‘1990-ականների օրվելյան խեղաթյուրումը. Առավոտ ‘

2883

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը

Սկիզբը 

– Ըստ որոշ մարդկանց` Վազգեն Մանուկյանը ժողովրդավարության ոտնահարման զոհ է։ Դուք խոսում եք ժողովրդավարության նկատմամբ նրա անթաքույց թշնամանքի մասին։ Կբացե՞ք փակագծերը։

– Հայաստանի քաղաքական դիսկուրս կոչվածում բազմաթիվ այլասերումներ կան 90-ականներին վերաբերող (և ոչ միայն), բայց Վազգեն Մանուկյանին ժողովրդավարության մարտիրոս դարձնելը երևի դրանցից ամենացինիկ, ամենաօրվելյան այլասերումն է։ Քաղաքական գործիչներ կան, որոնք ժողովրդավարության վրա թքած ունեն, բայց գոնե հռետորաբանության մակարդակում ժողովրդավարական դիմակ են հագնում։ 

Այդ մարդը նույնիսկ դա չէր անում։ Ես պատահաբար չեմ նրա քամահրանքը ժողովրդավարության նկատմամբ անթաքույց որակել։ Նա իսկապես դա չէր թաքցնում։ «Հայք» թերթին հարցազրույց էր տվել դեռևս 1991 թվականին, ու բացեիբաց հայտարարել, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ ժողովրդավարության և որ ժողովրդի ազգային ու կրոնական ավանդույթների, ինչպես նաև բարոյական նկարագրի վերականգնումը պետք է առաջին պլան մղվի, ոչ թե ժողովրդավարական համակարգի ստեղծումը։ Հայտարարել էր նաև, որ առանց այդ նպատակների իրագործման, ժողովրդավարության պայմաններում մեր ժողովուրդը ոչ թե ազգի, այլ ամբոխի կվերածվի։ Թե փոխարենն ինչ էր առաջարկում` շատ հստակ չէր ձևակերպել, բայց շատ խելք պետք չէր հասկանալու համար, թե նրա խոսքն ուր էր գնում քաջ որսկանի գյուլլի պես։ Նույն Մանուկյանը պնդում էր, որ պետությունը որոշակի ազգային առաքելության գործիք պետք է լինի ու որ ընդամենը «նորմալ» պետություն ունենալը, այսինքն` պետություն, որն ապահովում է սեփական քաղաքացիների անվտանգությունը, հնարավորություններ է ստեղծում նրա բարգավաճման համար և որի առաքելությունները ժողովուրդն է որոշում, անարժանապատիվ մի բան էր, որ ընդհանրապես չարժեր նման ճղճիմ առաքելությամբ օժտված պետություն ունենալու համար գլուխ կոտրել։ Դե ավելի վեհ ազգային առաքելությունն էլ, բնականաբար, ինքն ու Արշակ Սադոյանը պետք է սահմանեին։ Մանուկյանի ԱԺՄ-ն ու մի քանի այլ ուժեր 90-ականների առաջին կեսին պահանջում էին ստեղծել Անվտանգության խորհուրդ կոչվող մի հատուկ մարմին, որն օժտված կլիներ ավելի մեծ լիազորություններով, քան նույնիսկ Ազգային ժողովը կամ հանրապետության նախագահը և որը պետք է համալրեին «առողջ ազգային ուժերը»։ Թե ովքեր էին դրանք` բնականաբար իրենք էին որոշողը։ Խորհուրդ եմ տալիս նաև գտնել Մանուկյանի ղեկավարած կուսակցության պաշտոնաթերթի արխիվն ու որոշ ժամանակ անցկացնել դրա ընթերցանության վրա։

Դա անողներն առանց իմ օգնության շատ հարցերի պատասխաններ կարող են ստանալ ժողովրդավարության մասին նրանց պատկերացումների վերաբերյալ, ինչպես նաև տեսնել, թե ինչ նողկանք էին զգում ԱԺՄ-ականները մեր «հիվանդ» ու բարոյական նկարագիրը վերականգնելու կարիք ունեցող ժողովրդի նկատմամբ։ Էլ չեմ խոսում 1996 թ.-ին նրա գրասենյակում հայտնաբերված նոթատետրի սահմռկեցուցիչ բովանդակության մասին։ Ինչևէ, 90-ական թվականներին իսկապես ժողովրդավարության համար լուրջ պայքար էր ընթանում Հայաստանում, և Վազգեն Մանուկյանը ժողովրդավարության ամենաոխերիմ հակառակորդն էր, բայց արի ու տես, որ նա ժողովրդավարության մարտիրոս է դարձել, իսկ ժողովրդավարության գաղափարը նրանից պաշտպանողները ժողովրդավարության թշնամիներ։ 

– Բայց Ձեզ կարող են հակադարձել, որ Մանուկյանին որպես ժողովրդավարության մարտիրոս ընկալելը նրա գաղափարների հետ չի կապված, այլ այն պնդման հետ, որ 1996-ի ընտրությունների արդյունքները կեղծվել են։ 

– Սա այն պնդումներից է, որ մի տեսակ ճշմարտության կարգավիճակ է ստացել գոնե հասարակության որոշակի հատվածի շրջանում, որովհետև շատ կրկնվել է։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչի՞ վրա է հիմնված այդ պնդումը։ Այդ պնդմանն արժանահավատություն հաղորդող ամենակարևոր փաստը դիտորդական առաքելության հայտնի պնդումն էր, որ քանի որ առաջին փուլում քվեների 50 տոկոսը հաղթահարվել էր բավականին փոքր լուսանցքով, արդյունքը վստահություն չէր ներշնչում։ Նման հարցերին մասնագիտորեն չտիրապետող մարդիկ գուցե չնկատեն դա, բայց սա չափազանց անսովոր ու արտառոց գնահատական էր։ Դիտորդական առաքելության գործը կասկածներ սերմանելը չի, այլ կասկածներ փարատելը։ Եթե բավարար փաստեր ունեին պնդելու, որ ընտրությունը կեղծված էր, պետք է բարի լինեին հենց այդպես էլ ասելու։ Իհարկե, այդ պարագայում ստիպված կլինեին ներկայացնելու փաստերը։ Իսկ եթե նման փաստեր չունեին, նրանք իրավունք չունեին նման հայտարարություն անելու։

