‘2-րդ փուլ, լրագրողների քանակի սահմանափակում, գունավոր թերթիկներ. Նոր ԸՕ-ի «մեխերը»’

1981

Եվրոպական միության Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը: Զուգահեռաբար, դրա հայերեն տարբերակը երեկ հրապարակվել է նաեւ կառավարության կայքում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրել է նախագիծը և առանձնացրել առավել հետաքրքիր նորամուծությունները:

Ընտրական տարածքները

—          41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու): Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք՝ 1-ին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:

ՏԻՄ ձևավորումը՝

—          Բացի Երևանից, այժմ նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից: Մյուս համայնքների մասով էական փոփոխություններ չկան:

Ազգային ժողովի ձևավորումը՝

—          ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101:

—          Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որևէ կուսակցութուն ստացել է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված և ունենում 101 պատգամավոր:
Եթե կուսակցություններից որևէ մեկը 53 մանդատ չի հավաքում, ապա 101 մանդատները բաշխվում են, և անցկացվում է 2-րդ փուլ:

—          Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ներկայացնում են մեկ համապետական համամասնական ընտրական ցուցակ և 13 տարածքային ընտրական ցուցակ (ամեն տարածքի համար՝ մեկական):

—          Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում է կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը  բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև:

—          Ընտրության երկրորդ փուլը անցկացվում է քվեարկությունից հետո 21-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները: Երկորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի ԱԺ-ի 54 տոկոսը:

—          Միաժամանակ, եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավելի քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում է լրացուցիչ այնքան մանդատ, որ կազմեն ԱԺ-ի առնվազն 1/3-ը:

—          Լրացուցիչ մանդատներ են նախատեսված նաև ազգային փոքրամասնությունների համար:

Քվեարկության կարգը՝

—          Յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահամանափակվել է 8-ով:

—          Այժմ ոչ միայն միջազգային, այլև տեղական դիտորդական կազմակերպությունները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում: Այսինքն, նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել:

—          Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե բիոմետրիկ անձնագրերով և թե նույնականացման քարտերով:
Համակարգը ճշտելու է, թե արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը:

Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին,

—          Ազգային ժողովի, ինչպես նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը, և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: Այդ ընտրությունների ժամանակ քվեարկության ծրարները հանդիսանալու են հատուկ հաշվառման փաստաթուղթ:

—          Համամասնական ընտրությունների ժամանակ ընտրողը իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի հակառակ կողմում (ցանկության դեպքում) կատարելու է ռեյտինգային քվեարկություն: Համամասնական ընտրությունների ժամանակ քվեատուփի մեջ գցվելուց առաջ քվեարկության ծրարը դակվելու է հատուկ դակիչով (կնիքի փոխարեն):

—          Բացի երեք մեծ քաղաքներից, այլ համայնքների ղեկավարների և ավագանու ընտրությունը և դրա քվեարկության ընթացակարգը մնացել է նույնը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Նախորդ հոդվածը‘Դեռ տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Անձրևը մաքրում է բոլոր հետքերը, բայց երբեմն էլ բացահայտում է դրանք’