․․․ որ սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել․․․ Մաս 2

17073

 Մաս 1

ՀՅԴ Վախենում ենք, որ մի օր Ադրբեջանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը

Անհասականալի է, թե Դաշնակցությունն ինչո՞ւ է դժգոհ Փաշինյանից։ Նա մեկին-մեկ արել է այն ամենը, ինչ տարիներ շարունակ հրապարակավ հայտարարել են դաշնակցական լիդերները։

1․ 2009 թվականին ՀՅԴ գերագույն մարմինը ԵԱՀԻ ՄԽ համանախագահ երկրներին, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղերձ էր հղել, որտեղ «հայտարարել է համայն աշխարհի հայության խորին հիասթափությունը Մինսկի խմբի համանախագահ երկրների` Հայաստանի վրա չարդարացված եւ անհիմն ճնշման կապակցությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի եւ վտանգավոր զիջումներ պարտադրելու նպատակով»: «Խաղաղության ներկա գործընթացի ամենացայտուն թերություններից մեկը Լեռնային Ղարաբաղի օրինական ընտրված ներկայացուցիչների բացառումն է այդ գործընթացից: Որպես այս հակամարտության ուղղակի կողմ` Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհ եւ տարածաշրջանային խաղաղության որոնման լիարժեք անդամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության գործընթացի բոլոր ասպեկտների լիարժեք եւ հավասար մասնակից պետք է լինի: Առանց այդ մասնակցության արդարացի եւ կայուն խաղաղություն պարզապես հնարավոր չէ: Ավելին. այսպես կոչված մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում հակամարտության բնույթին եւ պատմությանը: Նաեւ, դրանք բոլորովին հաշվի չեն առնում ԼՂՀ ժողովրդի կամքը, որոնք օրինականորեն արտահայտվել են 1991 եւ 2006 թվականների հանրաքվեներով»,- հայտարարել էին դաշնակցականները՝ համայն հայության անունից։

Սերժ Սարգսյանն իրենց չէր լսել, իսկ ահա Փաշինյանը լավ էլ լսել էր․ 2018-ին իշխանության գալուց հետո հայտարարել էր, որ ինքը չի կարող բանակցել նաեւ Արցախի անունից, եւ որ Արցախը նորից պետք է բանակցությունների իրական կողմ դառնա։

2․ 2019 թվականին ՀՅԴ առընթեր Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ սկսեց, իսկ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը Ստեփանակերտից տեսաուղերձով կոչ արեց միանալ Մադրիդյան սկզբունքները մերժելու արշավին։

Մինչ այդ՝ 2016-ին, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն էր հայտարարել, թե «անհրաժեշտ է կազմաքանդել «Մադրիդյան սկզբունքները» եւ հրապարակ բերել նոր սկզբունքներ»։

Ի՞նչ արեց Փաշինյանը․  2019 թվականի մարտին հրավիրեց ԱԽ նիստ եւ հայտարարեց

«Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»:

Սրանով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, սկսեց կազմաքանդել մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեւավորված բանակցային գործընթացը։

Ինչ վերաբերում է նոր սկզբունքներ բերելուն, ապա դա էլ արեց, 2019 թվականի դեկտեմբերին ինքն իրեն որոշեց եւ հռչակեց Արցախի հարցում նոր 6 սկզբունքներ՝ դրանք անվանելով Մյունխենյան, որի առաջին երկու կետերն այսպիսին էին․ «Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը», եւ որ «Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը»:

3․ 2019 թվականին Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ  ՀՅԴ Բյուրոյի մինչ այդ ներկայացուցիչ եղած Հրանտ Մարգարյանը հայտարարեց․ «․․․․պետք է ճիգ թափել, նաև հասկանալ, թե որտեղ է, որ Ադրբեջանը չի զիջի։ Եթե նույնիսկ Ադրբեջանը զիջի, մենք պետք է մտածենք, որ այս հակամարտությունը հավերժական է, դրան պետք է պատրաստվենք։ ․․․․Ես վախենում եմ, որ մի օր Ադրբեջանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Վախենում եմ, որ այդ օրը մենք մեր դիմադրողականությունը կկորեցնենք և ասենք, պետք է հրաժարվենք ազատագրված տարածքներից, բայց իրականության մեջ մեզ այս Արցախն է պետք։ ․․․ Արցախը նաեւ պատճառ է, որ մենք կարողանանք Գանձակը ազատագրենք, Նախիջեւանը ազատագրենք։․․․ Այս վերջերս մեկն ասել էր, որ գիտե՞ք, եթե շատ եք ուզում, ամեն ընտանիք պիտի պատաստ լինի զոհ տալ։ Դրանով ինչո՞ւ պետք է վախացնեն մեր ժողովրդին, որ պետք է զոհ տա՞ն․․»։

