’10 խորհուրդ ուկրաինացի ժողովրդին՝ յիմաստնաց Հայոց Մեծաց եւ որք ի սփիւռս աշխարհի’

1575

Այս տեքստը երբեք չի գրվի, իսկ եթե գրվի, ապա չի դրվի այն ԶԼՄ-ներում, որտեղից փոխառած կաղապարն օգտագործել ենք նյութը շարադրելիս: Բայց շատ ճիշտ ու տեղին կլիներ, որ գրվեր ու դրվեր: Ուստիեւ, լրացնելով այդ ցավալի բացը՝ ձեզ ենք ներկայացնում մեծն հայոց հեղափոխական-վերլուծական-փորձագիտական մտքի խորհուրդները ուկրաինական ընդդիմությանը, որոնք պետք է գրվեին, բայց չգրվեցին:

Զգուշացնում ենք. որքան էլ, առաջին հայացքից, զարմանալի թվան այստեղ շարադրված կետերի մի մասը կամ նույնիսկ՝ դրանց ամբողջությունը, դրանցում չկա ոչ մի չափազանցություն՝ բոլորն ունեն գրեթե բառացի հիմնավորումներ հայաստանյան «ընդդիմադիր», «վճռահեղափոխական», «փորձավերլուծական», «տիտանագործիչական» վերջին մեկ-երկու տարվա հրապարակային խոսքում:

Եվ այսպես, հայոց միտքը ուկրաինական ժողովրդին է հղում հետեւյալ հոգեխրատ ուղերձները:

1. Սիրելի ուրկրաինացի ժողովո՛ւրդ, գիտցած եղիր, որ հանրահավաքների ժամանակն անցել է: Մի՛ հարցրու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞րտեղ, ե՞րբ: Դրանք սին հարցեր են, որոնք քեզ լավ տեղ չեն բերի: «Հավատա ծարավին»՝ կրկնիր մոգական ձեւակերպումը, եւ արեւի մեղմիկ լույսը կշոյի քո պայծառ գլխիկը:

2. Կենտրոնացված, ավանդական քաղաքական պայքարը հնացել է: Ուստի մտածիր պայքարի նոր, կրեատիվ, ապակենտրոնացված, ցանցային ձեւերի մասին: Դո՛ւրս արի Հրապարակից եւ գնա, օրինակ….մարզեր: Այնտեղ կարող ես պահանջել մարզպետների, քաղաքապետների հրաժարականը (սա կարդալիս խեղճ Րաֆֆիին վատ խոսքով չհիշեք, ինքն ընդամենը կատարում էր այն, ինչ ձեւակերպում էին «տիտանները»):

3. Արտաքին քաղաքականությունը տապալած իշխանության եւ նրա ղեկավարի հրաժարականի պահանջը՝ ա. վաղաժամ է, բ. հնաոճ է, գ. գռեհիկ է, դ. ռուսամետ է (ընտրել տարբերակներից մեկն՝ ըստ ճաշակի, կամ էլ՝ բոլորը միասին): Եթե չորրորդ (դ) կետը քեզ զարմացնում է, ապա գիտցած եղիր, որ զարմանալու բան այստեղ չկա: Մեզ մոտ էլ կան ուժեր, որոնք պահանջում են նախագահի հրաժարականը, դրա պատճառն, ինչպես վերջերս հայտնաբերել են բրիտանահայ գիտնականները, պահանջողների ռուսամետ լինելն է: Պետք է պահանջել ոչ թե հրաժարական, այլ պաշտոնանկություն, բայց ոչ թե այդպես համարողն ինքը պետք է պահանջի, այլ նա պետք է պահանջի, որպեսզի պահանջողնե՛րը պահանջեն՝ ա՛յ դա արդեն լրիվ ճիշտ «հակառուսական» տարբերակ է:

4. Իրականացրո՛ւ ուկրաինական քաղաքացու երազանքը՝ ջարդելով բոլոր տաբուները, երթով շարժվիր դեպի նախագահական նստավայր, իսկ հետո ցրվիր տներով: Կարեւորը, որ ջարդվեն տաբուները:

