‘2008-2013 թվականներին Հայաստանում ներդրումներ կատարող 22 երկրներից 13-ը զրոյացրել է ներդրումները’

3623

2008-2013 թվականներին Հայաստանում ներդրումներ կատարող 22 երկրներից 13-ը զրոյացրել է իր ներդրումները, իսկ 4-ը 2014 թվականին կրկին վերադարձել է հայաստանյան շուկա: Միևնույն ժամանակ, Հայաստանում ներդրումներ կատարող երկրների շարքը 2014-ին համալրել է Կուբան, 37.4 մլն դրամի ներդրումներ կատարելով պարենային ապրանքների շուկայում: Հաշվի առնելով այս միտումները, ինչպես նաև ներդրողների ցանկում ավելի համեստ ներդրումներ կատարած մյուս երկրներին, 2014-ի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում ներդրումներ կատարող եկրների ցանկում տեղ է գրավել 19 երկիր, որոնք երկրի տնտեսության իրական հատվածին ապահովել են 289.6 մլրդ դրամի կամ 700.8 մլն դոլարի ներդրումներ, որտեղ օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈւՆ) կազմել է 201.9 մլրդ դրամ (488.5 մլն դոլար): Ներդրումների զուտ հոսքը (առանց մարումների) 2014-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 59.3 մլրդ դրամ կամ 143.5 մլն դոլար:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին 6 տարիներին Հայաստանում իրենց ներդրումները զրոյացրել են Դանիան, Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չինաստանը, Իտալիան, Ավստրալիան, Ուկրաինան, Ավստրիան, Սլովակիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Սեյշելները և Իրանը, որոնցից կրկին հայաստանյան շուկա է վերադարձել 4-ը:

2014-ի առաջին եռամսյակում Հայաստանում կատարած ներդրումների ծավալով առաջատարն է Ռուսաստանը, որին հաջորդում են` Կիպրոսը և Գերմանիան: Այսպես, Ռուսաստանի ներդրումների ծավալը կազմել է 184.5 մլրդ դրամ (որից ՕՈՒՆ-176,4 մլրդ) , Կիպրոսինը`27.2 մլրդ դրամ (առանց ՕՈւն-ի), Գերմանիա` մոտ 26 մլրդ դրամ (ներառյալ ՕՈՒՆ — 6.9 մլրդ): Չորրորդ տեղում է Մեծ Բրիտանիան` 10.5 մլրդ դրամ (ներառյալ ՕՈՒՆ — 10.4 մլրդ), իսկ հինգերորդ տեղում են Նիդեռլանդները`9.6 մլրդ դրամ (առանց ՕՈՒՆ-ի): Առաջատարների տասնյակում են նաև Լիբանանը (6.7 մլրդ դոլար), Հունգարիան և Ֆրանսիան  (5.9 մլրդ դրամ), Վիրջինյան կղզիները (5.3 մլրդ դրամ), Իռլանդիան (4.9 մլրդ դրամ): Ներդրումների ծավալով վերջին երեք տեղերում են Կանադան`20.8 մլն դրամ (2.3 մլն. ՕՈւՆ), Կուբան`37,4 մլն դոլար (լրիվ` ՕՈւն) և Իրանը 45.6 մլն դրամ (լրիվ ՕՈՒն):

Ներդրումների ոլորտում Ռուսաստանը շեշտը դնում է գազի, ինչպես նաև մեծածախ առևտրի, շինարարության, դեղագործության ոլորտներում, Կիպրոսը` հիմնական մետաղների արտադրության, մետաղական հանքավայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում, Գերմանիան` լեռնահումքային և հիմնական մետաղների արտադրության ոլորտներում:

Նշենք, որ 2009-2013 թվականներին (առաջին եռամսյակ) դեպի Հայաստանի տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը կրճատվել են 42.2%, որի կառուցվածքում ՕՈՒՆ գծով անկումը կազմել է 2.4 անգամ: 2014 թվականից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, վերանայել են օտարերկրյա ներդրումների հավաքագրման և հաշվարկման մեթոդաբանությունը, ըստ «Վճարային հաշվեկշիռ և միջազգային ներդրումային դիրքի» թիվ 6 հրահանգի, որով նոր ձևով են դասակարգվում օտարերկրյա ներդրումների բաղադրիչները, ինչի պատճառով էլ բացակայում է տարեկան դինամիկան: Օտարերկրյա ներդրումների տարեկան դինամիկան ապահովելու համար 2013 թվականի համապատասխան ժամանակահատվածները (ըստ եռամսյակների) կճշգրտվեն մեկ տարվա ընթացքում, ըստ թիվ 6 նոր հրահանգի, նախկին` թիվ 5 հրահանգի փոխարեն: Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումները նոր մեթոդաբանությամբ հաշվարկելիս ՕՈՒՆ զուտ ներհոսքը (69.6 մլրդ դրամ) գերազանցել է ընդհանուր ներդրումների զուտ հոսքին (59.3 մլրդ դրամ), որտեղ ՕՈՒՆ-ը, ըստ էության, արդեն ներառված է, հետևաբար, ներդրումների ընդհանուր ցուցանիշը չի կարող այն գերազանցել:

Նախորդ հոդվածը‘Դալիի փարիզյան թանգարանից գողացել են նրա «Ժամանակի կիսադեմը» քանդակը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական հաշվեկշիռը 2014 թվականի հունվար-ապրիլին կազմել է 879,8 մլն դոլար’