‘
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Օբոլոնյան ափամերձ շրջանում սեպտեմբերի 30-ին ավելի քան 12 հազար մարդ սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ մասնակցելով ամենազանգվածային առավոտյան մարմնամարզությանը:
Ամենամարդաշատ մարմնամարզության արդյունքները գրանցել են ռեկորդների ազգային մատյանում՝ Գինեսի ռեկորդների գիրք փոխանցելու համար:
«Կիեւցիները իրենց էնտուզիազմը բացատրում են ոչ միայն համաշխարհային ռեկորդի մասնակից դառնալու ցանկությամբ, այլ նաեւ առողջ ապրելակերպի տարածման նպատակով»,- հաղորդում է «24» հեռուստաընկերությունը:
Այն, որ ուկրաինացիները համաշխարհային ռեկորդ են սահմանել, կասկած չի հարուցում. նախորդ ռեկորդը գրանցվել էր Մեքսիկայում, որտեղ առավոտյան մարմնամարզությանը մասնակցել են 8500 մարդ:
Միջոցառման կազմակերպիչները խոստանում են, որ ռեկորդի պաշտոնական հաստատումից հետո յուրաքանչյուր մասնակից կստանա աշխարհի ռեկորդակրի սերտիֆիկատ:
‘