‘2012թ. Հեռուստամարաթոնի գումարների ընդամենը 0,5%-ն է հատկացվել սիրիահայերին. տվյալներ’

1456

Ըստ պաշտոնական վիճակագրության, Սիրիական ճգնաժամի արդյունքում մինչեւ վերջերս Սիրիայից Հայաստան են ժամանել 15-16 հազար հայեր, որոնցից 5 հազարը որոշ ժամանակ անց մեկնել է Հայաստանից: Այսինքն, ըստ պաշտոնական վիճակագրության, այժմ Հայաստանում մոտ 10-11 հազար սիրիսհայ կա:

Ներկայում Երեւանում հաճախ կարելի է հանդիպել սիրիահայերի, ովքեր դժգոհում են, որ աշխատանք չունեն, օգնություն չեն ստանում, հետներն էլ բերած դրամը՝ ավարտվել, կամ ավարտվում է: Հիշում են, որ անցած Ամանորին Քուվեյթի կառավարությունը 300 հազար դոլար նվիրաբերեց Սփյուռքի նախարարությանը՝ սիրիահայերի կարիքների համար, այնինչ, նրանց օգնելու փոխարեն՝ իրենց բաժանեցին «Երեւան-Սիթի»-ի քարտեր՝ խանութից որոշակի սահմանափակ գումարով առեւտուր անելու պայմանով: Ոմանք էլ աղոտ հիշում են, որ անցած տարի՝ սիրիական ճգնաժամի ամենաթեժ պահերին, Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող Հեռուստամարաթոն 2012-ի ժամանակ հայտարարվեց, որ հավաքվող գումարների մի մասը կհատկացվի սիրիահայերի կարիքներին: Ու քանի որ Սիրիայում իրավիճակը թեժ էր, սպասվում էր, որ կազմակերպիչները այնքան ազգային եւ պետական մտածելակերպ կունենան, որ արտակարգ իրավիճակներում կկարողանան արտակարգ որոշումներ կայացնել: Ասել է թե՝ կհասկանան, որ այս պարագայում սիրիահայերի խնդիրներն առաջնային են, եւ դրանք լուծելու նպատակով ավելի շատ գումար կհատկացնեն: Բայց ինչպես տեսանք, չեղավ նման բան:

Այժմ անցնենք թվերին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի` նախորդ տարի անցկացված դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել էր  ավելի քան 21 միլիոն ԱՄՆ դոլար՝ 8.5 մլրդ դրամ: Գումարը, ինչպես նշեցինք, նախատեսված էր ուղղել Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև` սիրիահայերի խնդիրների լուծմանը։

Հիմնադրամից iLur.am-ին փոխանցված տվյալների համաձայն, գումարից ընդամենը 163 միլիոն դրամ (400 հազար դոլար) է հատկացվել սիրիահայերի խնդիրների լուծմանը: Ընդգծենք, որ սա հավաքագրված գումարի 0,5 տոկոսն է:

Ընդ որում, հիմնադրամի` սիրիահայերին հատկացված գումարներն ուղղվել են ինչպես Հայաստան ներգաղթած, այնպես էլ՝ Սիրիայում մնացած հայերի խնդիրներին:  Գումարի առյուծի բաժինը` 110 միլիոն դրամ (200 000 եվրո) փոխանցվել է սիրիահայության «Շտապ օգնության եւ վերականգնման մարմնին»` հիմնականում Հալեպի հայկական վարժարանի ուսուցիչներին աշխատավարձը վճարելու նպատակով: Բացի սրանից, եւս 10 հազար դոլար` ավելի քան 5 միլիոն դրամ, հատկացվել է Սիրիայի հայ վարժարանների տնօրինությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ապաստանած սիրիահայերին, ապա համահայկական նվիրատվություններից ստացված 8.5 մլրդ-ից 26 միլիոն 313 հազար դրամը հատկացվել է Երեւանի բուհերում սովորող շուրջ 110 երիտասարդների ուսման վարձերի վճարմանը, եւս շուրջ 5 միլիոն դրամ` Երեւանի Կիլիկյան դպրոցում (որը, ի դեպ, արդեն փակվել է) սովորող սիրիահայ երեխաներին:

Հիմնադրամի միջոցներից հատկացված եւս 17 միլիոն դրամի շնորհիվ շուրջ 500 մեր հայրենակիցներ կարողացել են Երեւան հասնել 2 չարտերային չվերթներով:

Հեռուստամարաթոնի ժամանակ հավաքագրած միջոցների մի մասն էլ հատկացվել է մասնավոր խնդիրների լուծմանը. 6 անձանց սրտի վիրահատության ծախս, հուղարկավորությունների ծախս եւ այլն:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համահայկական հեռուստամարաթոնի հավաքագրած գումարների միջոցներից օգտվել են շուրջ երկու հազար սիրիահայեր:  

Այս պահին Հիմնադրամի տրամադրության տակ սիրիահայերի խնդիրների լուծմանը հատկացվելիք միջոցներ այլեւս չկան: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուտամարաթոն 2013»-ը տեղի կունենա այս ամսվա վերջերին: Արդեն մեկնարկել է sms-դրամահավաքը:  Առայժմ պաշտոնապես հայտարարվում է, որ դրամահավաքից առաջացած միջոցները ուղղվելու են Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ճանապարհի կառուցմանը, սակայն հուսանք, որ դրանից որոշակի գումար կհատկացվի նաեւ սիրիահայերի խնդիրներին: Իհարկե, կարելի է ասել, որ Արցախի, եւ ընդհանրապես` Հայաստանի զարգացումը կնպաստի սիրիահայերի խնդիրների լուծմանը, եւ ի վերջո, Արցախի զարգացմանն ուղղված գումարները անուղղակիորեն օգնելու են նաեւ, որպեսզի մասնավորապես ԼՂՀ-ում հաստատված սիրիահայ հայրենակիցների համար տանելի պայմաններ ստեղծվեն: Սակայն կրկնենք, որ հրատապ խնդիրը հրատապ լուծում է պահանջում, եւ պետք էր ակնկալել, որ համայն հայության կողմից նվիրաբերվող գումարների ավելի նշանակալի մասը ուղղակիորեն կհասցեագրվի աղետի մեջ գտնվող սիրիահայերին:

Նշենք նաեւ, որ 7733 կարճ համարին սեփական անունազգանունով կամ դատարկ հաղորդագրություն ուղարկելով, կամ 0 9000 8000 հեռախոսահամարին զանգ կատարելով` կարելի է 500 դրամ փոխանցել «Հայաստան» հիմնադրամի հաշվեհամարին:

Տեղեկանք. Սիրիայում նախագահ Բաշար ալԱսադի իշխանությունների եւ զինված ընդդիմության միջեւ հակամարտությունը սկսել է 2011-ի մարտին: Շուրջ երկուսուկես տարի տեւած քաղաքացիական պատերազմը հսկայական տնտեսական վնաս է հասցրել երկրին: ՄԱԿի տվյալներով, այս ընթացքում պատերազմին զոհ է գնացել առնվազն 120 հազար մարդ: Ավելի քան 7 միլիոն մարդ ստիպված է եղել լքել երկիրը: Այդ թվում` շուրջ 7 հազար մարդ հանգրվանել է Հայաստանում (ՀՀ ԱՎԾ տվյալներով` 15-16 հազար): Մինչեւ սիրիական ճգնաժամի մեկնարկը Սիրիայում բնակվում էին շուրջ 100 հազար հայեր, նրանցից շուրջ 60 հազարը` Հալեպում:

Նախորդ հոդվածը‘Իրանցիները խրախուսում են բարեկամությունն ԱՄՆ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը գերմանացիներին կպատմի, թե ինչպես էր ԱՄՆ-ն գաղտնալսում Անգելա Մերկելին’