‘2008. «Հանել գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից», 2012. «Փնթի ա, փնթի»’

1054

Բոլոր նրանց համար, ովքեր լուրջ կարծում են, թե Սերժ Սարգսյանի շաբաթ օրը անցկացրած կառավարության արտահերթ խորհրդակցությունը, որտեղ նա բողոքում էր «ատկատներից» ու բյուջետային միջոցների վատնումներից, ոչ թե նախընտրական շոու էր, այլ այդ երեւույթների դեմ պայքարի իրական ցանկության դրսեւորում, Սերժ Սարգսյանի հին ելույթներից մեկից հատվածներ ենք ներկայացնում:
Ստորեւ ներկայացվող ելույթը Սարգսյանն ունեցել է 2008-ի հոկտեմբերին` ԱԺ-ում` «Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին եւ Ազգային Ժողովին» վերտառությամբ: Առաջարկում ենք ընթերցողին անցած չորս տարիների հեռավորությունից սեփական հետեւություններն անել, թե որքանով են հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի պաշտոնավարման առաջին տարում հռչակած իդեալներն ու նպատակներն իրականություն դարձել: Արդյոք քաղաքական կամքի բացակայությու՞նը, թե՞ քաղաքական անկարողությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման վերջին տարում ստիպված է իր անփոփոխ վարչապետին հանդիմանել կարեւորագույն ոլորտներում «փնթի» աշխատանքի համար:

«…Այս նոր իրավիճակում, դրական փոփոխությունները դառնում եւ դառնալու են կյանքի նորմ: Այդ միջոցով է, որ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ պետք է արմատավորվի այն ընկալումը, որ պետությունը հենց նրա համար է, որ Հայաստանի Հանրապետությունում ինքն իրեն զգա արժանապատիվ ու պաշտպանված, որ որևէ այլ երկիր այդպես չի պաշտպանելու իր իրավունքները, որքան հայրենիքը: Դա հեշտ չի լինելու, որովհետև մեր քաղաքացիներն այդ ամենի մասին հաճախ չէ, որ լսել են,որովհետև մեր հայրենակիցն այդ ամենը հաճախ չի փնտրել եւ հաճախ էլ չի ստացել:
…Մեր քաղաքականությունը այսուհետ ևս լինելու է կայուն, իրատեսական և հավասարակշռված, բայց մենք պիտի արմատից մերժենք լճացման որևէ հնարավորություն որևէ ոլորտում: Ես չեմ բացառում, որ մենք կարող ենք եւ սխալվել, քանզի չի սխալվում միայն այն իշխանությունը, որը պարզապես ոչինչ չի անում: Ես չեմ բացառում, որ մեր առանձին որոշումներ կարող են,ասենք, իրատեսության պակաս ունենալ: Բայց հաջողության չի կարող հասնել որևէ իշխանություն կամ անհատ, որն անկարող է երազել, որն անկարող է տվյալ պահին ընկալվող իրատեսականության սահմաններից անդին քայլ անել, իր քայլերով մեծացնել այդ նույն իրատեսականության սահմանները: Մենք լինելու ենք նախաձեռնող, բոլոր արատավոր երևույթների հանդեպ մենք լինելու ենք նախահարձակ, մեր քաղաքականությունը լինելու է «ստեղծագործ քաղաքականություն», իսկ մեր երկիրը` դինամիկ ու ճկուն երկիր: Լինելու ենք, որովհետև պե՛տք է լինենք, որովհետև պարտադրված ենք լինելու:

Մեր ու մեր գործելաոճի մասին

Ես արդեն ասացի, որ այսօր պահանջվում է պետական ողջ մեքենայի, իշխանության բոլոր մարմինների գործունակության էականբարձրացում: Այսօր իշխանության յուրաքանչյուր մարմին ոչ միայն պետք է լիարժեք ու արդյունավետ իրականացնի սահմանադրականու օրենսդրական իր առաքելությունը, այլև դրանք բոլորը միասին պետք է դառնան ներդաշնակ համակարգ: Ցավոք, մեզանումբավականաչափ հաճախ է պատահում, երբ կարևորագույն հարցերը լուծվում են, այսպես ասած, ոտքի վրա: Մենք լուրջբովանդակություն պետք է հաղորդենք երկխոսությանը և կոլեկտիվ աշխատանքին, էապես մեծացնենք տարբեր ձևաչափերիխորհրդակցական և կոլեգիալ ինստիտուտների դերը:


Անհնար է կառուցել ամուր պետություն և զարգացած հասարակություն առանց փոխելու հասարակական հարաբերությունների որակը:Ուրեմն, նախ և առաջ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկենք հասարակական հարաբերությունների որակը փոխելու և կոռուպցիայի ախտից ձերբազատվելու համար: Առանց սրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է:

Հետևողականորեն մենք պիտի փոխենք այն մշակույթը, ուր վաստակելու և բարգավաճելու ուղին կեղտոտ, անընդունելի միջոցներով ու զարտուղի ճանապարհներով առողջ մրցակցությունից խուսափելն է, ուր ամենամեծ «տաղանդը» մրցակցությունից խուսափողի ճարպկությունն է, և որը հիմքից խարխլում է երիտասարդ հայոց պետությունը: Միասին պետք է կառուցենք նորարար, հնարամիտ ու մրցունակ անձանց հասարակություն, ուր կոռուպցիան տեղ չունի, ուր կոռուպցիան պարզապես անշահավետ ու անտրամաբանական է:

…Պետական հատվածում շարունակելու ենք արմատավորել բարեխիղճ պետական ծառայությունը: Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից, զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնյայի աթոռին պիտի նստի բարեխիղճ, բացառապես հանուն հանրային շահերի գործող ծառայողը:

Անձանց օրինական շահերի պաշտպանությունը և դրան ուղղված օրենքի գերակայության ապահովումն այլևս քաղաքական կարևորագույն խնդիրներ են: Խորհրդային դարաշրջանում ձևավորված և մեր իրողության մեջ ցավալիորեն արմատավորված «հեռախոսային արդարադատությունը» պիտի աներկբայորեն վերանա` տեղի տալով մեր ամուր քաղաքական կամքին: Պետք է կարողանանք արմատավորել իրավունքի գերակայության վրա խարսխված անկախ արդարադատություն: Անձանց սեփականության իրավունքը և օրինական փոխհարաբերությունները պիտի սրբորեն պաշտպանված լինեն: Պաշտպանը պետք է լինի անկախ Հայաստանի անկախ դատարանը:

Կոռուպցիայի դեմ պայքարը փոխելու է դեմքը, անցնելու ենք առավել անզիջում ու կոշտ միջոցների: Միջազգային չափորոշիչներին համաքայլ, քրեականացնելու ենք կոռուպցիայի ցանկացած դրսևորում: Հասարակության մեջ արմատավորելու ենք կոռուպցիայի հանդեպ բացարձակ անհանդուրժողականության մշակույթը: Պաշտոնի չարաշահումների հայտնաբերման և հետապնդման մակարդակն անշեղորեն աճելու է, որի նախադրյալների վկան ենք արդեն այսօր»:

 

Նախորդ հոդվածը‘Վիլնյուսում տեղի է ունեցել Լիտվա-Հայաստան ֆորումի բացման արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Ռոստովում հայաստանցին ձերբակալվել է մաքսանենգ գործարքի պահին ‘