1989թ. – ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է փակել Հայկական ատոմակայանը

1119

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

Չեռնոբիլի հայտնի դեպքերից հետո, հայ հասարակության մոտ առաջանում է տագնապ՝ կապված Հայկական ատոմակայանի հետ: Հետզհետե, հանրապետությունում էկոլոգիական ընդհանուր խնդիրների հետ մեկտեղ, ատոմակայանի փակման հարցը հասարակության մոտ վերածվում է հստակ պահանջի: 1988 թվականին Հայաստանի ղեկավարությունը ատոմակայանի փակումը նախատեսում է 3 տարի անց, սակայն Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, այդ պահանջը հասարակության մոտ նոր թափ է առնում: Մեկ ամիս անց ԽՍՀՄ ղեկավարությունը Հայկական ատոմակայանը փակելու վերջնական որոշում է ընդունում:

***

Հատված 1988-1990 թվականներին Հայաստանի ղեկավար, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի ելույթից (հունվար, 1989թ.). «Ինչպես գիտեք, ՀՀԿ Կենտկոմի սեպտեմբերյան պլենումում վճռականորեն նշվեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը առաջիկայում փակվի:

Հաշվի առնելով ներկայիս սեյսմիկ իրադրությունը, կիսելով հանրապետության բնակչության տագնապն ու մտահոգությունը՝ կապված երկրաշարժի հետ, մենք դիմեցինք ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին հարցը լուծելու առավել սեղմ ժամկետներում, քան նախատեսված էր:

Ցանկանում եմ հայտնել կոնֆերանսի մասնակիցներին, որ երեկ ընդունվել է ԽՍՀՄ կառավարության որոշումն այն մասին, որ ատոմակայանի առաջին էներգաբլոկի աշխատանքը դադարեցվելու է այս տարվա փետրվարի 25-ից, երկրորդ էներգաբլոկինը՝ մարտի 18-ից:

Այսպիսով լուծվեց մեր ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող Հայկական ատոմակայանի հարցը:

Դրանում մենք տեսնում ենք հայ ժողովրդի ճակատագրի, նրա հոգսերի ու պրոբլեմների նկատմամբ ԽՄԿԿ Կենտկոմի ու միութենական կառավարության բացառիկ հոգատարության վառ ու համոզիչ արտահայտությունը» («Սովետական Հայաստան», 1989թ.):

***

Ըստ էության, ատոմակայանի փակման որոշումը թելադրված էր ժողովրդին հաճոյանալու տրամադրություններով:

Չհամակերպվելով այն իրողության հետ, որ նույնիսկ երկրաշարժից հետո հասարակության մոտ չէին դադարում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հարցադրումներն ու պահանջները, առաջնորդվելով այն հանգամանքով, որ Ղարաբաղ կոմիտեի որոշ անդամներ արդեն իսկ ձերբակալված էին, և նպատակ էր դրված ամբողջությամբ կասեցնել կոմիտեի գործունեությունը, կոմունիստական ղեկավարությունը, ատոմակայանը փակելու որոշմամբ, փորձում է զսպել ժողովրդի տրամադրությունները: Ու դա այն պայմաններում, երբ նույն միութենական ղեկավարությունը պնդում էր, որ ատոմակայանի փակվելուց հետո Հայաստանում կյանքը գործնականում կանգ կառնի:

Նախորդ հոդվածըԳութերիշը Մերկելին աշխատանք է առաջարկել
Հաջորդ հոդվածըԿամո Հովհաննիսյանը կխաղա «Աստանա» ֆուտբոլային ակումբում