‘«150 000-ի» հետքերով. Քաղաքապետարանի աշխատակից. Իմանամ էդպիսի բան կա՝ տեղս կթողնեմ կգնամ էդտեղ կաշխատեմ’

1010

Երևանի քաղաքապետարանի կայքում հայտարարություն է տարվածել, որով աշխատանքի են հրավիրվում բանվորներ կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների համար:

Հայտարարության հետքերով  iLur.am-ի թղթակիցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակցուհուց տեղեկացավ, որ կանաչապատման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպություններում սեզոնային աշխատել ցանկացողներին առաջարկվում է 70-90 հազար դրամի աշխատավարձ: Աշխատակցուհին նշեց, որ կարելի է դիմել փետրվարի վերջերին՝ մարտի կեսերից աշխատանքի անցնելու համար:

 Ընդ որում, աշխատողը պետական գրանցում կունենա, նրա աշխատանքային գրքույկում կգանցվի 70 հազար դրամ, սակայն «պահումներից մաքուր» աշխատավարձը կկազմի 63 հազար դրամ:

Աշխատակիցների աշխատանքի ընդունման և կազմակերպման հարցերով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Նոր Բարեկարգում» ՓԲԸ-ն: iLur.am-ի հետ զրույցում ՓԲԸ-ի աշխատակիցը (որը չցանկացավ անունը հայտնել)  իր հերթին տեղեկացրեց,  որ թեև հայտարարությունը տրվել է այսօր, սակայն արդեն կան գրանցված մարդիկ:

Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե աշխատավարձը ցածր է՝ «Նոր Բարեկարգում» ՓԲԸ-ի աշխատակիցն ասաց. «Ավելի լավ չէ՞ գան աշխատեն, 70 հազ-80 հազ ստանան, քան թե պարապ ման գան»:

iLur.am-ի այն հարցին, թե արդյոք քաղաքացիները համաձայնում են աշխատել 70 հազար դրամ աշխատավարձով, այն դեպքում, երբ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաստիացնում է, որ քաղաքացիները չեն համաձայնում աշխատել նույնիսկ 150 հազար դրամ աշխատավարձով՝ պատասխանեց.

«Եթե իմանամ էդպիսի բան կա (150 հազարանոց աշխատանք-խմբ.), ես իմ տեղը կթողնեմ կգամ էդ տեղը կաշխատեմ… կան, իհարկե կան, բայց՝ ո՛չ մեր բնագավառում, մեր աշխատանքը էդքան ծանր աշխատանք չի, հանգիստ աշխատանք է, ծառերն ու ծաղիկներն են բարեկարգում»:

 

Հիշեցնենք, որ նախընտրական հանդիպումներից մեկում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երեւանում թափուր աշխատատեղերի պակաս չկա, ուղղակի՝ որոշ քաղաքացիներ «հրաժարվում են 150 հազարից պակաս աշխատավարձ ստանալ»՝ նախընտրելով պետության տրամադրած նպաստը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ես կընտրեի Անգլիան՝ ի տարբերություն Վիլիանի’
Հաջորդ հոդվածը‘Ընդհանուր առմամբ ԿԸՀ-ում գրանցվել են 32 կազմակերպություններ ‘