‘1984-2013. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Սիրո» նախարարություն ‘

1475

Վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության մասին պատմող նյութերում անպակաս են  բարոյախրատական, հոգևոր մեջբերումները. «Բացման արարողության ավարտին Վլադիմիր Գասպարյանը Նոր կտակարաններ նվիրեց մասնակիցներին», «Մեր նպատակն է ոստիկանությունից մաքրել այն խարանը, որ դրվել է մեզ վրա»,  ««Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը», «Մեր ոստիկանությունը պետք է ծառայի ու աշխատի հայրենիքին» և այլն: 

Ցանկացած բռնապետական ռեժիմի՝ իշխանության մնալու երաշխիքը նրա վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցներն են` ոստիկանություն, ԱԱԾ, բանակ: Սրանց միջոցով տարածվում է վախի մթնոլորտ, վերահսկվում են իշխանության համար բոլոր պոտենցիալ վտանգ ներկայացնող օղակները, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, հակառակորդների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարներ, զսպվում կամ կանխվում են ընդվզման փորձերը: Սակայն երկարաժամկետ, չափից ավելի մեծ ճնշումը կարող է ինչ-որ պահի հուսահատության հասցնել կառավարվողներին և նրանց դրդել ընդվզման: Այդ պատճառով վերոնշյալ կառույցները ժամանակ առ ժամանակ` ընտրությունից ընտրություն, իշխանության պահպանման «ազգանվեր» գործին զուգահեռ՝ զբաղվում են նաև իրենց վարկանիշով, իսկ հալածանքներն իրականացվում են ավելի քողարկված: 

Հայաստանում բանակն ու ԱԱԾ-ն համարյա թե չեն առնչվում հասարակ քաղաքացիների հետ, նրանք միշտ գործում են թաքնված, հասարակության աչքից հեռու, և այդ պատճառով նրանց ընդվզման պատճառ հանդիսանալը ավելի քիչ հավանական է: Իսկ ահա ոստիկանության դեպքում իրավիճակն այլ է: Նրանք ամեն օր առնչվում են քաղաքացու հետ, և նրանց գործողությունները, կարելի է ասել, հանրության սեփականությունն են: Ի տարբերություն բանակի և ԱԱԾ-ի՝ այստեղ արդեն կարիք է լինում դիմելու քարոզչական մեթոդների, որոնք պետք է մեղմացնեն ոստիկանության՝ որպես քաղաքական մահակի ընկալումը: Եվ հենց այսպիսի քարոզչական ներկայացումների էլ մենք ականատես ենք լինում վերջին ամիսներին: Իշխանությունները, ներկայացումների մեծագույն վարպետ, ոստիկանապետ Վովա Գասպարյանի միջոցով, ձեռնամուխ են եղել ոստիկանության փիառն իրականացնելու գործին: Եվ իհարկե, սովորության համաձայն՝ դա արվում է ոչ թե կոնկրետ գործ ցույց տալու միջոցով, ոչ թե հանցագործության ծավալները նվազեցնելով կամ ոստիկանների ներգրավումը քաղաքական գործընթացներում բացառելով, այլ բազմազան շոուների կազմակերպմամբ: Այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ մարդասպաններն ու հանցագործները զբոսնում են մայրաքաղաքի փողոցներով, անմեղներն ու մեջք չունեցողները հայտնվում են բանտերում, ենթարկվում են կտտանքների, իսկ ոստիկանական համազգեստն ու ուսադիրները ծառայեցվում են ոչ թե օրինականություն ապահովելու, այլ ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելուց ազատ ժամանակ փող վաստակելու գործին: 

Տվյալ իրավիճակում իշխանության պահպանմամբ զբաղված անձանց մոտ կարող է հարց առաջանալ.  «Ի՞նչ անել: Ինչպե՞ս առանց բարեփոխումներ իրականացնելու փոխել ոստիկանության նկատմամբ հանրային կարծիքը, ինչպե՞ս մաքրել նրա վարկաբեկված անունը»: 

