‘16% կրճատվել է այն ռուսաստանցիների թիվը, որոնց կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանափակել կովկասցիների ներհոսքը’

916

16% կրճատվել է այն ռուսաստանցիների թիվը, որոնց կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանափակել կովկասցիների ներհոսքը դեպի ՌԴ մարզեր (54%-ից մինչև 38%): Այս մասին հաղորդել է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում կատարելով «Լևադա-Ցենտր» կազմակերպության կողմից կատարված հարցման արդյունքներին:

Աղբյուրի համաձայն՝ ներկայումս ռուսաստանցիների մեծ մասը (76%) շարունակում է պնդել, որ կառավարությունը պետք է սահմանափակի աշխատանքային միգրանտների ներհոսքը դեպի երկիր՝ կիրառելով զանազան վարչական խոչընդոտներ, իսկ 16%-ը դեմ չէ ներհոսքին՝ կառավարությանն առաջարկելով դա օգտագործել հանուն երկրի բարեկեցության:

Ըստ սոցիոլոգների՝ անցյալ տարի միգրանտներին բարեհաճ վերաբերվող հարցվողների թիվն աճել է 2 տոկոսային կետով (2013 թվականի 14%-ից): Ընդ որում, կրճատվել է այն ռուսաստանցիների թիվը, որոնց կարծիքով՝ անհրաժեշտ է դեպի ՌԴ մարզեր սահմանափակել կովկասցիների ներհոսքը (54%-ից մինչև 38%), միջին ասիացիների ներհոսքը (45%-ից մինչև 33%), չինացիների ներհոսքը (45%-ից մինչև 29%), վիետնամցիների ներհոսքը (32%-ից մինչև 27%) և գնչուների ներհոսքը (32%-ից մինչև 23%):

Ինչպես և մեկ տարի առաջ, հարցվածների 14%-ը համարում է, որ անհրաժեշտ է երկրի տարածքում սահմանափակել մյուս ազգերի ներկայացուցիչների ապրելը, բացի ռուսներից, իսկ 21%-ը վստահ է, որ ոչ մի սահմանափակում պետք չէ կիրառել, չնայած որ 2013 թվականի աշնանը դրանց թիվը երկու անգամ պակաս էր (11%):

Ինչպես ցույց տվեցին հարցման արդյունքները, հարցվածների 23%-ը էթնիկ լարվածություն է զգում այն քաղաքում, որտեղ ապրում է, բայց 71%-ը նման զգացումներ չունի:

Նշենք, որ հարցումն անց է կացվել հուլիսի վերջին, Ռուսաստանի 46 մարզերի 134 բնակավայրերում, որին մասնակցել է 1600 մարդ: Քանի որ հարցվածները կարող էին նշել պատասխանների մի քանի տարբերակ, հետևաբար՝ պատասխանների ընդհանուր գումարը կարող է գերազանցել 100%-ը:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն կոչ է արել Դոնբասում ռազմական դրություն հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Տավուշում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել’