր․ մտնել ճշմարտության բեռի տակ, հանուն Արցախի զոհել քաղաքական անունն ու կարիերան, զոհել անունն ու կրել անգամ դավաճանի պիտակը եւ փրկել Արցախն ու հազարավոր կյանքեր ու տարածքներ։ Սրա այլընտրանքն էլ հակառակն էր․ ներկայանալ հայրենասեր, եւ սնել այդ հայրենասիրական ներկայացումը ուրիշների զոհողություններով։ Այլ ելք չէր կարող լինել, որովհետեւ այդ թնջուկը անպայման զոհ է պահանջում․ կամ մեկի (մի քանիսի) քաղաքական անձնազոհությունը, կամ՝ հազարների ֆիզիկապես զոհվելը։

Եւ կյանքը ցույց տվեց, որ այդ ծանր բեռի, այդ քաղաքական գիլյոտինի տակ ամբղջությամբ եւ մշտապես իրականում միայն մեկ հոգի է եղել պատրաստ մտնել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ասում ենք իրականում, քանի որ Սերժ Սարգսյանը պատերազմից հետո հայտարարեց, որ ինքը եւս պատրաստ է եղել իր վրա վերցնել դավաճանի պիտակը, բայց իրականության մեջ մենք տեսանք, որ դա այդքան էլ այդպես չէր, եւ հաջորդիվ կասենք՝ թե ինչու։

Բայց ինչն է նաեւ կարեւոր․ քանի որ Փաշինյանին ուղղված մեղադրանքների հարցում այս անձինք մանիպուլյացիաների են դիմում, չեն մեղադրում նրան՝ իրական ամենամեծ հանցանքի մեջ, այլ  հարցը տեղափոխում են պարզ «հող տալ-չտալու» տիրույթ, հենց այդ պատճառով էլ վերջինս կարողանում է նույնկերպ մանիպուլյատիվ ու հոխորտալից արձագանքել նրանց․ կեղծ մեղադրանքներ, կեղծ հակադարձումներ, բոլորը գոհ են, իսկ արանքում, այս պաթոսի ետնաբեմում մենք իրական կորուստներ ենք ունենում։

Հիմա հասկանանք, թե ով ինչ է արել այս պատմության մեջ, եւ ով ինչ դերակատարություն է ունեցել։

Նիկոլ Փաշինյան․ Փաստ համար ՄԻԱԿ Եւ ՀԻՄՆԱԿԱՆ

Երբ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարում էր. «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ես մեղավոր չեմ: Ես ասում եմ, որ թիվ մեկ պատասխանատվությունը և թիվ մեկ մեղավորությունը եկեք իրար հետ չխառնենք․․․», սա ապացուցում էր մեկ կարեւոր բան․ կամ Փաշինյանը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, կամ՝ ձեւացնում է, թե չի հասկանում։ Որովհետեւ քաղաքականության մեջ մտնող ցանկացած բանական ոք գիտի, որ եթե ինքը ստանձնեց իշխանություն, ապա վերջ՝ այսու պատասխանատու է լինելու ամեն ինչի համար, եւ առաջին հերթին՝ ոչ հաճելի որոշումների կայացման պատասխանատվության բեռը ստանձնելու համար։ Այդպիսին է քաղաքականությունը եւ մասնավորապես իշխանության բեռը, ինչպես ասում են՝ «тяжела шапка мономаха»։ Իհարկե, կարեւոր է, թե մինչ քո կողմից իշխանությունը ստանձնելը ինչ է եղել, ով ինչ է արել, բայց այն պահից, երբ դու ստանձնում ես իշխանությունը, դու դառնում ես թիվ մեկ պատասխանատուն որոշումների կայացման համար, հետեւաբար նաեւ թիվ մեկ մեղավորը՝ սխալ որոշումների հետեւանքով գրանցված ծանր կամ աղետալի հետևանքների համար։ Քաղաքական կանոնները չեն ենթադրում, որ իշխանություն չունեցող քո քաղաքական հակառակորդները մտնեն պատասխանատվության բեռի տակ․ նրանք դա կարող են անել հայրենասիրությունից դրդված, պետականամետությունից դրդված, հանուն ավելի վեհ արժեքների, բայց  կարող են եւ չանել այդ ամենը։ Պատերազմից հետո Փաշինյանը նաեւ հայտարարում էր․ «Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմ կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը այն սկսեց: Եթե ասեի՝ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ սկսվեր: Որևէ փուլում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր՝ երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան»․․․»։

