’13 երեխա սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց’

1040

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 16-17-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի, Բժիշկները հորդորել են հիվանդանոց բերել նույն մանկապարտեզի բոլոր այն երեխաներին, ում մոտ թեկուզ շատ թեթև ախտանշաններ կան։ Արդյունքում՝ ժամը 17-18-ին հիվանդանոց է տեղափոխվել ևս 6 երեխա:

3-4 տարեկան տասը երեխաներ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն են ուղարկվել։ Նրանց վիճակը շարունակել է հսկել գյուղի ընտանեկան բժիշկը։ Գիշերը երեխաներն անց են կացրել հանգիստ, այժմ նրանց վիճակը գնահատվում է նորմալ։

Հիվանդանոցում մնացած երեք երեխային ցույց է տրվել անհրաժեշտ բժշկական օգնություն։ Երեկ, ժամը 22-ի դրությամբ, նրանց վիճակն արդեն գնահատվում էր նորմալին մոտ։ Այսօր նրանցից 2-ը դուրս է գրվել հիվանդանոցից։ Մեկի մոտ թեև թունավորման նշաններ այլևս չկան, սակայն նրա բուժումը շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդության կապակցությամբ։

Ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները ունեցել են սրտխառնոց, փսխում, որոնք առաջացել են սիսեռով, բրնձով, հավի մսով պատրաստված ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միաժամանակ, և վարակի գաղտնի շրջանի տևողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննդային թունավորմանը:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու և հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ և լաբորատոր հետազոտություններ:

Նախարարությունը հայտնում է, որ նոր դեպքեր չեն արձանագրվել, իրավիճակը վերահսկվում է:

 

Նախորդ հոդվածը‘«Արմավիան» չի՞ պատրաստվում «քցել» պարտատերերին ‘
Հաջորդ հոդվածը‘Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Սերժ Սարգսյանը ստացել «Նարիմանով» ծածկանունը ‘