Դա էլ Փաշինյանը արեց, չվախեցավ զոհեր տալուց։ Իհարկե, Փաշինյանը չէր հայտարարել, թե վախենում է, որ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը․ այս հարցում Մարգարյանը մնաց «անգերազանցելի»։ Բայց մնացածն արեց, այսինքն, հասկանալով, որ կարգավորման այլընտրանքը պատերազմն է, այն էլ՝ աղետաբեր ու զոհեր պահանջող, Փաշինյանը գնաց այդ քայլին։ Այսինքն, այս հարցում էլ կրկին արեց այն, ինչ դաշնակցականներն էին ցանկանում։

Եւ վերջապես, արդեն պատերազմի ընթացքում։

Օրեր առաջ դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում կարդաց մինչ այդ Ֆրանսիայի հրապարակում իրենց կողմից ընդունված՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, որտեղ նաեւ այսպիսի ձեւակերպում կար․ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը՝ բերել է պատերազմ և պարտություն։ Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը և խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա․․․»։ Ո՞նց ասենք, որ ճիշտ լինի․ հարգելի պարոն Ռուստամյան, այս մեղադրանքը մեր նման հազարավոր մարդիկ կարող են ներկայացնել Փաշինյանին, սա մեր լեգիտիմ մեղադրանքն է, բայց դուք նման մեղադրանք հնչեցնել չեք կարող, եւ ահա թե ինչու։

Նախ, պատերազմի ավարտից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե անգամ տեղի ունեցածից հետո պնդում է, որ եթե իրենք իշխանության լինեին՝ «Լավրովյան պլանն իհարկե մերժելու էինք»։ Փաշինյանն էլ մերժեց, ու դա էլի դուք՝ ընդդիմադիրներդ եք պնդում, երբ ասում եք, որ նա տորպեդահարել է կարգավորման գործընթացը՝ մերժելով բանակցային փաստաթուղթը։ Իսկ այդ փաստաթուղթը հենց այն էր, ինչ դուք անվում ենք Լավրովյան պլան (կամ դրա նորացված տարբերակը), եւ ինչը դուք մերժելու էիք, եթե իշխանության լինեիք։

Եւ վերջապես․  երբ մեղադրում եք, որ կարող էր կանգնեցնել պատերազմը եւ խուսափել զոհերից, բայց չի արել․ դա եւս մեր լեգիտիմ մեղադրանքը կարող է լինել, բայց ոչ ձեր։ Եւ ահա թե ինչու․

2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը հերթական հանդիումն է ունեցել քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու պատերազմի ընթացքը։ Դրա հենց հաջորդ օրը ձեր ղեկավար Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հետեւյալ ուղերձով․

«Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ: Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ: Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել: Մենք պետք է հաղթենք. սա մեր պետության գոյության հարցն է: Մենք այս ժամանակահատվածում, այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց սա պետք է հաղթահարենք: Մենք մեր պատմության ընթացքում, հենց նաև արցախյան ազատամարտում շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել, և միասնաբար, թև-թիկունք տված հաղթահարել ենք, որովհետև սա է ճանապարհը: Մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք ռազմաճակատում և գնանք դեպի հաղթանակի: Այլ տարբերակ պարզապես չկա»։

Փաշինյանն էլ է նույնը արել պատերազմի ժամանակ, ասել է, «Ադրբեջանի առաջ քաշած  պահանջի էությունը հետեւյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց։ ․․․Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում», «Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլացիան, համաձայն չէ: Հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Առանց Արցախի չկա Հայաստան», «․․․մենք բոլորս պետք է կանգնենք: Դո՛ւ ես հենց այն մարդը, որ այսօր պետք է զենք վերցնի ու գնա մեր հերոս տղերքի կողքը կանգնի ու տանի այդ հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը», «․․․ամբողջ հայությունն անմնացորդ է կռվելու։ Ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար»։

Եւ ուրեմն, հարգելի դաշնակցականներ, այդ ի՞նչ չի արել Փաշինյանը, որ դեռ դժգոհ եք, եթե մեկին-մեկ կյանքի է կոչել ձեր բոլոր կոչերն ու հորդորները։

Ռոբերտ Քոչարյան Լավրովյան պլանի մասին պետք էր հիշել ավելի վաղ

Պատերազմից հետո՝ 2020 դեկտեմբերի 4-ին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց․ «Պատերազմը պետք է կանգնեցվեր 4-րդ օրը՝ Գլխավոր շտաբի զեկույցը ստանալուց հետո պիտի ընդուներ Լավրովի պլանը եւ կանգնեցներ պատերազմը»:

