’15 տարին բավարար չէր. Նկարիչների միությունը ևս 5 տարի կղեկավարի Կարեն Աղամյանը’

747

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի նկարիչների համագումարում չորրորդ անգամ անընդմեջ միության նախագահ է ընտրվել Կարեն Աղամյանը, որը ստացել է համագումարի մասնակիցների 319-ի ձայն: Երկրորդ տեղում Արմեն Աթանյանն է` 34 ձայնով, իսկ Ռոբերտ Այվազյանն զբաղեցրել է երրորդ տեղը` ստանալով 25 ձայն: Նկարիչների միության 18-րդ համագումարում նախագահի ընտրությունը կատարվել է փակ քվեարկությամբ, որին մասնակցել է 500 նկարիչ:

Հիշեցնենք, որ Նկարիչների միության համագումարները տեղի են ունենում հինգ տարին մեկ: Կարեն Աղամյանը միությունը ղեկավարում է արդեն 15 տարի: Միությունն ունի մոտ 1100 անդամ, որոնցին մոտ 700-ն են Հայաստանում:

Հիշեցնենք, որ Միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին երեք թեկնածու՝ Ռոբերտ Այվազյանը, Արմեն Աթանյանը և Կարեն Աղամյանը: Վերջինս արդեն 15 տարի շարունակ ղեկավարում է միությունը:

Համագումարի ընթացքում հնչած հարցին, թե արդյոք Կարեն Աղամյանը չի՞ կարծում, որ տասնհինգ տարին բավարար է նախագահելու համար, Աղամյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ տասնհինգ տարին փորձ է: Եթե կցանկանաք, որ շարունակեմ նախագահել, ես պատրաստ եմ և կդնեմ իմ թեկնածությունը»:

Կարեն Աղամյանին զայրացրել է «Առավոտի» լրագրող Գոհար Հակոբյանի հարցը,  թե Աղամյանը, որպես միության նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, ինչո՞ւ չի իջնում նախագահությունից և տեղ զբաղեցնում դահլիճում՝ ի թիվս այլ թեկնածուների:

Հակոբյանի հարցը զայրացրել է միության անդամներից ևս մեկին, ով դահլիճից կոչ է արել  լրագրողին դուրս շպրտել դահլիճից:

Նշենք, նաև, որ երբ միության նախագահի թեկնածուներից Արմեն Աթանյանն սկսել է քննադատել միության ներկայիս ղեկավարին և մատնանշել է միության վերջին տարիների բացթողումները, դահլիճից նկարիչ Մարտին Ագողլյանը սկսել է վիրավորել թեկնածուին՝ «Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, հիմար բաներ ես ասում, իջիր բեմից»:

Համագումարի պատվիրակներից Հաղթանակ Շահումյանը հայտարարել է, որ միությանը պետք չէ միանձնյա նախագահ, պետք է վերջ տալ միանձնյա նախագահության ինստիուտին և միությունը ղեկավարել կոլեգիալ հիմունքներով:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրություն է ներդնում’
Հաջորդ հոդվածը‘Վահե Էնֆիաջյան. Կոչ եմ անում միանալ մեզ’