Պարզվում է՝ ոստիկանապետը գտել է հարցի պատասխանը: Ակնհայտ է, որ այն Վովա Գասպարյանին հուշել է շեֆը` Սերժ Սարգսյանը, եթե ոչ ուղիղ խոսքով, ապա իր վերջին ամիսների թատերական գործունեությամբ: Ուղղակի ոստիկանապետն իր հայտնի շոումենյան ունակությունների համաձայն՝ «աղ ու բիբար» է ավելացրել այս ներկայացումներին. մի քիչ աստվածավախություն, մի քանի կտակարանների բաժանում, ինչպես նաև ոստիկանների համազգեստների և սեռի հաճախակի փոփոխություն և այլն: Այսինքն` ինչպես և ամբողջ սերժսարգսյանական քարոզչամեքենան, այնպես էլ՝  Գասպարյանը, փորձում են իրենց գործունեության ամբեղջ կեղտը թաքցնել հայրենասիրական պաստառների, սրբապատկերների և գունավոր համազգեստների ետևում: 

Այստեղ անհնար է չվերհիշել 20-րդ դարասկզբի անգլիացի գրող Ջորջ Օրուելի հայտնի «1984» վեպը և այնտեղ ներկայացվող պետական կառավարման համակարգը, որի մաս կազմող նախարարությունների անվանումները, այսինքն՝ արտաքին տեսքը, բացարձակապես չեն համապատասխանում այն գործունեությանը, որ դրանք իրականացնում են: Օրինակ` ոստիկանական գործառույթներ կատարող նախարարությունը կոչվում է «Սիրո նախարարություն»: Այստեղ, անվանմանը հակառակ, իրականացվում են ամենասև գործերը. կուսակցության դեմ գնացածների նկատմամբ իրականացվում են ամենադաժան հալածանքները, նրանք ենթարկվում են կտտանքների, այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հավատարմությունը չեն հայտնել երկրի ղեկավարին`Մեծ եղբորը: Սա իրականացվում է Սիրո անվան տակ: Ինչպես և գրքի հերոսը, երկրի առօրյա անցուդարձին քիչ թե շատ ծանոթ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է ուղղակի խելագարության հասնել` հետևելով իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող լուրերին, երբ սևը ներկայացվում է որպես սպիտակ, սպիտակը` սև, իսկ սուտը՝ որպես բացարձակ ճշմարտություն: 

Ամեն ինչ առավել քան նման է վերոնշյալ վեպին: Որևէ մեկի համար գաղտնիք չեն Մարտի 1-ին Վովա Գասպարյանի պատժիչ գործողությունները՝ չհնազանդվող խաղաղ ցուցարարների նկատմամբ կամ հայտնի գաղտնալսումները, որոնցով նա մեկ տարի առաջ բացահայտեց «մեծ եղբորը» դավաճանողներին և արժանացավ ներկայիս պաշտոնին: Իսկ այժմ, արժանանալով ոստիկանապետի պաշտոնին, նա ձեռնամուխ է եղել  իշխանության գարշահոտ մահակ հանդիսացող ոստիկանությունը որպես բուրավետ ծաղիկ ներկայացնելու գործին: Այլապես  ինչպե՞ս անվանել ոստիկանության անգործության, հանցագործությունների հովանավորման ֆոնին ոստիկանապետի՝ բարոյականության, հավատքի և օրինականության մասին դատարկ խոսքերը: Սակայն ի տարբերություն օրուելյան բռնապետության՝ Հայաստանի պարագայում ոստիկանությունը, ելնելով ոստիկանապետի նախասիրություններից, ավելի ճիշտ կլիներ անվանել ոչ թե «Սիրո», այլ «Սուրբ» կամ «Սրբերի նախարարություն»: 

Հ.Գ.Սահմանադրության 8.2 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Այն, որ Վավա Գասպարյանի ղեկավարած ռազմական ոստիկանությունը սահմանադրության հենց այս դրույթի կոպտագույն խախտմամբ մասնակցել է 2008թ. Մարտի 1-ի իրադարձություններին, հաստատված է բազմաթիվ վկայություններով ու լուսանկարներով: Լուսանկարներից մեկում հստակ երևում է, թե ինչպես դեռևս մարտի 1-ի կեսօրից ՀՀ կառավարության շենքի մոտ կայանված է եղել ռազմական ոստիկանության մարտական զրահամեքենան: Իսկ այս տեսանյութից նաև պարզ է դառնում, որ մարտյան սպանդի կազմակերպմանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև այն ժամանակվա ՌՈ պետ Վովա Գասպարյանը, որը, ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ քաղաքացիների հետ հաշվեհարդար տեսնելիս աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ:

Արեգ Գևորգյան

 

Նախորդ հոդվածը‘Դիմակավորված եւ զինված անձինք հարձակվել են բենզալցակայանի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին պատմել է վրաց-ռուսական հարաբերություններից’