‘100 և ավելի վթար մեկ օրում. Մամուլ’

880

Երեկ iLur.am-ը արդեն անդրադարձել է առավոտյան մայրաքաղաքի փողոցներում տիրող վիճակին: Այսօր նույն խնդրի մասին է գրում նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթը.

«Երեկ առավոտյան Երևանի փողոցները նման էին հոլիվուդյան «ֆիլմ աղետների» տեսարաններին, փողոցները լեցուն էին վթարված մեքենաներով: Պատճառը գիշերային ձնախառն անձրևից հետո վաղ առավոտյան առաջացած մերկասառույցն էր:

Երեկ փորձեցինք պարզել, թե առավոտյան ժամերին քանի ավտովթար է արձանագրվել: Ճանապարհային ոստիկանության տվյալներով արձանագրվել է ընդամենը 10 ավտովթար, ինչը ըստ ՃՈ-ի` արտառոց չէ: Բայց քանի որ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ՃՈ-ն այլևս ոչ բոլոր պատահարներն է արձանագրում, ուստի թերթը դիմել է ապահովագրական ընկերություններին: Օրինակ «Ինգո Արմենիայից» տեղեկացրել են, որ իրենց ընկերության հաճախորդներից երեկ առավոտյան 54-ն է վթարվել: Իսկ «Ռոսգոսստրախ»-ից հայտնել են, որ առավոտյան ժամը 8-ից մերկասառույցի պատճառով իրենց ընկերության հաճախորդներից վթարի են ենթարկվել 80-ը: Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում գործում է մոտ մեկ տասնյակ ապահովագրական ընկերություն, կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե քանի մեքենա է վթարվել մերկասառույցի պատճառով: Թերևս ավելորդ է արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը բացարձակապես ոչինչ չի արել նման իրավիճակը կանխելու համար»:

Նախորդ հոդվածը‘Մի վախեցեք «օրգանի» մարդուց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Մայրապետյանը «պաժառնու» շենքն էլ է գնել. Մամուլ’