‘$2 մլն տեսագրության համար ‘

993

Գլդանի բանտի նախկին բանտապահ Վլադիմիր Բեդուկաձեն, որը տեսգրել էր կալանավորներ խոշտանգումները, այդ տեսագրության համար երկու միլիոն դոլար է ստացել: Այս մասին տեղեկացնում է  «Վրաստան Online»-ը՝ հղում անելով դատախազությանը: Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի հայտարարության համաձայն՝  գումարը հատկացրել են տեսագրության անանուն պատվիրատուները, սակայն թե կոնկրետ ով է վճարել այն՝ պաշտոնյան չի նշել: Գլդանի բանտում կալանավորների խոշտանգումների տեսագրությունն օրերս ցուցադրվել է վրացական ընդդիմադիր հեռուստաալիքներով: Հեռուստատեսության աշխատակիցները հայտարարել են, որ տեսագրությունն ստացել են Բեդուկաձեից: Բեդուկաձեն Գլդանի բանտի նախկին աշխատակից է, պաշտոնական տվյալների համաձայն՝ նա 2012 թ. մայիսին ազատվել է աշխատանքից և տեղափոխվել Բելգիա: Սեպտեմբերի 18-ին, երբ հեռուստատեսությամբ  ցուցադրվել են խոշտանգումների նկարահանումները, Բեդուկաձեն  ընդդիմադիր «9-րդ ալիք» հեռուստաալիքով եթեր է դուրս եկել և հայտարարել, թե խոշտանգումներն իրականցվել են ՆԳՆ ղեկավարի հրահանգով և պատժի իրականացման գծով նախարար Խաթունա Կալմախելիձեի գիտությամբ:  

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ խոշտանգումների մեղավորները կալանավորված են, իսկ Բեդուկաձեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ընդ որում՝ նախարարությունը հայտարարել է, որ խոշտանգումների կազմակերպիչը եղել է նույն բանտում գտնվող՝ ընդդիմության կողմնակից Թամազ Թամազաշվիլին, որը, ըստ պաշտոնական վարկածի, բանտապահների հետ պայմանավորվել է (որոշակի պարգևավճարի դիմաց), որ նրանք ծեծեն մյուս կալանավորներին և այդ ամենը տեսագրեն՝ այդպիսով իշխանություններին վարկաբեկող նյութեր տրամադրելով ընդդիմությանը: Թամազ Թամազաշվիլին  միլիարդատեր  Բիձինա Իվանիշվիլու ստեղծած ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի կողմնակից է: Ընդդիմությունը հերքում է իր և մասնավորապես՝ Թամազաշվիլիի առնչությունը խոշտանգումներին:

Լուսանկարում՝ Վրաստանի գլխավոր դատախազության շենքը

Նախորդ հոդվածը‘Սիրիայում սպանվել են 100-ից ավելի աֆղանստանցի ահաբեկիչներ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայկական արտադրանքի տոնավաճառ կանցկացվի Մոսկվայում’