‘
Մամուլում և սոցիալական ցանցերում այսօր բուռն քննարկումներ են ընթանում՝ որքանո՞վ է ընդունելի, որ կառավարությունը հարկատուների հաշվին վճարում է ԱԻՄ առաջնորդ, հունվարի 31-ին հրազենային վնասվածք ստացած նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի արտասահմանում բուժումը շարունակելու ծախսերը: Մանավանդ, որ ԱԻՄ առաջնորդը, համաձայն պաշտոնական հայտարարագրի, բավական ֆինանսական միջոցների և անշարժ գույքի է տիրապետում:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա որոշմամբ Պարույր Հայրիկյանի բուժումն արտասահմանում կազմակերպելու նպատակով առողջապահության նախարարությանը 20,5 միլիոն դրամ ($50 հազար) է տրամադրել: Հայրիկյանն այսօր առավոտյան արդեն մեկնել է Հոլանդիա՝ բուժումն այնտեղ շարունակելու:
«Եկեք նախ՝ համեմատենք Հայրիկյանի ունեցվածքն ու կարիքները, հետո նոր՝ որոշենք՝ կառավարության աջակցության կարիքն ունե՞ր, թե չուներ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նխագահ Պարույր Հայրիկյանի համախոհ և ընկեր Կարո Եղնուկյանը:
Ի պատասխան մեր դիտարկման, թե Հայաստանում բազմաթիվ չքավոր մարդիկ ևս առողջապահական ծախսերի համար դրամի կարիք ունեն, պարոն Եղնուկյանը նկատեց.
«Այսինքն, էդ մարդիկ պետք է պարոն Հայրիկյանի հաշվի՞ն օգտվեն, թե պետք է օրինակի համար՝ Գագիկ Ծառուկյանի «բենթլիի» հաշվին իրենց հարցերը լուծեն, կամ վարչապետի ունեցվածքի հաշվին, կամ Ռոբերտ Քոչարյանի կղզիների հաշվին: Եթե խնդիրն այն է, որ պետական բյուջեից գումար է հատկացվում, թող օրինակի համար զուգարանների համար 170 հազար չտային: Չի կարելի մի մարդու առողջությունը համեմատել մեկ ուրիշ մարդու առողջության հետ, և ասել, թե որն է կարևոր: Առավելևս, հաշվի առնելով, որ այդ մարդը հասարակ մարդ չէ: Այդ մարդն այն մարդն է, որ Հայաստանի անկախության համար, բոլորի համար իր կյանքից 18 տարի է տվել: Անկախությունից հետո էլ, 20 տարվա ընթացքում իր ներդրումն է արել: Եվ այդ ընթացքում նա չի օգտվել պետական լծակներից, որպեսզի հարստանա: Ինքը «բենթլիներ» չունի, դղյակներ չունի, ոչ էլ գործարաններ ունի, ոչ էլ կղզիներ ունի»:
Կարո Եղնուկյանը նշեց նաև, որ Հայրիկյանի՝ արտասահմանում բուժվելու որոշումը կայացրել է առողջապահության նախարարությունը՝ տասնյակից ավելի լավագույն մասնագետների որոշմամբ, «այն բանից հետո, երբ երկու ամսվա ընթացքում հիվանդանոցներն ու բժիշկները չկարողացան վիճակը լավացնել»:
Հայրիկյանի դեմ մահափորձից հետո բուժումն իրականացնող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը վստահեցնում էր, թե իրենց հիվանդանոցը «շուրջօրյա պատրաստվածության մեջ է` իր համակարգչային տոմոգրաֆիայով, հագեցված սարքավորումներով, բարձրակարգ մասնագետներով»:
«Բնական է, որ պետք է այդպես ասեր՝ փորձելով իր կաշին փրկել, բայց փաստը նա է, որ Հայրիկյանը երկու ամիս Հայաստանում բուժում ստանալուց հետո տառապում է ցավերով և աջ ձեռքը անունակ է օգտագործել», — արձագանքեց պարոն Եղնուկյանը»:
Հ. Գ. Ի դեպ, քիչ առաջ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից iLur.am-ին մանրամասնեցին Հայրիկյանի բուժման համար կառավարությունից ֆինանսական օժանդակություն տրամադրելու հանգամանքները:
«Հաշվի առնելով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ունեցած նշանակալի ավանդը Հայաստանի Հանրապետությունում անկախության կայացման և երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում, ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարություն առաջարկ էր ներկայացրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Պարույր Հայրիկյանի… առողջության լիովին վերականգնումը եվրոպական առաջատար որևէ կլինիկայում առավել արդյունավետ իրականացնելու նպատակով միջոցներ հատկացնելու վերաբերյալ», — մասնավորապես, ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ։
Այս ամենից հետո ստիպված ենք փաստել, որ
1. Հայաստանի ողջ տարածքում գործող բուժհիմնարկներից որևէ մեկը բավարար տեխնիկական ու մասնագիտական միջոցներ չունի՝ վերականգնելու համար Պարույր Հայրիկյանի առողջությունը ստացած վնասվածքից հետո: Վնասվածք, որը, դատելով մահափորձին հաջորդող օրերին բժիշկների հայտարարություններից, եւ հենց իր՝ Հայրիկյանի հանրային ակտիվությունից, ամենավտանգավորներից չէր:
2. Առողջապահական տեսանկյունից Հայաստանի քաղաքացիներն ընդհանուր առմամբ անպաշտպան են. մարդիկ, որոնք միջոցներ չունեն անգամ ոչ այնքան բարդ խնդիրները արտասահմանում լուծելու համար եւ, միաժամանակ, «Հայաստանում անկախության կայացման և երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում» աչքի չեն ընկել, պետք է ապավինեն Աստծո ողորմածությանը:
‘