5. Մի՛ ելիր պայքարի, եթե չունես հաջողության երաշխիք: Պահանջի՛ր պայքարի կոչ անողներից այդպիսի երաշխիքներ, եւ թող դրանք տրվեն քեզ: Այս աշխարհում բոլոր պայքարի ելնողները միշտ նախապես ունեցել են հաջողության երաշխիքներ, որովհետեւ չի կարելի ժողովրդին տանել պարտության:

6. Լսել ենք նաեւ, որ ձեր իշխանության մեջ կան ուժեր, որոնք պատրաստ են այս կամ այն կերպ պոկվել իշխանությունից՝ չեզոքություն պահպանել կամ նույնիսկ բացահայտ միանալ պայքարին՝ իքս պահից: Ոչ մի դեպքում գործ չունենա՛ս դրանց հետ, որովհետեւ նրանք իշխանության հարազատ մասն են, ուրեմն՝ թող այդպիսին էլ մնան միշտ, որպեսզի հակառակորդի ճամբարը ոչ մի դեպքում չպառակտվի կամ պառակտման նշաննե՛ր իսկ չտա: Այս կետին հատկապես ուշադիր հետամուտ եղիր: Եվ սաղմի մեջ ջարդի՛ր իշխանական ճամբարի պառակտման բոլոր փորձերը: Մի անգամ իշխանություն եղածը պետք է հավերժ մնա այդպիսին: Սա շատ արդյունավետ եւ, մանավանդ, պայքարի հաջողությունը երաշխավորող ձեւ է:

7. Եղի՛ր վճռական: Կոչ արա բռնի գործողությունների, զինված ապստամբության, բարիկադների, մանավանդ՝ տանը համակարգչի մոտ նստած ժամանակ, ու բոլոր նման գործողությունների դիմողներին վճռականորեն պաշտպանիր ֆեյսբուքում գրելով ու լայքելով:

8. Ստեղծիր նոր՝ երրորդ ուժ՝ տարին մեկ անգամ, կամ պահանջիր այդպիսի ուժի ստեղծումը: Ամեն նոր ուժ ստեղծելուց որոշ ժամանակ անց պահանջիր կամ ստեղծիր եւս մեկ նոր ուժ, եւ այդպես շարունակ: Դա պայքարի ամենավճռական ձեւերից մեկն է: Այն առավել արդյունավետ է դառնում, երբ նոր ուժը ոչ թե ստեղծում ես, այլ պարբերաբար հայտարարում ես դրա ստեղծման մասին:

9. Մի՛ անտեսիր նաեւ նոր գաղափարախոսություն ստեղծելու պահանջը: Չէ՞ որ քո երկիրը հենց այնպիսի վիճակում է գտնվում, եւ այնպիսի հզոր մտավոր ներուժ ունի, որ ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է տարին մեկ ստեղծել նոր՝ աշխարհում դեռ չտեսնված գաղափարախոսություն:

10. Եվ վերջապես, հիշի՛ր, որքան ավելի շատ խոսես հայրենասիրության մասին՝ այնքան ավելի հայրենասեր ես, որքան ավելի շատ խոսես վճռականության մասին՝ այնքան ավելի վճռական ես, որքան ավելի՛ խոսես հեղափոխության մասին՝ այնքան ավելի հեղափոխական ես, որքան ավելի շատ խոսես սկզբունքայնության մասին՝ այնքան ավելի սկզբունքային ես:

Ընձուղ Ճղբացի

«Սպանդարատպերոժ եւ Ովտիբաղա» գենոպոետիկ ներմուծությունների կենտրոն, բրիտանահայ գիտական համայնքի աջակցությամբ

Նախորդ հոդվածը‘ՏԿՆ. Դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘«Էդ ե՞րբ ենք սուտ խոսել». ՀՀԿ-ական պատգամավորի հարցը ծիծաղ առաջացրեց ՀՀԿ-ականների շրջանում ‘