‘
Գյումրիում այսօր բողոքի ցույց են անցկացրել 20 համարի երթուղու վարորդները: Այս մասին հաղորդում է Galatv.am կայքը։ Խնդիրն այն է, որ որոշ ժամանակ առաջ, Գյումրու քաղաքապետի որոշմամբ՝ կասեցվել էր 20 համարի երթուղու աշխատանքը:
Քաղաքապետարանից «Գալայի» լրագրողին փոխանցել էին, որ քաղաքապետը գործել է համաձայն կառավարության 2001թվականի օգոստոսի 16-ի 762 որոշման, հայտնաբերվել է պահանջներին անհամապատասխանություն, մի քանի կոպիտ խախտումներ, ինչի արդյունքում կասեցվել է երթուղու գործունեությունը:
Այսօր առավոտյան ճանապարհային ոստիկաններն այցելել են Գարեգին Նժդեհի հրապարակ և հավաքված վարորդներին տեղեկացրել, որ իրենց գործունեությունն անօրինական է, և որ գիծ դուրս եկող ցանկացած միկրոավտոբուս կտեղափոխվի տուգանային հրապարակ, և ցանկացածի նկատմամբ կկազմվի մինչև 50 հազար դրամի ակտ:
Վարորդների փոխանցմամբ՝ երկու մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ ճանապարհային ոստիկանների կողմից: Սա առաջացրել է վարորդների զայրույթը: Վերջիններս որոշել են գնալ կտրուկ քայլերի: Փակել են Նժդեհի հրապարակից քաղաքի տարբեր հատվածներ տանող բոլոր ճանապարհները՝ Գյումրի-Երևան, Գյումրի-Ախուրյան և հարակից տարբեր փողոցների ճանապարհահատվածներ:
Նշենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ 20 համարի երթուղին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Մանրամասները՝ այստեղ։
‘