‘«100 աստիճան» նախաձեռնության հայտարարությունը Մարց գյուղի դեպքերի կապակցությամբ’

901

Ի պատասխան «Մարց Էներջի» ՍՊԸ-ի պաշտոնական հաղորդագրության   

Ս.թ. նոյեմբերի 17-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ այցելել էին Մարց գյուղ: Այցի նպատակն էր սատարել Մարցիգետի վրա ապօրինաբար կառուցվող հերթական ՀԷԿ-ին դեմ արտահայտվող գյուղացիներին, ինչպես նաև արտահայտել սեփական դիրքորոշումը ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ:

19.11.2013-ին  «Մարց Էներջի» ՍՊԸ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի մեջ ուշագրավ են հետևյալ երեք հատվածները՝

1. Սույն թվականի նոյեմբերի 17-ին որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ հերթական անգամ փորձել են խոչընդոտներ ստեղծել «Մարց Էներջի» ընկերության Մարցիգետ ՓՀԷԿ1-ի կառուցման աշխատանքները և իրենց գործողություններով, ինչպես Մարց գյուղում, այնպես էլ հետագայում Երևան-Թբիլիսի ճանապարհի վրա (ճանապարհը փակելու միջոցով), էական վնաս են հասցրել գործարար աշխարհում ընկերության բարի համբավին։ Ավելին՝ նշված անձիք ներկայացրել են, թե ընկերությունը «ահաբեկել է» Մարց գյուղի բնակչությանը:

2. Դիտարկելով համացանցում առկա տեսագրությունները` կարելի է հստակ նկատել, որ բողոքի ակցիա իրականացնողները ոչ թե գյուղի բնակիչներն են, այլ այդտեղ ավտոբուսով ժամանած, բոլորին քաջ ծանոթ շուրջ 50 «ակտիվիստները»:

3. Ընկերությունը հաստատակամ է իր իրավունքների ներկայացման և պաշտպանության հարցում և կիրառելու է ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի բոլոր գործիքները՝ ոչ այնքան էլ հասկանալի ֆինանսական միջոցների հաշվին գործողություն ծավալող անձանց՝ սեփական գովազդը այս եղանակով իրականացնելու հետագա փորձերը իրավական դաշտում պատասխանատվության հարթություն տեղափոխելու համար:

Նախ՝ տեքստից պարզ է դառնում, որ «Մարց Էներջի» ընկերության աշխատակիցները ունակ չեն քաղաքացիական նախաձեռնություն կոչվածը տարբերել հասարակական կազմակերպություն կոչվածից: «Մարց Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը հանրությանն արդեն հայտնի է որպես «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն, որը շահագործում է  Չիչխան գետի վրա գործող փոքր ՀԷԿ-ը, ինչի արդյունքում գետը հայտնվել է աղետալի վիճակում, այնպես որ գործարար աշխարհում նրա համբավը վաղուց արդեն, մեղմ ասած, բարի չէ: Ինչ վերաբերում է գյուղացիներին ահաբեկելու մասին հայտարարություններին, ապա այդ մասին առաջինը բարձրաձայնել են հենց Մարցի բնակիչները և լրագրողները:  

Հետո՝ բնավ անհրաժեշտ չէր դիտել համացանցում առկա տեսագրությունները՝ իմանալու համար, որ ակցիան կազմակերպվել էր «100 աստիճան» քաղաքացիական նախաձեռնության կողմից, և մասնակիցները ժամանել էին ավտոբուսով: Հանրահայտ փաստերը որպես նենգափոխված իրականության բացահայտում ներկայացնելը, կարծես թե, այդքան էլ պատվաբեր չէ իր բարի համբավի մասին մտահոգվող ընկերության համար: Ավելին՝ երբ հերթական անգամ, առանց որևէ փաստի, հրապարակայնորեն կասկածի տակ են առնվում ակցիայի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ավելի քան ակնհայտ է դառնում ակցիայի մասնակիցներին վարկաբեկելու էժանագին մեթոդի կիրառումը: Հիշեցնենք, որ այցելությունը կազմակերպվել էր մասնակիցների սեփական միջոցներով, ինչի մասին կարող էր իմանալ ցանկացած անձ, ով կմասնակցեր ակցիային: Այնպես որ, եթե «Մարց Էներջի» ՍՊԸ-ում «կասկածելի» ֆինանսական հոսքերի մասին փաստերի են տիրապետում, հորդորում ենք հրապարակել դրանք: Հակառակ դեպքում՝ արձանագրենք, որ ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ է գտել դատարկախոսություն և ապատեղեկատվություն: Միևնույն ժամանակ` ցանկանում ենք «Մարց Էներջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հիշեցնել, որ Մարցիգետը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ բոլոր քաղաքացիների ազգային հարստությունն է: Հետևապես՝ գետի ճակատագիրը բոլորի խնդիրն է, և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դրա վերաբերյալ արտահայտել իր կարծիքը և բարձրաձայնել իր բողոքը:

Վերջում հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հանրային լսումների արդյունքները գյուղապետի կողմից ակնհայտորեն կեղծվել են և չեն կարող հիմք ընդունվել թույլտվության համար.  դրա վառ ապացույցն է լսումների տեսագրության և վերջնական արձանագրության աղաղակող անհամապատասխանությունը: Գյուղացիների ճնշող մեծամասնությունը համաձայն չէ ՀԷԿ-ի կառուցմանը և ամրագրել է իր դիրքորոշումը շուրջ 320 ստորագրություններով։

Այնպես որ՝ հորդորում ենք ընկերության ներկայացուցիչներին՝ իրականացնել այս խնդիրն իրավական դաշտ տեղափոխելու իրենց «սպառնալիքները»:

«100 աստիճան» նախաձեռնություն

Նախորդ հոդվածը‘Կոմիտաս 5. Դատարանի ուղերձը քաղաքացիներին` փող չունես, ուրեմն սխալ ես’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենի խորհրդականը ժամեր առաջ այցելել է Շանթ Հարությունյանին’