‘2 հովանոց քաղաքապետարանի դեմ, ակտիվիստներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց’

1205

Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 12 օր նստացույց անող ակտիվիստներին այսօր վերջապես հաջողվել է 2 հովանոց ամրացնել աթոռներին՝ չնայած ոստիկանության դժգոհությանը և միջնորդության փորձերին: Այդ մասին հայտնում է Ազատություն ռ/կ-ն: 

Անցած գիշեր նստացույց անող ակտիվիստներից Սուրեն Սահակյանը բարձր ջերմության պատճառով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշել էին՝ արևահարություն: Այստեղ նա կաթիլային ներարկում էր ստացել, և այսօր առավոտյան կրկին վերադարձել էր քաղաքապետարան՝ փորձելով շարունակել նստացույցը: Սակայն այսօր կրկին բարձր ջերմության պատճառով նա ստիպված է եղել դադարեցնել իր բողոքի ակցիան և գնալ տուն:

Իսկ ահա Առավոտ-ը նույն թեմային անդրադառնալով՝ տեղեկացնում է, որ քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակից Վահագն Մինասյանի խոսքերով, երեկ սխալ տեղեկություն է տարածվել, թե երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է իրենց:

«Նա պարզապես փողոցն էր անցնում, անձնագրային բաժնի մուտքին էր մոտենում: Նկատելով նրան, կոնկրետ ես, «Վերջ անպատժելիությանը,սա հանրապետություն է» պաստառը ձեռքիս, վազելով գնացել եմ նրան ընդառաջ, պարզել եմ պաստառը, որ տեսնի` այստեղ ենք , հաստատակամ ենք մեր պահանջների բավարարման հարցում: Նա քայլելով, նույնիսկ չէր սպասում լսել իմ պատասխանը, հարցրեց` ո՞նց եք, ասացի` վատ: Ասաց՝ ձեզ առաջարկել են նստել բանակցությունների սեղանի շուրջ, ասացի` կոնկրետ իր հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկ չի եղել ոչ մեկի կողմից: Իսկ նա արդեն մուտքից ներս էր մտել եւ ասաց` այսօր հրավիրում եմ քեզ, եթե որոշես, եկեք: Կոնկրետ այցելություն չի եղել: Գուցե դա դիտարկվի որպես հրավեր, մեր բոլոր գործողությունները հանրային են, բաց են, սա հանրությանը վերաբերող խնդիր է: Մեր պահանջը միտում ունի պատասխանատվության ինստիտուտ ձեւավորել Հայաստանում, հետեւաբար չենք պատրաստվում որեւէ սենյակի ներսում, փակ դռան հետեւում բանակցության մասնակցել»,- կայքին ասել է ակտիվիստը: 

Նախորդ հոդվածը‘Երեւանի նոր գլխավոր ճարտարապետը Տիգրան Բարսեղյանը կլինի’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանի երազը’