‘2013թ. 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք. Տեսանյութ’

739

Այսօր նշվում է երեխաների դեմ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրը: Ըստ ոստիկանության տվյալների` 2013թ. 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է երեխաների հանդեպ բռնության 199 դեպք, որից 19՝ ներընտանեկան բռնության:
«Այսօր օր օրի մեծանում է այն անձանց քանակը, ովքեր գալիս են ոստիկանություն՝ խնդրելով օգնել իրենց»,- «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը: Նրա պնդմամբ, ՀՀ-ում մարդուն ծնողական իրավունքից զրկում են ծայրահեղ դեպքերում՝ դրա համար ունենալով մեծ ապացուցողական բազա: «Տարվա կտրվածքով 2-3 նման դեպք կարող է ունենանք: Ծնողական իրավունքներից զրկվում են հիմնականում այն դեպքում, երբ երեխային շարունակ մուրացկանության են դրդում»,- ասաց Դուրյանը:
 
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, Հայ օգնության ֆոնդի Երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը վստահ է, որ երեխաների հանդեպ բռնության դեպքերի մեծ տոկոս կա, որն ավելի շատ սոցիալական, քան քրեական դաշտում է. հոգեբանական ճնշումներ, անտեսում: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը նշեց, որ ցանցի անդամ ՀԿ-ներն աշխատում են շուրջ 1500 երեխայի հետ: Բացի ֆիզիկական բռնության դեպքերից (255 դեպք)՝ կան նաև այլ տեսակի բռնություններ, օրինակ՝ անտեսման դեպքեր (524 դեպք): «Ընտանիքներին մեծ սոցիալական փաթեթ ենք տրամադրում: Բայց միշտ չէ, որ ընտանիքում կարողանում ես փոփոխություններ մտցնել»,- ասում է Գարանֆիլյանը:
«Վորլդ Վիժն Հայաստանի» ՀԿ-ի «Կառավարության ներգրավմամբ երեխաների բարեկեցության համակարգի բարեփոխում» ծրագրի համակարգող Ռոման Հարությունյանի խոսքով՝ իրենք ձգտում ենք հասնել նրան, որ հանրությունը ճիշտ ընկալի բռնություն երևույթը: «Ոմանց կողմից բռնությունը ընկալվում է միայն որպես ֆիզիկական կամ սեռական բռնությունը,- ասում է Հարությունյանը և հավելում,-այսօր հոգեբանական բռնությունն ավելի քիչ է կարևորվում, քան երբ մենք փողոցում տեսնում ենք ֆիզիկական բռնություն»:
Միրա Անտոնյանը փաստեց, որ ցավոք, Հայաստանում չկա մշակված ընթացակարգ, թե ինչ պետք է անի շարքային քաղաքացին` լսելով հարևանի երեխայի լացը, ուսուցիչը` տեսնելով վնասվածքներով աշակերտի, դաստիարակը`առնչվելով պրոբլեմային ընտանիքից եկող երեխայի:
Միաժամանակ Անտոնյանը հրապարակեց 0800 61111 հեռախոսահամարը, որով կարելի է զանգահարել, երբ կա կասկած, որ երեխան բռնության է ենթարկվում, իսկ քաղաքացին չի կարող մտնել այդ ընտանիք և անձամբ պարզել պատճառը: «Մենք կայցելենք այդ ընտանիք, և կփորձենք լուծում գտնել հնարավոր խնդրին»,- ասաց Միրա Անտոնյանը:

Նախորդ հոդվածը‘Երեւանում սիրիահայ երիտասարդների են դանակահարել’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը կտեղափոխվի հոգեբուժարան’