Ամեն բան ավելի քան ճիշտ է։ Բայց հարցը այն է, որ  այդ ամենի մասին պետք էր հիշել եւ խոսել ոչ թե պատուհասած աղետից հետո, այլ՝ առաջ եւ հրապարակավ։ Պետք էր 2018-ից անդադար ստիպել, հուշել, կոչ անել, հորդորել Փաշինյանին, հանգիստ ու դադար չտալ հասկացնելու համար, որ կարգավորումն անհրաժեշտ է, միաժամանակ էլ սեփական կողմնակիցներին եւ քարոզչամիջոցներին նման «հրահանգ» կամ հորդոր հասցնել։ Իսկ ինչ ունեինք մենք իրականում․ 2018 թվականի մայիսից սկսյալ բացեք Ռոբերտ Քոչարյանին աջակցող ցանկացած լրատվամիջոց, կարդացեք նրա եւ նրա աջակիցների հարցազրույցները, մեկնաբանությունները, եւ գտեք գեթ մեկ տող, որտեղ նրանք կոչ են անում Փաշինյանին ընդունել Լավրովյան պլանը, գնալ կարգավորման եւ մարդկանց էլ բացատրում են կարգավորման էությունն ու անհրաժեշտությունը։ Չեք գտնի, փոխարենը կգտնեք «հողերն ուզում է տա» ոճի հազարավոր հայտարարություններ։ Նույնն էլ պատերազմի ժամանակ, կա՞ հրապարակային կոչ՝ անել այն, ինչի մասին Ռոբերտ Քոչարյանը խոսում է արդեն պատերազմից հետո։ Չկա։ Կա պատերազմի առաջին օրը արված հայտարարություն, որտեղ նա ասում է, որ «Վստահ եմ` հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել», բայց ոչ մի խոսք կարգավորման մասին։

Հիշեցնենք, որ միակ հրապարակային խոսքը՝ սեպտեմբերի 29-ին, երբ դեռ ամբողջ հանրությունը հաղթական էյֆորիայի մեջ էր, արեց միայն ՀՀ Առաջին նախագահը՝ հայտարարելով

«Հայկական կողմի համար պահի հրամայականը`

ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է,

բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»։

Ընդ որում, կարգավորման գնալու անհրաժեշտության մասին Տեր-Պետրոսյանը հրապարակավ ահազանգել է տարիներ շարունակ՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին։

Կասեք՝ ի՞նչ կարիք կար, որ Ռոբերտ Քոչարյանը հանրային տեսակետ հայտներ։ Շատ պարզ պատճառով, որպեսզի հանրության մեջ զսպվեին մաքսիմալիստական, կարգավորման հարցը հող տալ-չտալու տեսանկյունից ընկալումներն ու միֆերը, հետեւաբար նաեւ թեթեւացվեր հանրային արձագանքի ու հակազդեցության հնարավոր ծանրությունը։ Հատկապես, որ նման միֆերը կարող են չեզոքացվել միայն նրանց կողմից, ովքեր ծնել ու սնել են դրանք։ Բայց չի արվել, եւ այդտեղից կարող ենք մի եզրակացություն անել, որ չի արվել դիտավորությամբ․ մեկ, որ հանրային ընկալումներում փոփոխություններ չլինեն, եւ հետեւաբար նաեւ քաղաքականապես բոբիկ իշխանությունը շարունակի վախենալ գնալ կարգավորման եւ իռացիոնալության անկյուն մղվի, եւ ապա՝ հետագայում այդ հարցը ներքաղաքական պայքարի գործիք դարձնելու դիտավորությամբ։ Այն, ինչ արվում է հիմա։

Մի հանգամանք էլ, ընդհանրապես հասկանալի չէ, թե արցախյան կարգավորման հարցում ինչպես են հակադիր կարծիք ունեցող Ռոբերտ Քոչարյան ու ՀՅԴ-ն համագործակցում այդ հարցում։ Մադրիդյան սկզբունքները ընդունվել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության կողմից՝ 2007 թվականին, Քոչարյանն այդ սկզբունքները, բնականաբար, լավն է համարում։ ՀՅԴ-ն տարիներ շարունակ հայտարարում է, թե դեմ է այդ սկզբունքներին, բայց չգիտես ինչու այդ սկզբունքների չեղարկումը պահանջում էր Փաշինյանից, իսկ սկզբունքների հեղինակի հետ խնդիր չկա։ Մեկ էլ՝ ակնհայտ տարբերություն էլ կա Արցախյան մասնակցության վերաբերյալ։ Եթե Դաշնակցությունը անընդհատ պնդում էր ամեն ձեւ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը, Քոչարյանը Փաշինյանի հայտարարությունը որակում էր որպես Արցախին մենակ թողնելու, կամ պատասխանատվությունը Արցախի վրա բարդելու ցանկություն։ Ընդհանրապես, սա միակ դեպքը չէր, երբ Քոչարյանը բանակցային ֆորմատի պարագայում Հայաստանի՝ մեկ բանակցողի ֆոմատի կողմից էր հանդես գալիս՝ դա ներկայացնելով որպես առավելություն եւ Արցախի վրա պատասխանատվություն չբարդելու քաղաքականություն։ Հետեւաբար, անհասկանալի են առանցքային այս հարցերում եղած տարաձայնությունները ու  համագործակցությունը՝ ասես՝ ոչ մի տարաձայնություն էլ չկա։

Մաս 3

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըՄենք ձեր նշաձողին ղուրբան․ ՉԻ
Հաջորդ հոդվածըMarca. «Ռեալը» պայմանագիր է կնքել Մբապեի հետ