’10 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Առուշանյանի դատավճիռը Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ‘

976

5 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի դատավճիռը վերաքննիչ դատարանը այսօր անփոփոխ է թողել: Այս մասին shamshyan.com-ին հայտնել են Ա. Առուշանյանի հարազատները:

Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ա. Առուշանյանի ընտանիքի անդամները Բաղրամյան 26-ի դիմաց անժամկետ հացադուլ էին հայտարարել, իսկ Աշոտ Առուշանյանը 10 օրից ավելի է, ինչ հացադուլի մեջ է քրեակատարողական հիմնարկում:

Առուշանյանների ընտանիքը դադարեցրել է հացադուլը այն բանից հետո, երբ նախագահականի վերահսկողական ծառայությունից ասել են, որ արդար դատավճիռ կլինի Վերաքննիչում:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը և Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին և այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել և հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Գնաճը՝ որպես իշխանափոխության «մեխանիկա»’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապն սկսել է իր այցը Թուրքիա’