‘«1915թ. այլեւս երբեք». Ակցիա ՄԻԵԴ-ի դիմաց’

821

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում մեկնարկել են Դողու  Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով բողոքարկման լսումները: Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպական հայկական դաշնության փոխանցմամբ՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել ազգությամբ հայ մի շարք քաղաքացիներ, ովքեր իրենց հետ ունեն «1915թ. այլեւս երբեք», «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայրենադարձման ժամանակն է» գրություններով պաստառներ: 

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Իսկ 2013թ. դեկտեմբերի 17-ին եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, որով բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի և դիրքորոշում էր հայտնել, ըստ որի՝ Շվեյցարիայի օրենսդրոււթյունը չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով՝ խախտվել է կոնվենցիայի 10-րդ՝ խոսքի ազատության իրավունքը: Սակայն բացի այդ ամենից, 2013թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը դիրքորոշում էր հայտնել նաև Հայոց ցեղասպանության փաստի հետ կապված՝ Հայաստանի համար բացասական համեմատություն անելով հրեական Հոլոքոստի հետ:  Շվեյցարական կողմը օգտվել էր վճիռը բողոքարկելու իր իրավունքից, և բողոքարկման արդյունքում ՄԻԵԴ-ը կվերաքննի այս հայցը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի միակ կանխարգելիչ քայլը’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավորանք Լեւոն Տեր-Պետրոսյանին’