’20 ձերբակալվածներից մեկը հացադուլ է հայտարարել’

862

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալված 20 անձանցից մեկը` Ավետիս Ավետիսյանը, այսօր հացադուլ է հայտարարել: Մոտ մեկ ժամ առաջ նա դիմում է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին և հայտարարել հացադուլ սկսելու մասին: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ հացադուլ հայտարարած քաղաքացին արդար դատաքննության համար պահանջում է քննության ժամանակ ապահովել հասարակական սեկտորի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայությունը:

Սուրեն Իսկանդարյանը հաստատեց, որ բացի հացադուլ հայտարարած անձից՝ ձերբակալվածների մեջ նաև հոգեկան հիվանդ կա` Անուշավան Գրիգորյանը, որն ընդամենը 20 օր առաջ է դուրս գրվել հոգեբուժարանից: Նրա մայրը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը, և նախաքննական մարմինը խոստացել է հնարավորինս արագ հստակեցնել նրա կարգավիճակը: Իրավապաշտպանի խոսքով՝ նրան կա՛մ պետք է տեղափոխեն այլ վայր, կա՛մ ազատ արձակեն:

Սուրեն Իսկանդարյանն այսօր ևս հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ: Նրա խոսքով՝ հերթական հանդիպման ժամանակ Շանթն ասել է, որ հանդիպում եղել է ոստիկանապետի հետ, սակայն բռնության մասին ոչ մի խոսք չի ասել: «Շանթն ինձ ոչինչ չի ասել բռնության մասին: Ասաց, որ հանդիպում եղել է ոստիկանապետի հետ, բայց ոչ մի բան բռնության վերաբերյալ չասաց: Ընդհանրապես, 20 ձերբակալվածները բոլորն էլ հայտարարել են, որ բռնություն, խոշտանգում չի եղել»:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է ձերբակալվածների պահման վայր և հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ: Նա գրել է նաև, որ Շանթ Հարությունյանը իրեն տեղեկացրել է, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին և նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի` մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:

Նախորդ հոդվածը‘Սամուել Էտո՛օ. Որպեսզի նկարագրենք, թե որքան լավն է Մեսսին, պետք է նոր բառ հորինենք’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 265.000-ով’