’10 ամենաթանկ փողոցները’

3021

Հիանալի տեսարան, հետաքրքիր, առանձնահատուկ մթնոլորտ և, իհարկե, մոտ ճանապարհ՝ դեպի ռեստորաններ և խանութներ: Սրանք այն հատկանիշներն են, որոնք իրար են կապում աշխարհի ամենաթանկ փողոցները, որոնց ցանկը հրապարակել է businessinsider.com կայքը:

 

 

 

 

 

10. Փարիզ, Ավենյու Մոնտել, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝26. 000 $

Ելիսեյան դաշտերի մոտ գտնվող այս փողոցը համարվում է համաշխարհային նորաձևության կենտրոնական փողոցներից մեկը: Գարրի Ուիլսոն, Սալվատորե Ֆերագամո և Քրիստիան Դիոր՝ նրանք բոլորը այստեղ գնել են բնակարան, իսկ նախկինում այստեղ է բնակվել Մառլեն Դիտրիխը: Բացի այդ՝ այստեղ է գտնվում նաև Ֆրանսիայում Կանադայի դեսպանատունը:

9. Նյու-Յորք, 5-րդ Ավենյու, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 28. 000 $

5-րդ Ավենյուն, հատկապես կենտրոնական զբոսայգու մոտ գտնվող բնակարանները, վաղուց արդեն համարվում են աստղերի և մեծահարուստների սիրած բնակատեղին: Այստեղ են գտնվում ԱՄՆ-ում հայտնի բազմաթիվ դիզայներական բուտիկներ և, իհարկե, «Էմփայր Սթեյթ Բիլդինգը» ու «Ռոքֆելլեր կենտրոնը»: Ներկայումս այստեղ է բնակվում նաև Բիլ Մյուրեյը («Արջամկան օրը», «Թարգմանության դժվարությունները»):

8. Մոսկվա, Օստաժենկա, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 29. 000 $

Օստաժենկան համարվում է ոչ միայն Մոսկվայի, այլև ամբողջ Ռուսաստանի կենտրոնական փողոցը, որը բավարարում է բարձրաշխարհիկ կյանքի բոլոր պահանջները: 2000-ականներին Օստաժենկայի բնակարաններից մեկը վաճառվել է Մոսկվայի համար ռեկորդյաին՝ 48 մլն $-ով:

7. Սարդինիա, Ռոմազինիո Հիլլ, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 32. 900 $

Ռոմազինիո Հիլլը համարվում է միլիարդատերերի սիրած բնակավայր դեռևս սկսած 60-ականներից: Այստեղ բնակարաններ ունեն ռուս օլիգարխ Ալեքսեյ Մորդաշովը և Քաթարի արքայական ընտանիքը: 2012-ին իտալացի արդյունաբերող Կարլո դե Բենեդետտին իր Վիլլան՝ «Ռոկի Ռեմը» վաճառեց 148 մլն $-ով:

6. Ժնև, Շեմեն դե Ռութ, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 37. 000 $

Շեմեն դե Ռութում կան բազմաթիվ շքեղ առանձնատներ, որոնք 2008-ից 2010 թթ. վաճառվում էին 13 մլն $-ից ոչ պակաս գնով: Հայտնիներից այստեղ է բնակվում նախկին ֆրանսիացի թենիսիստ Անրի Լեկոն:

5. Սինգապուր, Պատերսոն Հիլլ, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 42. 500 $

Պատերսոն Հիլլը համարվում է հանգիստ բնակելի փակուղի, որը հայտնի է իր դիզայներական խանութներով ու ռեստորաններով և երեք աստղանի հյուրանոցներով: Ամենաթանկ բնակելի համալիրը փողոցում «Մարկա»-ն է՝ բաղկացած երկու 24 հարկանի շենքերից:

4. Կապ-Ֆերրա, Բուլվար դու Ժեներալ դը Գոլ, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 79. 000 $

Միջերկրական ծովի, Լազուրյան ափի երկայնքով տեղակայված Բուլվար դու Ժեներալ դը Գոլ փողոցը գտնվում է Կապ-Ֆերրա թերակղզու վրա և համարվում է քաղաքային միջավայրից դուրս գտնվող ամենաթանկ բնակավայրը: Մասնավորապես՝ այս փողոցում են գտնվում մի շարք առանձնատներ, որոնք ունեն ելք դեպի ափ:

3. Մոնակո, Գրեյս արքայադստեր Ավենյու, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 86. 000 $

Մոնակո են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ հատկապես մայիս ամսին, երբ այստեղ տեղի է ունենում Ֆորմուլա 1-ի ավտոարշավը, բայց կան նաև մարդիկ, ովքեր այնտեղ են բնակվում: Գրեյս արքայադստեր Ավենյուն տեղակայված է ափի երկայնքով և համարվում է Մոնակոյի ամենայուրահատուկ փողոցը: Ներկայումս այստեղ է կառուցվում «Օդեոն» աշտարակը, որը կդառնա Մոնակոյի ամենաբարձր կառույցը:

2. Լոնդոն, Քենսինգթոն Պելաս Գարդեն, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 107. 000 $

Այս խաղաղ փողոցի ամենահայտնի բնակիչները արքայազն Ուիլյամսն ու նրա կինն են: Այստեղ են գտնվում նաև մի քանի դեսպանատներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ճապոնիայի:

1. Հոնկոնգ, Pollock’s Path, բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը՝ 102. 000 $

Լեռան վրա տեղակայված Pollock’s Path-ը միշտ համարվել է Հոնկոնգի հարուստների փողոցը: Աշխարհի ամենաթանկ փողոցն ունի հրաշալի տեսարան դեպի քաղաք և դեպի նավահանգիստ: Sky High համալիրում բնակարանները վաճառվում են 103 մլն $-ով:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի նախագահն Իրանին առաջարկում է հրաժարվել միջուկային ծրագրից’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունը պատասխան է տվել Յանուկովիչի պահանջներին’