‘1988-ի արխիվային փաստաթղթերը և Ա. Գեղամյանի այսօրվա խայտառակ առաքելությունը’

4707

Սերժ Սարգսյանը ճշգրիտ է ընտրել, որ հենց Արտաշես Գեղամյանին պետք է ուղարկել Բաքու՝ Հայաստանի անունից անելու համար հայտարարություններ, որոնք , ըստ էության, հակադրվում են Ղարաբաղի ինքնորոշման, անկախության կամ Հայաստանին միանալու գաղափարներին։ Ա. Գեղամյանն այս գաղափարների ամենամոլի հակառակորդն է եղել ի սկզբանե, և, որպես «սկզբունքային» գործիչ, առ այսօր շարունակում է մնալ նույն դիրքերի վրա։ Այսինքն՝ նրա խոսքը Բաքվում շատ բնական ու անբռնազբոսիկ կհնչեր։

Ստորև այս առիթով՝ փաստաթղթային մի փոքր անդրադարձ այդ «ի սկզբանե»-ին՝ 1988թ. Արտաշես Գեղամյանի «սկզբունքային դիրքորոշումներին» Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այդ շրջանի նրա գործունեությունը փաստաթղթերի հիմքի վրա ժամանակին ամբողջացրել է Վլադիմիր Գրիգորյանը իր «Армения 1988-1989», Ереван, 1999 գրքում»։

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից ՀԿԿ կենտկոմը հանձնարարական էր ուղարկել բոլոր շրջկոմներին՝ ուշադիր հետևել ծավալվող դեպքերին և զեկուցագրեր ներկայացնել իրավիճակի մասին։ Շրջկոմները զեկուցում են, թե իրենք ինչպիսի միջոցառումներ են ձեռնարկել «իրավիճակը կայունացնելու», մասնավորապես՝ ««Ղարաբաղ» ենթակոմիտեների գործունեությունը չեզոքացնելու» ուղղությամբ: Համապատասխան արխիվային փաստաթղթերը վկայում են, որ ոչ բոլոր շրջկոմներն են սույն հանձնարարությունը կատարել ջանասիրաբար և ըստ էության։ Մաշտոցի շրջկոմը, որ ղեկավարում էր Արտաշես Գեղամյանը, ամենապարտաճանաչների մեջ է, եթե չասենք՝ առաջինը։ Նրա զեկուցագրերը ավելի շատ մատնագրերի են նմանվում։

Արդեն 1988-ի մարտի 3-ին Գեղամյանը զեկուցում է վերադասին, որ հսկողության տակ է վերցրել ազգությամբ ադրբեջանցի հիվանդների բուժումը. «Շրջանի հիվանդանոցներում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց նորմալ բուժման համար» (խոսքը սովորական հիվանդների մասին է)։ Ինչ վերաբերում է Շարժմանը, ապա դրա դեմ շրջկոմի քարտուղարը «ոտքի էր հանել շրջանի ամբողջ ակտիվը» և՝ «ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շրջանի 11 «Ղարաբաղ» ենթակոմիտեներից 7-ը դադարեցրել են իրենց գործունեությունը» (Տե՛ս Владимир Григорян, Армения 1988-1989, Ереван 1999 ст, 75-76)։

Գեղամյանի հաջորդ զեկուցագիրը վերաբերում է մինչև մարտի 28-ն ընկած օրերին (Տե՛ս ՀՔԿՊԿԱ, ֆ.127, գ. 355, թ. 2, 9-16)։ Նա հավաստիացնում է, թե իրեն հաջողվել է աշխատավորական կոլեկտիվներում կանխել հանրահավաքներն ու ժողովները և հասնել «այսպես կոչված՝ «Ղարաբաղ» կոմիտեների գաղափարական մեկուսացմանը»: Նա նաև զեկուցում է, որ անհատական աշխատանք է տարվել շուրջ 400 հոգու հետ։ Սակայն, չնայած այս ամենին, մի շարք ձեռնարկություններում դրությունը չի կարգավորվել, ինչում «իրենց որոշակի բացասական դերն են խաղացել «Ղարաբաղ» ենթակոմիտեները, որոնք ընդլայնել են իրենց գործունեությունը, դիմում են սպառնալիքների և շանտաժի, հարձակումներ են գործում կուսակցական և խորհրդային մարմինների վրա, դուրս են եկել օրենքի շրջանակներից»։ Ուստի և շրջկոմը հանձնարարել է կուսակցական, խորհրդային, կոմերիտական կազմակերպություններին՝ «թույլ չտալ կոլեկտիվներում ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու հարցով կազմակերպական կառույցների ստեղծումը»։ Այնուհետև շրջկոմը Գեղամյանի գլխավորությամբ մեծ ջանքեր է թափել կանխելու մարտի 26-ին նշանակված հանրահավաքը։ Այդ նպատակով շրջկոմ են կանչվել և նախազգուշացվել «Ղարաբաղ» ենթակոմիտեների անդամները, դատախազությունն իր հերթին է «բացատրական աշխատանք» տարել 61 մարդու հետ և «պաշտոնապես նախազգուշացրել 7 հոգու (թվարկում է՝ Սուրիկ Սարգսյան, Հովհաննես Ստեփանյան, Ղուկաս Մեհրաբյան, Ալեքսան Ավունդյան, Էդուարդ Եգորյան, Ստեփան Գրիգորյան, Ալբերտ Պողոսյան)։ Շրջկոմի բյուրոն պատասխանատվության էր կանչել «Ղարաբաղ» ենթակոմիտեների 12 ներկայացուցչի։ Վեջիններս՝ «քանի որ գիտակցել են իրենց գործունեության սխալ լինելը, բյուրոն սահմանափակվել է խիստ զգուշացմամբ»։ Այս ամենի հետևանքով շրջանում մնացած 5 «Ղարաբաղ» ենթակոմիտեները ևս, ըստ շրջկոմի քարտուղարի, «հայտարարել են իրենց ինքնալուծարման և գործունեության դադարեցման մասին»։

