‘
Ձեզ ենք ներկայացնում այն 10 թիմերի ցանկը, որոնք ամենաշատն են գումար ծախսել նոր խաղացողներ գնելու համար: Ցուցակը կազմելիս հաշվի չի առնվել թիմերի ակումբների խաղացողների վաճառքը, խոսքը վերաբերում է միայն ծախսված գումարներին:
10. «Բարսելոնա»՝ 57 մլն €
Կատալոնցիների միակ ձեռքբերումն այս ամռանը դարձավ Նեյմարը: Բրազիլացի խաղացողի համար Բարսան «Սանտոսին» վճարեց 57 մլն €, որի մեծ մասը՝ 40 մլն €, ըստ բրազիլական լրատվամիջոցների՝ Ռոսելը դրեց Նեյմարի հոր գրպանը: Նոր պաշտպանի մասին Բարսան կմտածի արդեն հունվարին, իսկ մինչ այդ առաջին թիմի կազմում կարող ենք ավելի հաճախ տեսնել կամերունցիներ Դոնգույին և Բանյակին:
9. Դոնեցկի «Շախտյոր»՝ 67 մլն €
Ռինատ Ախմետովը ցանկանում է եվրոպական մակարդակի մրցունակ թիմ ունենալ՝ անկախ հերթական անգամ առաջատարների՝ Ֆերնանդինյոյի և Մխիթարյանի վաճառքից: «Հանքափորների» գլխավոր ձեռքբերումը 25 մլն €-ով դարձավ «Լիբերտադորեսի գավաթի» հաղթող Բերնարդը, ով Ռոնալդինյոյի հետ համարվում էր «Ատլետիկո Մինեյրոյի» առաջատարը: Բացի Բերնարդից՝ թիմը համալրեցին ևս երեք հարավամերիկացիներ՝ Վելինգտոն Նեմը, Ֆրեդը՝ ո՛չ Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողը, և Ֆակունդո Ֆերեյրան:
8. Մոսկվայի «Դինամո»՝ 68 մլն €
Ռուսական «Պրեմիեր լիգայի» կողմից մեծ գումարներ ծախսելն արդեն սովորական երևույթ է դարձել, բայց «Դինամոյի»՝ նման ակտիվությունը պայմանավորված էր «Անժիի» նոր պլաններով, որի նախագահ Սուլեյման Քերիմովը որոշեց վաճառել թիմի աստղերին, իսկ «Դինամոն» որոշեց գնել «Անժիի» միանգամից երեք խաղացողների՝ Կոկորինին, Դենիսովին և Ժիրկովին:
7. «Չելսի»՝ 78 մլն €
Ժոզե Մոուրնյոն «Պորտուից» հետո իր մնացած բոլոր թիմերում սովոր է ստանալ այն խաղացողներին, ում ցանկանում է տեսնել իր տրամադրության տակ: Այսպես էր իր՝ Լոնդոն առաջին այցելության ժամանակ, այդպես էր նաև Մորատիի և Ֆլորենտինոյի մոտ: «Յուրահատուկը», «Չելսի» վերադառնալով, շատ լավ հասկանում էր, որ Աբրամովիչը շատ ավելի «ժլատ» է դարձել տրանսֆերների հարցում, բայց նրան, միևնույն է, հաջողվեց ռուս գործարարին համոզել և 4 նշանակալից ձեռբերում կատարել: Վիլիանն ու Էտո՛օն նորից միավորվեցին «Անժիից» հետո, բացի դա՝ «Չելսին» գնեց Շյուրլեին և Վան Գինկելին:
6. «Նապոլի»՝ 87 մլն €
Եթե չլիներ Կավանիի վաճառքը, հնարավոր է՝ մենք դեռևս մի քանի տարի նմանատիպ ցուցակներում իտալական որևէ թիմի չտեսնեինք: «Յուվենտուսը» շատ երկար է մտածում և ընդամենը 9 մլն € է ծախսում Տևես և Լյորենտե ձեռք բերելու համար, իսկ Միլանյան գրանդները արդեն գրանդ չեն: Ուրուգվայցու տրանսֆերից ստացած գումարով «Նապոլին», Բենիտեսի ցանկությամբ, իսպանականացվեց: Իգուաին, Ալբիոլ, Ռեյնա, Կալյեխոն և Մերտենս՝ ընդհանուր 87 մլն €, եթե խաղացողները Բենիտեսին շուտ հասկանան, Ռաֆան ամեն ինչ կանի, որպեսզի կրկնի ՉԼ-ում «Լիվերպուլի» հաջողությունը, որքան էլ դա այս պահին ֆանտաստիկա է թվում:
5. ՊՍԺ՝ 111 մլն €
Ալ Խելաֆիի համար շատ կարևոր էր Անչելոտիի և Լեոնարդոյի՝ թիմը լքելուց հետո շարունակել նոր աստղեր գնելը: Կավանիից բացի, ով արժեցավ 65 մլն €, ՊՍԺ-ն ձեռք բերեց նաև Մարկինյոսին «Ռոմայից»՝ 3 մլն €-ով և 15 մլն €-ով՝ Լուկաս Դինեյին «Լիլից»:
4. «Մանչեստեր Սիթի»՝ 116 մլն €
