‘2012-ի մշակութային տասնյակը. Մամուլ’

698

Ամփոփելով 2012-ի մշակութային տարին, «Հրապարակը», նախռաջ առանձնացրել է բոլոր այն իրադարձությունները, դեպքերը, որոնք մշակութային լինելուց բացի նաև մեծ քննարկում ու հասարակական ուշադրություն են առաջացրել: Ահա այդ իրադարձությունները.

Եվ այսպես 10-րդ հորիզոնականում ամիսներ շարունակ քննարկվող Հայաստանի մասնակցության հարցն էր Բաքվում կայանալիք մեծահասակների «Եվրատեսիլին»: Ու չնայած շոու-բիզնեսում շատ էին «մահապարտ» երգիչ-երգչուհիները, ովքեր անգամ կյանքի գնով պատրաստ էին գնալ Բաքու, բայց երկար-բարակ քննարկումներից հետո, գրեթե վերջին պահին, Հանրայինը հրաժարվեց մասնակցել մրցույթին, ինչի համար էլ ստիպված եղավ տուգանք վճարել: Մյուս իրարանցումը կապված էր մանկական «Եվրատեսիլի» հայկական զեղծարարության հետ, որի ժամանակ հաղթող ճանաչված «Compass band» խումբը, շրջանցելով մրցույթի կանոնները, կեղծել էր մասնակիցների տարիքը: Այնուամենայնիվ, խումբը մեկնեց Ամստերդամ և մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը:

9-րդ հորիզոնականում ընդգրկել ենք կրկին օրեր շարունակ քննարկման և լուսաբանման առարկա դարձած երկու դեմքեր և դեպքեր, որոնցից մեկը գրող Լուսինե Վայաչյանի հիվանդության պատմությունն էր, որի հիվանդ լինելուն շատերը չէին հավատում, բայց որի կյանքի փրկության համար ստեղծվեց «Փրկենք Լուսինե Վայաչյանին» խումբը, գրողները մի քանի ակցիա իրականացրին, բայց պարզվեց, որ հավաքված գումարը Վայաչյանին բավարարել էր միայն Ֆրանսիա հասնելու համար, նա Ֆրանսիա հասնելուն պես ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հիմա գտնվում է դրախտում` փախստականի դրախտում, և պայքարող մարդ է ման գալիս այնտեղ: Պայթեցված «DIY» ակումբի սեփականատեր Ծոմակն իր հայտարարությունների մեջ ավելի առաջ գնաց և Հայաստանից հեռանալուց հետո հարցազրույց էր տվել հեռավոր Շվեդիայից` Հայաստանն անվանելով «քաքոտ» երկիր, որից ինքը հազիվ հեռացավ:

8-րդ տեղում է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան պատմությունը, որը 145 հազար դոլարով ձեռք բերեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` տան բանալիները նվիրաբերելով Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին:

7-րդ հորիզոնականը թատերական է ստացվել. 3.5 տարի անց վերջապես Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը գլխավոր ռեժիսոր ունեցավ, սերիալներում նկարահանվող Տիգրան Գասպարյանը դարձավ Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսոր, ում բեմադրած «Ձոն արքա» ներկայացումը` որքան էլ ասում էին, թե մեծ հաջողություն է ունեցել Լոնդոնում կայացած շեքսպիրյան միջազգային փառատոնում, այնուամենայնիվ, նույն հաջողությունը չկարողացավ կրկնել Հայաստանում և մի շարք թատերագետների կողմից ստացավ «խաղում ենք Ձոն արքա» անվանումը:

6-րդ տեղում է աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի այցը Հայաստան, ում այցելությունն իսկական իրարանցում առաջացրեց նրա հայ ֆանատների շրջանում, որոնց մեջ, պարզվեց, քիչ չէին նաև լրագրողները:

5-րդ հորիզոնականում են քաղաքապետարանի կողմից տեղադրված մեր մեծերի` Մհեր Մկրտչյանի, Չարենցի, Սևակի և այլոց «ժամանակավոր» արձանները, որոնք եթե մի շարք քանդակագործների կողմից որակվեցին անճաշակություն, անգամ սրբապղծություն, ապա քաղաքապետարանը դրանք կոչեց քաղաքային ինստալացիաներ:

4-րդ հորիզոնականում տարվա ընթացքում առաջ քաշված մի շարք նախագծերն են, դրանցից մեկը Կոմիտասի այգու տարածքում Կոմիտասի թանգարան կառուցելու նախաձեռնությունն էր, որին դեմ էին բնապահպանները, հաջորդը «Հաղթանակ» զբոսայգու բարձունքին «Նյյան տապան» համալիր կառուցելու առաջարկն էր, որի դեմ բերվող փաստարկներից մեկն էլ սեյսմավտանգության հարցն էր և տապանը «քյաբաբնոց» դարձնելու վախը: Հանրային մեծ քննարկում ծավալվեց նաև Համազգային թատրոնի շենքի նախագծի շուրջ, որին հատկացված տարածքին դեմ են ճարտարապետները:

3-րդ հորիզոնականում է տարվա ընթացքում ամենաշատ քննարկված քաղաքական գործիչներից մեկի, բայց նախևառաջ գրող Վանո Սիրադեղյանի անձը, նրա վերադարձի պահանջով կազմակերպված ստորագրահավաքը և նրա` «Հրապարակին» ուղղված նամակը:

2-րդ տեղում են իրար հետ ոչ մի կապ չունեցող, ինչպես նաև ռեժիսուրայի տարբեր աշխարհընկալումներ ունեցող 2 ռեժիսորներ, առաջինը կլիպմեյքերի համբավով, բայց անսահմանափակ բյուջեով, իշխանության հավանության ներքո «Նժդեհի» մասին ֆիլմ նկարող Հրաչ Քեշիշյանն է և երկրորդը` համաշխարհային ճանաչում ունեցող, սակայն միայն վերջերս ՀՀ քաղաքացու կոչում ստացած և ֆինանսների բացակայության պատճառով իր «Homo Sapiens» ֆիլմը չնկարած մեծ վավերագրող Արտավազդ Փելեշյանը, ում լռությունն ավելի խոսուն է շատերի խոսքից:

Տարվա գլխավոր և չստացված իրադարձությունը Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն էր ու այդ տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումները, որոնք միջոցառումից ավելին չդարձան: ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ անելուց հետո գրքի վաճառքի վրա ավելացավ 20 տոկոս ԱԱՀ: Այնուհետև պետությունն արգելանքի տակ վերցրեց մի ողջ գրքի տպաքանակ, որը հենց պետպատվերի շրջանակում էր տպագրվել. խոսքը Դավիթ Գասպարյանի «Գիրք մնացորդաց» Չարենցի անտիպ ժառանգության մասին է: Եվ որքան էլ մշակույթի նախարարությունը հայոց այբուբենն ուղարկեց տիեզերք և բազմաթիվ միջոցառումներ կազմակերպեց «Դարձ առ գիրքը» խորագրով, միևնույն է` դարձի եկողներ քիչ եղան, որովհետև դրանք կազմակերպված էին հիմնականում վատ և անճաշակ:

Նախորդ հոդվածը‘Տաղանդավոր ֆուտբոլիստը մանրադրամ չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Արման Հովհաննիսյանը՝ Մադոննայի, Բյոնսեի, Շաքիրայի, Ռիհաննայի շարքում. Մամուլ ‘