Մի կողմ թողնենք, որ Փաշինյանն իրեն արդարացնելու համար խեղաթյուրում էր (եւ հիմա էլ խեղաթյուրում է) բանակցային գործընթացի էությունը, էականն այստեղ այս պահին այն է, որ իր քայլերը Փաշինյանը հիմնավորում է նրանով, որ կարգավորման համաձայնություն տալու դեպքում իրեն կասեին «դավաճան», այսինքն, դավաճան հռչակվելու եւ կարգավորման գնալու (Արցախը հնարավորինս փրկելու) երկընտրանքում Փաշինյանն ընտրել է իր անունը փրկելու տարբերակը։  

Ապա, ինչո՞ւ է Փաշինյանը կարողանում խուսանավել ու խեղաթյուրել իրողությունը, քանի որ իր հասցեին հենց խուսանավահարուցիչ մեղադրանքներ են հնչեցնում քաղաքական դաշտի մեծամասնության կողմից․ նրանք ասում են՝ «հողերը տվել ես», ինքն էլ հակադարձում է, թե՝ «դուք էիք հող տվողը, ես կռիվ եմ տվել հանուն հողերի»։ Վերջ։ Շրջանը փակվում է։ Այնինչ, մեղադրանքները պիտի լինեին իրականության մասին եւ ոչ թե քաղաքական շահարկումների մակարդակում, այն է՝ ստանձնելով իշխանությունը, տեսնելով բանակցային իրողությունները, աշխարհաքաղաքական իրավիճակն ու զարգացումները, ստանալով մեր ռեսուրսների մասին հստակ տեղեկություններ, այդ թվում՝ Գլխավոր շտաբի զեկույցները,

-չի կայացրել հնարավոր իրատեսական, նվազ կորուստներ ենթադրող որոշումներ,

-առարկայական բանակցությունների չի անցել՝ շատ լավ իմանալով, որ հնարավոր պատերազմի դեպքում քո երկրին չեն աջակցելու գոնե այնքան, որ թեկուզ ստատուս քվոյի ժամանակի իրավիճակը պահի եւ որ մենակ է մնալու որպես պատերազմող երկիր,

ոչինչ չի արել պատերազմը կանխելու համար։

Կարծել է, որ հեղափոխության ռեսուրսը  բավարար կլինի ստատուս քվոն քո ժամանակ եւս ձգելու համար, իսկ արդեն պատերազմի ընթացքում էլ՝ որ բավարար կլինի մարդկանց սնել ոգով եւ դրա շնորհիվ հաղթել։

Թե ինչ պետք է աներ Փաշինյանը, բազմիցս նշվել է․ իշխանության գալուց անմիջապես հետո հանրության հետ բաց խոսեր կարգավորման մասին, ներկայացներ իրականությունը, ստանար մանդատ եւ գնար կարգավորման։ Կամ, եթե այդ իրավիճակում այդ մանդատը չստանար, եւ հանրությունն ու քաղաքական դաշտը հրապարակային դեմ արտահայտվեին, հրաժարական տար եւ ասեր. «Ես ինձանից կախված ամեն ինչն արեցի. եթե ավելի լավ լուծում ունեք, եկեք եւ կարգավորեք այդ հարցը», կամ՝ անցկացներ արտահերթ ընտրություններ՝ հայցելով իրեն կարգավորման մանդատ տալ քվեարկությամբ։

Բայց այստեղ էլի գալիս ենք այն կետին, թե բա «ինձ կասեին` դավաճան»։ Ի դեպ, երբ նա ասում է` «կասեին դավաճան», նաեւ նկատի ունի այն, որ քաղաքական դաշտը իրեն չի աջակցել մեզ համար այդ կենսական հարցում եւ դեռ մի բան էլ` իրեն ամեն կերպ հանրային եղանակով մղել են սխալ լուծումների, Արցախի հարցը օգտագործել են որպես ներքաղաքական պայքարի գործիք։