Շեյխ Մանսորի թիմը վերջապես գլխավորում է հզոր մասնագետ, ով գիտի, թե ինչ է ցանկանում, բայց ինչը, հնարավոր է, է՛լ ավելի կարևոր է՝ «Սիթին» ունի Բեգիրիստայն-Սորիանո զույգ, ովքեր հաջողությամբ աշխատել են «Բարսելոնայում»՝ կատարել են մի շարք փայլուն գործարքներ, դրա հետ մեկտեղ՝ շտկելով նաև կատալոնցիների ֆինանսական վիճակը: Ֆերնանդինյո, Նավաս, Նեգրեդե, Յովետիչ՝ սրանք այն խաղացողներն են, ում ցանկացավ իր կազմում տեսնել Պելլեգրինին, որոնց համար ակումբի սեփականատերերը վճարեցին 116 մլն €: Թվում է, որ այս անգամ Պելլեգրինիի հետ թիմը վերջապես կկարողանա հաղթահարել ՉԼ-ի խմբային փուլը:
3. «Տոտենհեմ»՝ 122 մլն €
Դանիել Լևին այս 3 ամիսների ընթացքում բոլորին ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչ բարձրակարգ բիզնեսմեն է նա համարվում: Լևիին հաջողվեց մինչև տրանսֆերային պատուհանի վերջին օրը երկարացնել «Գարեթ Բեյլը Մադրիդում» «նովելը», որից ստացվելիք գումարը նա արդեն իսկ ծախսել էր՝ փայլուն կերպով հզորացնելով թիմի կազմը: «Տոտենհեմը» ընդհանրապես երևի թե դարձավ այն թիմը, որն ամենաշատ բարձրակարգ խաղացողներով համալրվեց՝ Սոլդադո, Պաուլինյո, Լամելա, Էրիկսեն, Կապու և Շեդլի, նրանցից շատերին իրենց կազմում «Պրեմիեր լիգայի» առաջատարներն անգամ կերազեին տեսնել:
2. «Մոնակո»՝ 166 մլն €
Հերթական «ՉելսիՍիթիՊՍԺ-ն», որը առաջնահերթ ցանկանում էր գնել Ֆալկաոյին, ում ձեռք բերելուց հետո արդեն շատերը կցանկանային խաղալ Ֆրանսիայի առաջնությունում: Իհարկե, օրինակ՝ «Պորտոն», ճիշտ գնահատելով Ռիբոլովլևի ախորժակը, Խամես Ռոդրիգեսի և Մոուտինյոյի վաճառքից նույնիսկ ավելին ստացավ, քան նրանք իրականում արժեին: Բացի դրանից՝ թիմը գնեց Կոնդոգբիային և Թուլալանին, իսկ Կարվալյոյին և Աբիդալին ստացավ առանց որևէ € ծախսելու:
Վատ է միայն այն, որ «Մոնակոյին», հնարավոր է՝ ընդգրկեն Ֆրանսիայի մնացած բոլորի թիմերի հետ նույն հարկային համակարգի մեջ, ինչը Ռիբոլովլևին կստիպի վերանայել այս նախագծի անհաժեշտությունը, և արդեն իսկ այս հունվարին շատերը կարող են նոր թիմ ունենալ:
1.«Ռեալ Մադրիդ»՝ 183 մլն €
Իսկ ո՞ր թիմը պետք լիներ առաջին հորիզոնականում, եթե ոչ «սերուցքայինները»: Ֆլորենտինոյի համար 10-րդ ՉԼ գավաթը դարձել է ամենասևեռուն միտքը, հատկապես՝ որ այն չստացվեց նվաճել Մոուրինյոյի օրոք: Զիդանի ներգրավումը նոր նախագծին թույլ տվեց, որպեսզի թիմը համալրեն երիտասարդ տաղանդներ Իսկոն, Կարվախալը և Իյարամենդին: Բայց Պերեսը, միևնույն է, ցանկանում էր նոր «գալակտիկոսի», այդ իսկ պատճառով 101 մլն € տրամադրեց՝ Բեյլին գնելու համար: Որի վերաբերյալ «Տատա» Մարտինոն ասաց այն, ինչ բոլորս ենք մտածում. «Որևէ խաղացողի համար նման գումար վճարելը, առաջին հերթին, հարգանքի բացակայություն է այն աշխարհի հանդեպ, որում մենք ենք ապրում»:
Հ.Գ. Ամեն դեպքում՝ արժե, որ Աբրամովիչին, Շեյխ Մանսուրին, Ալ Խելաֆիին, Ռիբոլովլևին և հատկապես Ֆլորենտինոյին որևէ մեկը հիշեցնի, որ ֆուտբոլում ոչ բոլոր հաղթանակներն են փողով գնվում, և դա ապացուցելու համար պարզապես ցույց տա այն վիճակագրությունը, ըստ որի՝ XXI դարում «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդից» 528 մլն € ավելի քիչ գումար ծախսելով, նվաճել է 21 տիտղոս՝ մադրիդցիների 13-ի դիմաց, այդ թվում ՉԼ-ի 3 և Աշխարհի ակումբային առաջնության 2 գավաթ:
‘