‘
2008 թվականի մարտի 1-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված՝ Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով, ի թիվս այլ ազատությունների, արդեն պաշտոնապես սահմանափակվեց նաեւ մամուլի ազատությունը:
Հրամանագրի 4-րդ կետով սահմանվում էր. «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»:
Եթե մինչեւ հրամանագիրը տպագիր որոշ լրատվամիջոցներ եւ նոր ձեւավորվող կայքեր դեռ կարողանում էին տեղի ունեցող իրադարձությունների մասին անաչառ տեղեկատվություն հաղորդել, ապա հրամանագրի ստորագրումից հետո դա դարձավ անհնար: Քաղաքացիները հնարավորություն չունեին անգամ համացանցով մուտք գործել իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող մամուլի միջոցների կայքերը, քանի որ փաստացի սահամանափակված էր նաեւ համացանցը:
Ի տարբերություն որոշ տպագիր ԶԼՄ-ների եւ կայքերի՝ հեռուստաընկերությունները մինչեւ հրամանագիրն էլ, ըստ էության, նույնաբովանդակ եւ նույնական տեղեկատվություն էին հաղորդում թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրությունների ժամանակ եւ թե՛ հատկապես ընտրություններից հետո, եւ այդ տեղեկատվությունը, փաստորեն, ատելության խոսքով համեմված հակաքարոզչություն էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա կողմնակիցների, համախոհների եւ հետեւորդների դեմ, եւ դրական քարոզչություն հօգուտ գործող իշխանության՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի: Այս առումով հատկապես աչքի էր ընկնում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որն, ինչպես հայտնի է՝ ֆինանսավորվում է բյուջեից եւ պարտավոր էր հավասար հնարավորություններ ապահովել բոլոր թեկնածուների համար: ԶԼՄ-ների մոնիթորինգով զբաղվող Երեւանի մամուլի ակումբն այդ ընթացքում բազմիցս փաստել էր, որ թեկնածու Տեր-Պետրոսյանի դեմ հեռարձակող ԶԼՄ-ները հակաքարոզչություն են իրականացնում:
Օրինակ՝ 14/02/2008թ.-ին Երեւանի մամուլի ակումբը եւ «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը հրապարակել էին իրենց հերթական զեկույցը` 31/01/2008թ.-ից մինչեւ 09/02/2008թ.-ը ժամանակահատվածում հեռուստաընկերությունների գործունեության մոնիթորինգի արդյունքների մասին:
Զեկույցում մասնավորապես նշվել էր, որ. «… Լեւոն Տեր-Պետրոսյանն անվիճելի առաջատարն է մնում նշանային բնութագրիչ հիշատակումների թվով (146), ավելի ճիշտ՝ բացասական հիշատակումներով (143 բացասական՝ 3 դրականի դիմաց): Հաճախակի են նաեւ Սերժ Սարգսյանի նշանային բնութագրիչ հիշատակումները (83 դրական եւ 24 բացասական): Այս երկու թեկնածուները, ինչպես եւ դիտարկման բոլոր նախորդ փուլերում (8 հեռարձակվող ԶԼՄ-ների դիտարկումն իրականացվել է նաեւ ընտրարշավի նախաշեմին՝ 2007 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին), հակադիր լուսաբանումներ են ստացել: … Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը (Հ1), ինչպես եւ նախորդ տասնօրյակում, օրենքով վերապահված հավասարակշռություն է ցուցաբերել միայն եթերաժամանակի բաշխման հարցում, սակայն` ոչ թեկնածուների լուսաբանման բնույթի (նկատի է առնվում դարձյալ Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին): Նախընտրական քարոզչության հետազոտված 20 օրերին վարչապետը 32 անգամ հիշատակվել է դրական եւ 3 անգամ բացասական համատեքստում: Առաջին նախագահն ունի 27 բացասական եւ ոչ մի դրական հիշատակում: … Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրվել է հետազոտված յոթ հեռուստաալիքների ինֆորմացիոն քաղաքականության եւս մեկ նմանություն. նրանք բոլորը Սերժ Սարգսյանի նախընտրական միջոցառումների մասին ռեպորտաժները հեռարձակում են դրանց անցկացման հաջորդ օրը, այն դեպքում, երբ մյուս թեկնածուների հանրահավաքները, որպես կանոն, լուսաբանվում են նույն օրը: Այս դեպքում էլ ՙԵրկիր մեդիայում՚ ընտրարշավի լուսաբանումն ընդհանուր կանոնից որոշ չափով շեղվում է. այստեղ Սերժ Սարգսյանի միջոցառումներն անկանոն են հայտնվում եթերում, թեպետ նույնպես հեռարձակվում են հաջորդ օրը: Այսպիսով, դիտարկման խումբը ստիպված է դարձյալ կրկնել առաջատար հեռարձակվող ԶԼՄ-ների մեծամասնության կողմից ՀՀ-ում ընտրարշավի լուսաբանման համաձայնեցված (կամ ուղղորդված) քաղաքականության մասին իր ենթադրությունը: … »:
