’15 օր հետո ջոկի՞ք, արա. «ՀԺ»’

1646

Դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած կրակոցներից զոհվեցին Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի և «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր որդիները։ Լրատվությունն այն ժամանակ սահմանափակվեց այսքանով, ոստիկանությունն էլ առանձնապես չբացեց դեպքի մանրամասները։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն իր այսօրվա «15 օր հետո ջոկի՞ք, արա» վերնագրված հոդվածում.

«Օրերս, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի և բազմաթիվ այլ ոստիկանների մասնակցությամբ ռազբորկայի ժամանակ և նրանց ներկայությամբ։ Ոստիկանության պետի ներկայությամբ զենք կիրառողներից մեկն էլ անարգել թողել-հեռացել է դեպքի վայրից։ Նախօրեից մեր թղթակիցը փորձում էր ճշտել սույն տեղեկությունները։ Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը մեր թղթակցի հետ զրույցում, բնականաբար, հերքել էր այդ լուրերը, իսկ ՀՀ ոստիկանությունից նախօրեին հայտնել էին միայն, որ այդ գործով մի հոգի գտնվում է հետախուզման մեջ (մեր տեղեկություններով, հետախուզվողը Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի մյուս որդին է)։ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանը նույնպես հերքում էր ամեն ինչ և չգիտեր, թե որտեղ է իր որդին:

Երեկ ստիպված եղանք արդեն երկրորդ հարցումն ուղղել ոստիկանությանը՝ դեպքի մանրամասները և ոստիկանների մասնակցությունը ճշտելու նպատակով։ Ոստիկանությունը մեր հարցմանը պատասխանեց, սակայն յուրովի միջնորդավորված։ Հարցումն ուղարկելուց մի քանի ժամ անց էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հայտնվեց, որ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանը, Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները, քրեական և քննչական վարչության պետերը։ Եթե այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա կարելի է պնդել, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մոտ 15 օր սպասել է՝ տեսնելու, թե ոստիկանների մասնակցությունը այդ ռազբորկային հանրությանը հայտնի կդառնա, թե՝ ոչ և նրանց ազատել է զբաղեցրած պաշտոնից միայն այն բանից հետո, երբ մենք ոստիկանությանը հարցումներ ենք ուղղել դեպքի վերաբերյալ։ Նշված ոստիկաններին պաշտոնանկ անելով` Գասպարյանը նրանց նաև կազատի պատասխանատվությունից։ Սա ոստիկանության վովայավարի բարեփոխման հերթական դրսևորումներից է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Մրցապայքար Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար. «ՉԻ»’