Մի այլ դրվագ, որ արդեն վերաբերում է նույն՝ 1988թ. ամռանը։

Ինչպես հայտնի է, փետրվարի 27-ին Զորի Բալայանի և Սիլվա Կապուտիկյանի կողմից հանրահավաքների ցրումից հետո իշխանության ջանքերը, ընդհուպ Երևան զորք մտցնելը, չկարողացան կոտրել շարժումը։ Մայիսից այն կրկին հրապարակային բազմամարդ ակցիաների տեսքով դարձավ երկրի ներքաղաքական կյանքի հիմնական երևույթը։ Իսկ հունիսի 15-ին Շարժմանը հաջողվեց ստիպել ԳԽ նստաշրջան հրավիրել և ընդունել իր թելադրած որոշումը, այն է՝ համաձայնություն տալ ԼՂ մարզային խորհրդի՝ ՀԽՍՀ-ին միանալու դիմումին։

Արտաշես Գեղամյանը շարունակում էր իր անկոտրում ու համառ պայքարը Շարժման, նրա գաղափարների ու ակտիվիստների դեմ։ Ահա հետաքրքիր մի փաստաթուղթ՝ Երևանի Մաշտոցի շրջկոմի կայացրած որոշումը հուլիսի 16-ին , որում, մասնավորապես, հանձնարարվում էր՝  «Պարտադիր ձևով ստեղծել ինքնապաշտպանական բանվորական դրուժինաներ՝ դրանց անդամներին ազատելով իրենց ծառայողական պարտականությունների կատարումից», «խուզարկել շենքերի ձեղնահարկերը և ներքնահարկերը» և այլն։ Ակնհայտորեն՝ շրջկոմի քարտուղարը ինչ-որ բանից տագնապած է եղել։ Նույն որոշման մեջ հստակ արձանագրվում է նաև տագնապի պատճառը։ Նրա կարծիքով՝ հանրահավաքներում «Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս երկրորդ պլան է մղված», իսկ իրական նպատակը «իշխանության ձգտումն է և ազգամիջյան թշնամանքի սերմանումը» (ՀՔԿՊԿԱ, ֆ. 27. գ 554, թ. 22-23)։

Սա, ինչպես ասում են՝ սկիզբն էր։ Անշուշտ, փաստաթղթերը խոսում են Ա. Գեղամյանի նաև հետագա գործունեության մասին՝ ամբողջացնելով նրա՝ որպես Ղարաբաղյան շարժման, Ղարաբաղի ինքնորոշման, Հայաստանին միանալու գաղափարի դեմ պայքարի առաջամարտիկի կերպարը, որը չի խորշել անգամ Շարժման ղեկավարների ու ակտիվիստների դեմ մատնագրեր գրելուց ու ցուցմունքներ տալուց։

Այնպես որ, Սերժ Սարգսյանն, իրոք, շատ ճիշտ ընտրություն է կատարել՝  հենց Գեղամյանին ուղարկելով Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի, ըստ էության՝ մինչև 1988թ. կարգավիճակի վերականգնման առաջարկությունն անելու խայտառակ առաքելությամբ։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘«Երևան ՋԷԿ»-ը Վրաստանից Հայաստան ներմուծած Էլեկտրաէներգիան չի հայտարարագրել․ «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Զգալիորեն հեշտացվում է Ռուսաստանում գտնվելու և աշխատելու գործընթացը’