Զեկույցը ներկայացնելիս Երեւանի մամուլի ակումբի նախագահը հայտնել էր, որ. «Սերժ Սարգսյանը դրական կամ չեզոք ֆոնով է լուսաբանվում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` բացասական», եւ որ «կա համակարգված, ուղղորդված քաղաքականություն հեռարձակվող լրատվամիջոցների գործունեության մեջ»:
Ընդ որում, իշխանություններն իրենց հակաքարոզչության մեջ այնքան էին լկտիացել, որ բացահայտ հայտարարում էին, թե փաստացի՝ իրենք են վերահսկում հայաստանյան հարկատուների գումարներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը: Ռոբերտ Քոչարյանն, ինչպես արդեն հիշեցրել ենք, այն ժամանակ ինքն էր հաստատել, որ Հանրայինը եթեր չի տրամադրում Տեր-Պետրոսյանին, եւ մեկնաբանելով այդ փաստը՝ հայտարարել էր, թե կիսում է այդ մոտեցումը:
Բայց սա տեղեկատվական պատերազմի մի կողմն էր միայն: Հայաստանյան իշխանությունները 2008 թվականին վերահսկում էին ոչ միայն տեղական մամուլը, այլեւ տեղեկատվական փաստացի բլոկադա սահմանեցին նաեւ միջազգային հեռուստաընկերությունների պարագայում:
2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ եւ հատկապես դրանից հետո միջազգային մամուլը ուշադիր հետեւում էր Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ, բնականաբար, լուսաբանում:
Եւ ահա, փետրվարի 24-ին հայտնի է դառնում, որ Հայաստանում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն չունեն Հայաստանից տեսանյութեր փոխանցել: Հիշեցնենք, որ այդ օրը երեկոյան ԿԸՀ-ն արտահերթ նիստով հրատապ հայտարարեց նախագահական ընտրությունների արդյունքներն ու ՀՀ նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին:
Փետրվարի 24-ին Ա1+ կայքում հրապարակված ինֆորմացիայում կարդում ենք.
«Հայաստանից «Միր» արբանյակային կապով արտասահմանյան հեռուստաընկերություններին տեսանյութեր փոխանցելը դարձել է անհնար՝ ընտրություններից մեկ օր առաջ, փետրվարի 18-ին:
Արտասահմանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների խոսքերով, «Միր» —ի հայաստանյան մասնաճյուղում հրաժարվել են իրենց սպասարկել՝ նշելով, որ իրենց մոտ «պրոֆիլակտիկա» է:
«Միր»-ը այն հիմնական միջոցն է, որով Հայաստանից արբանյակային կապով տեսանյութեր են փոխանցվում արտասահմանյան հեռուստաընկերությունների:
Միջազգային հեռուստաընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ իրենք, բուն ընտրությունների — դրան հաջորդող օրերին, օգտվել են «EBU» ընկերության արբանյակային կապից: Վերջիններս սակայն արդեն մեկնել են Հայաստանից, եւ արտասահմանյան հեռուստաընկերությունների լրագրողները տարակուսանքի մեջ են. ինչպե՞ս փոխանցել տեսանյութերը:
«Միր» —ի «պրոֆիլակտիկան» ավելի քան տարօրինակ է հնչում հատկապես այս օրերին, երբ ընկերությունը հնարավորություն ուներ լուրջ գումարներ վաստակել: «Միր»-ով տեսանյութ փոխանցելու մեկ րոպեի արժեքը միջինը 200 դոլար արժե»:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք՝ 2008 թվականի մարտիմեկյան սպանդը ոչ միայն ռազմական, ոստիկանական եւ այլ ուժային նախապատմություն է ունեցել, այլեւ, որ ավելի էական է՝ տեղեկատվական, որով էլ հյուսվել է հետագա իրադարձությունների՝ իշխանությունների համար ցանկալի նախապատմությունը:
iLur.am
‘