‘100-ամյա նացիստի հուղարկավորությունը հետաձգվել է անկարգությունների պատճառով’

914

CC-ի նախկին սպա Էրիխ Պրիբկեի հուղարկավորությունը, որը տեղի էր ունենալու երեկ Հռոմից ոչ հեռու գտնվող իտալական Ալբանո Լացիալե քաղաքում, հետաձգվել է: France -Presse գործակալության տվյալներով՝ նման հրահանգ է տվել տեղի ոստիկանությունը՝ այն բանից հետո, երբ բախումներ են սկսվել այդ հուղարկավորությանն ընդդիմացողների և սգո արարողությանը մասնակցող նեոնացիստների միջև: Հաղորդվում է, որ քաղաք ժամանած ոստիկանական հատուկ ստորաբաժանումները նախ փորձել են ցրել հուղարկավորության դեմ բողոքողներին՝ մոտավորապես 500 մարդու, ապա ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել առնվազն 30 նեոնացիստների դեմ, ովքեր շշերով ու շղթաներով հարձակվել են ոստիկանների վրա:

Էրիխ Պրիբկեն պատերազմի ընթացքում ծառայել էր CC-ում և մասնակցել, մասնավորապես, 1944 թ. Հռոմի Ադրեատինյան քարանձավներում Իտալիայի 335 քաղաքացիների զանգվածային մահապատժին: Պատերազմի ավարտից հետո նա լքել էր Եվրոպան և հաստատվել Արգենտինայում: 1995 թ. Պրիբկեին արտահանձնել էին Իտալիային, որտեղ նրան նացիստական հանցագործություններին մասնակցելու մեղադրանք էր առաջադրվել: Դատարանը  Պրիբկեին դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն հաշվի առնելով տարիքը և առողջական վիճակը՝ դատավճիռը փոխարինվել էր տնային կալանքով: Դատարանում Պրիբկեն խոստովանել էր երկու հոգու սպանությունը, սակայն պնդել էր, որ հրաման է կատարել:

Արգենտինան, որտեղ Պրիբկեն ապրել էր գրեթե 50 տարի, նույնպես հրաժարվել էր նրան հուղարկավորել իր տարածքում: Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ իր հողում նրան տեղ տալուց հրաժարվել էր նաև նրա ծննդավայրը՝ Հենիգսդորֆը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Bild. «Բորուսիան» Հյումելսին թույլատրել է տեղափոխվել «Բարսելոնա»’
Հաջորդ հոդվածը‘Արվեստը բարձր է գնահատվում. Մամուլ’