‘1633-ին Օսմանյան կայսրությունում որոշվեց ծխողներին մահապատժի ենթարկել’

7024

Քաղաքացի Հասմիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ծխելու ու ծխողների դեմ էս միջոցառումների առիթով էնքան բարկացած էի, որ չէի ուզում որևէ բան ասել։ Մանավանդ որ ասված ամեն բան 1-2 քոմենթից հետո վերածվում է ծխելը լա՞վ է, թե՞ վատ տիպի անհեթեթ խոսակցության, ծխի հոտը չսիրողների և second-hand ծխելու պատճառած իբրև թե ավելի մեծ վնասների մասին իմաստակության, էլ չասած՝ ծխողների վրա չծխողների չարախնդության (ոնց որ, ասենք, ձախ կողմի ղեկով մեքենա քշողներն ուրախանան աջ ղեկովների դեմ ընդունելիք պատժամիջոցներից)։ 

Ծխելու դեմ պայքարում են սովորաբար այն երկրները, որտեղ կենսական տարրական խնդիրները հույժ հրատապ հարցեր չեն։ Բայց դա՝ դեռ ջանդամը։
Ծխելու նկատմամբ ամենաանհանդուրժող երկրներից մեկն ԱՄՆ-ն է։ Ես ԱՄՆ-ում եմ եղել 1995-ից։ Այդ ժամանակ հիմնարկների մեծ մասն ուներ առաձնացված տեղեր, որտեղ կարելի էր ծխել։ Ռեստորանները բոլորն ունեին ծխողների և չծխողների բաժիններ։ Ծխելու վնասները մարդկանց գիտակցության ու ենթագիտակցության մեջ մտցնելու ակտիվ քաղաքականություն էր տարվում։ Մանկապարտեզ-դպրոցներում սերունդ էին կրթում էդ հոգեբանությամբ։ Ծխելն սկսվել էր դիտվել իբրև ցածրակարգ, գրեթե ամոթալի բան։ Ես սա հիացմունքով չեմ ասում. իրականում, կարծես ռասիզմի մի նոր տեսակ առաջանար։

Պարզապես ուզում եմ ասել, որ տասնամյակներ շարունակ ծխելու դեմ հսկայական ու հետևողական քաղաքականություն էր տարվում։ Հետո սրճարաններն ու ռեստորաններն սկսեցին միայն իրենց բացօթյա մասերում նստածներին թույլ տալ ծխել։ Հետո դա էլ վերացավ։ Ասում եմ. տասնամյակներ է տևել։ Բայց նույնիսկ այսօր մեքենաներում չծխելու մասին խոսք իսկ չի կարող լինել։ Դրան կընդդիմանան նաև բոլոր չծխողները, որովհետև դա բռնություն է մարդու մասնավոր սեփականության դեմ (մերոնք երևի էդ միտքը հղացել են Իրանի օրինակով)։ Իսկ կազինոներում մինչև օրս կարելի է ծխել։ Կարելի է ծխել նաև կանգառներում։ Եվ տուգանքներն էլ աննշան են։ Մարդիկ չեն անում՝ ո՛չ թե տուգանքներից զարհուրելով, այլ որովհետև կրթվել են իբրև օրինապահ քաղաքացիներ (նաև՝ օրինակ վերցնելով ղեկավարներից. դե, առնվազն այսպիսի փոքր հարցերում), և նաև՝ որովհետև գիտեն, որ ծխելը լավ չէ (ստրկացնում է մարդուն և վնասում է առողջությանն ու գրպանին)։ Հա՛, էլ չեմ խոսում այն մասին, որ 14 նահանգ կա, որտեղ որևէ տեղ ծխելն արգելված չէ։
Թե չէ, էս «մերոնց» պարտադրածը շատ հիշեցնում է 1633 թ.-ին Մուրադ 4-րդ սուլթանի մտցրած Օսմանյան կայսրությունում ծխելու արգելքին և ծխողներին մահապատժի ենթարկելու որոշմանը։ Թվականը դիտավորյալ եմ գրել, որ իմանան, թե իրենց ատած թուրքերն իրենցից ինչքան ավելի առաջ են ընկած տխմարությամբ»։

Նախորդ հոդվածը‘Վանաձոր-Ալավերդի ճանապարհին երթեւեկությունը մասամբ կդադարեցվի մեկ ամսով’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան. ԼՂ կարգավորման «փաթեթայինի» կիրառումը ենթադրում է փուլային լուծումներ’