’17/05. Դիտորդի ձեռքերը բռնել են և շուրջ 300 քվեաթերթ լցրել քվեատուփը’

2487

17/05 տեղամասում (Արտաշատ) այօր ցերեկվա 2 անց 30-ին մոտ 25-30 երիտասարդներ ներխուժել են տեղամաս եւ բռնություն գործադրելով «Իրավունքի Եվրոպա» ՀԿ դիտորդ Նարինե Էսմաիլիի նկատմամբ՝ հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սութանյանի (ՀՀԿ) օգնությամբ շուրջ 300 քվեաթերթ են լցրել քվեատուփը:

«Մոտ 25-30 երիտասարդներ մտան տեղամաս: Միջանցքում ոստիկան էր կանգնած: Մտան ներս ու շրջապատեցին քվեատուփը: Ես մոտեցա, որ հետաքրքրվեմ՝ ի՞նչ եք անում, ինչու եք այստեղ: Ինձ եւ լրագրող Արտակ Համբարձումյանին ձեռքերից բռնեցին, հրեցին պատի մոտ, այնպես, որ չկարողանանք նկարահանել: Հանձնաժողովի քարտուղարը մոտ հինգ րոպեի ընթացքում թվեատուփը բացեց, երեւի մոտ 300 քվեաթերթիկ լցրեցին տուփի մեջ», — iLur.am-ին պատմեց Նարինե Էսմաիլին:  

Նրանք դիմել են ոստիկանություն, ոստիկանները ժամանել են տեղամաս եւ այժմ զրուցում են դիտորդների եւ հանձնաժողովի անդամների հետ:

«Հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը նման բան «չի հիշում»: Որովհետեւ այնպես էր «զուգադիպել», որ հանձնաժողովի նախագահն այդ պահին դուրս էր եկել, եւ բացի ներխուժած երիտասարդներից, ուրիշ ընտրող չկար տեղամասում: Իսկ ներկա գտնվող հանձնաժողովի անդամներն էլ հերքում են, թե այդպիսի բան է եղել», — պատմեց Էսմաիլին:

Ի դեպ, միջադեպից շատ չանցած՝ ԿԸՀ-ից հայտարարել են, թե Հանձնաժողովը Նարինե Էսմաիլի անունով դիտորդ չի գրանցել: Վերջինս, սակայն, մեզ վստահեցրեց, որ հաջողությամբ հանձնել է դիտորդի քննությունները, եւ այժմ էլ դիտորդի վկայականը՝ ԿԸՀ-ի կնիքով հաստատված, իր մոտ է:  

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Հիմա հարցեր տալիս եք, որ ի՞նչ անեք (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘9/28. Հարձակվել են լրագրողի վրա’