‘101-ամյա հեծանվորդը հաղթել է 100 կմ տարածությունում’

843

Նախկին հրշեջ եւ սիրողական բռնցքամարտիկ, ֆրանսիացի Ռոբեր Մարշանը, որը շուտով կդառնա 101 տարեկան, դարձավ աշխարհի ամենաարագ հեծանվորդը տարիքային ամենաբարձր խմբի հեծանվավազքում: Նա 100 կմ տարածությունն անցել է 4 ժամ 17 րոպե եւ 27 վայրկյանում:
Հեծանվորդների միջազգային միության տվյալներով, 100 տարեկանից բարձր ոչ մի հեծանվորդ 100 կմ տարածությունն այդքան արագ դեռ չէր անցել:
«Իմ արդյունքը սպասվածից ավելի լավն էր»,- նշել է Մարշանը՝ ընդգծելով, որ վերջին մի քանի կիլոմետրը նրան դժվարությամբ տրվեց: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է այդ տարածությունն անցնել 5 ժամից պակաս ժամանակահատվածում:
Reuters-ի տվյալներով, Մարշանը միայնակ է ապրում, մեքենա է վարում, ինքն է պատրաստում սնունդը եւ տնային գործերն անում: Մարշանը երբեք չի ծխել:
Ֆրանսիացու անսովոր կենսունակությունը հետաքրքրել է INSERM գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներին, որոնք երեք ամիսը մեկ տեստ են անցկացնում Մարշանի հետ՝ փորձելով բացահայտել նրա երկարակեցության եւ հրաշալի առողջության գաղտնիքը:

Նախորդ հոդվածը‘Խանտի-Մանսիյսկում հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի’
Հաջորդ հոդվածը‘Washington Post. Օսկանյանի հետապնդումը մտահոգիչ է ‘