Կասկածներ արտահայտելը պարզապես դուրս էր իրենց կոմպետենցիայից։ Միակ հետաքրքիր հարցը, հետևաբար, այն է, թե ինչո՞ւ ԺՄԻԳԻ դիտորդական առաքելությունն, այնուամենայնիվ, նման հայտարարություն արեց։ Հիմա մի երկու լրացուցիչ դիտարկում։ Առաջին, նման նեղ լուսանցքով հաղթանակը խնդիր էր լինելու անկախ ընտրությունների մաքրության աստիճանից, քանի որ սա աննախադեպ իրավիճակ էր մեր իրականության մեջ, քանի որ քաղաքական դաշտը չափազանց բևեռացված էր և քանի որ Տեր-Պետրոսյանի դեմ տրամադրված ընտրողների մեծ մասը Երևանում էր կենտրոնացած։ Եթե հիշում եք, նա պարտվել էր Երևանում պաշտոնական տվյալներով։

Երկրորդ, եթե Վազգեն Մանուկյանը համոզված էր, որ հաղթել է, նրան շատ ավելի ձեռնտու էր օրինական կամ գոնե քաղաքացիական անհնազանդության ճանապարհով հասնել իր հաղթանակի ամրագրմանը։ Իսկ նա ընտրեց Ազգային ժողովը գրոհելու ուղին, երբ նրա հետ բանակցություններից ու նրա օրինական պահանջները կատարելուց ոչ ոք դեռ չէր հրաժարվել։ Վերջերս էլ իմացա, որ երբ նրա խոսնակին հարցրել են, թե արդյո՞ք նա պատրաստվում է դատական հայց ներկայացնել 1996թ. ընտրությունների վերաբերյալ, խոսնակն ասել է՝ ոչ ու հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու։ Երրորդ, հատկապես որոշ մարդկանց դեպքում այն աղմուկ-աղաղակը, թե 1996-ին Տեր-Պետրոսյանը բռնատիրություն հաստատեց Հայաստանում, մի տեսակ չի համոզում, որովհետև նույն մարդիկ շատ արագ խաղաղվեցին Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ու մնացին այդ թմբիրի մեջ հաջորդ 20 տարիների ընթացքում` չնայած այն բանին, որ Քոչարյանին, իսկ հետո Սերժ Սարգսյանին իշխանության բերած ընտրությունների կեղծված լինելու մասին ընդհանրապես որևէ կասկած երբեք չի եղել։ Ավելին, ամենակարկառուն աղմկողը` Վազգեն Մանուկյանը, որից այսօր Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում, լծվեց 2008 թ.-ի ընտրագողության ու դրան հաջորդած ոճրագործությունների պաշտպանությանը` դառնալով ղեկավարը մի կառույցի, որի ամբողջ իմաստը դրանց կոծկումն էր։

Ինչևէ, գոնե ինձ համար այս աղմուկի պատճառներն ակնհայտ են։ Խնդիրը 1996 թ.-ի ընտրությունները չեն և երբեք չեն եղել։ Խնդիրը Տեր-Պետրոսյանն էր ու այն ամենն, ինչ նա խորհրդանշում էր և շարունակում է խորհրդանշել։ Խնդիրը նրա դավանած արժեքների ու գաղափարների նկատմամբ որոշ ուժերի ու խավերի դառը և անհաշտ ատելությունն է, ինչպես նաև այն, որ այդ ուժերն ու խավերը մեր հասարակության ամենալավ կազմակերպված ու ամենաաղմկոտ հատվածն էին ու շարունակում են այդպիսիք լինել։ Տեր-Պետրոսյանի դեմ պայքարը նույնիսկ որպես սովորական քաղաքական պայքար չի կարելի բնութագրել, որովհետև դա զուտ պայքար չէր իշխանության համար, այլ պայքար ազգային ինքնության, նրա ըմբռնման ու պետության նրա դավանած հիմնարար սկզբունքների դեմ, իսկ նման պայքարները միշտ էլ առանձնակի արմատականությամբ ու անզիջողականությամբ են աչքի ընկնում։

Ի վերջո` Տեր-Պետրոսյանի հակառակորդները 1991-ի ընտրության արդյունքն էլ օրինակարգ չէին համարում, չնայած այն ժամանակ գոնե ընտրության ազատ ու արդար լինելու վերաբերյալ կասկածի նշույլ անգամ չկար։ Պարզապես 1996-ին Արևմուտքը նրանց բերանում լեզու դրեց։ Նրանք էլ իրենց հերթին հասկացան, որ Տեր-Պետրոսյանին հարվածելու ամենաօպտիմալ ձևը ոչ թե նրան քննադատելն էր «ազգային գաղափարախոսությունը» մերժելու, նորմալ պետության տեսլականի, հարևանների հետ բնականոն հարաբերություն հաստատելու ռազմավարության համար, այլ նրան բռնակալ լինելու մեջ մեղադրելը, մանավանդ որ՝ հիմա այդ աղմուկին ականջ դնող կար։ Շարունակությունը` հաջորդ համարում:  

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ 

Առավոտ

Նախորդ հոդվածը‘Կասորլան 2015 թվականից հետո առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)’