Նախ, իհարկե, կար այդպիսի հանգամանք․ բայց դա, ինչպես նշեցինք, բարոյականության եւ ոչ քաղաքական դաշտից է․ այսինքն, եթե քո քաղաքական հակառակորդը պատրաստ է շահարկման առարկա դարձնել Արցախը, դա դեռ չի նշանակում, որ իշխանությունն էլ պիտի մոռանա, որ ինքը իշխանություն է եւ հակադարձի մոտավորապես այսպիսի ոճով, թե դուք հողերը տալու թեմայից կարողացաք խուսափել, ուզում եք՝ էդ բեռն ինձ վրա բարդե՞լ․ ես էլ չեմ տա, հո ձեր միջի միամիտը չեմ։

Եւ ապա, աջակցության քայլ գոնե մեկ քաղաքական գործչի կողմից նա ունեցել է, իշխանությունը ստանձնելուց շատ չանցած․ 2018 թվականի հուլիսին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է նրան, խոսել հատկապես նաեւ Արցախյան հարցի կարգավորման կարեւորությունից․ հիշեցնենք, որ նույնկերպ Տեր-Պետրոսյանը վարվեց 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելով․ եւ ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի կենսագրությունը հարուստ է դեպքերով, երբ հանուն Արցախի ինքը մի կողմ է դրել իր քաղաքական հակառակորդների հետ ունեցած տարաձայնությունները։

Եւ ո՞րն էր այդ քայլի արձագանքը․ 2018-ին՝ հանդիպումից օրեր անց Փաշինյանը նախ հայտարարեց, թե «դա շատ օգտակար զրույց էր, բայց ես ասեմ, որ ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին։ Այսինքն՝ էն, ինչ որ ինձ ինքը հայտնել է, ամեն ինչ ինձ հայտնի էր»։  Իսկ ահա պատերազմից հետո հայտարարեց, թե իբր այդ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանն իրեն ասել է «հողերն արդեն պիտի տաս»։ Մի կողմ թողնենք, որ այդ երկու մտքերը չեն համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ է ստացվում, Տեր-Պետրոսյանը իրեն ասում է` կարգավորում, ինքն ասում է՝ հողեր տալ-չտալ։ Նույն բանը, ինչ ասում են այսօր Արցախի փրկության համար փողոց դուրս եկած մարդիկ։ Փաշինյանի համար Արցախի հարցը նույն ընկալումն ունի, ինչ այդ մարդկանց  համար, նրանք նույն բառապաշարով են խոսում, նույնն են, նույն գաղափարների կրողը՝ մեզ աղետի բերած գաղափարի, ի՞նչ կապ ունեն իրենց ու իրենց գաղափարի հետ Տեր-Պետրոսյանի ասածները։ Ոչ մի։ Բայց նրանք արհեստականորեն կապում են մի պարզ պատճառով․ որ մի կողմից իրենց այդ գաղափարի հարատեւությունն ապահովեն, մյուս կողմից՝ քաղաքական սանիտարների եւ գրաքննիչների դեր ստանձնելով՝ փորձեն այս հարցում արմատախիլ անել բանական մտքի վերջին հատիկները։ Ու էլի, այս ամենը պարզ քաղաքական մանկապարտեզ կլիներ, եթե արանքում մենք աղետալի կորուստներ չունենայինք։

Իրականում, Նիկոլ Փաշինյանը անձնական փառասիրությունից եւ վախերից ու անհեռատեսությունից ելնելով՝ ոչինչ չարեց հակամարտության խաղաղ կարգավորման համար, Հայաստանին եւ Արցախին հասցրեց պատերազմի եւ արդյունքում` դաժան պարտության եւ անդառնալի կորուստների։

Մաս 2 Մաս 3

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան․ Վեց կետ առ ոչինչ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան»՝ փոխչեմպիոն, «Աթլետիկոն» ու «Սեւիլիան» ապահովեցին ՉԼ-ի ուղեգրեր (տեսանյութ)