‘2013 թվականին ՀՀ արտաքին պարտքը կկազմի 4,042 մլդ դոլար ‘

1143

Օրերս iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, մեկնաբանելով վարչապետի այն դիտարկումը, թե 2013 թվականին կդիտվի արտաքին պարտքի նվազում, հարց էր բարձրացրել, թե ինչպես պետք է կառավարությունը կրճատի արտաքին պարտքը, երբ բյուջեում նախատեսված  3 մլրդ 800 մլն-ից այն դարձել է 4 մլրդ 200 մլն, այսինքն, ըստ  Բագրատյանի դիտարկման՝ ստացվում է, որ արտաքին պարտքը կավելանա 11%,-ով այլ ոչ թե, ինչպես ասում է վարչապետը, կնվազի:

Այնինչ iLur.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր խորհուրդ տվեց հաշվի առնել պաշտոնական տվյալները և լսել կոնկրետ պաշտոնական խոսք:

«Եթե պետք է լինեն կարծիքներ, ապա կարող եք դա օգտագործել, սակայն ընդհանուր առմամբ իմ խորհուրդն է՝ հետևեք պաշտոնական թվերին, քանի որ սովորություն է դարձել այս կամ այն պատճառով պաշտոնական տվյալները չօգտագործել, այլ հղում անել պատգամավորների անձնական կարծիքների վրա», — եզրափակեց Կարեն Ավագյանը:

iLur.am-ը, լսելով Կարեն Ավագյանի խորհուրդը, ուսումնասիրեց պաշտոնական տեղեկատվությունը և պարզեց հետևյալը.

2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 3,568 մլդ  դոլար:

2012 թվականի տարեվերջին կկազմի մոտ 3,859 մլդ դոլար:

2013 թվականի ընթացքում ՀՀ ԱՊՊ գծով նախատեսվում է ստանալ մոտ 537 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտավորությունների գծով՝ 413 մլն ԱՄՆ դոլարի

արտաքին միջոցներ:

2013 թվականի ընթացքում ԱՊՊ գծով նախատեսվում է սպասարկել մոտ 418.6 մլն ԱՄՆ դոլար՝ 354.2 մլն ԱՄՆ դոլար հիմնական գումարի մարման գծով, և մոտ 64.4 մլն ԱՄՆ դոլար՝ որպես տոկոսավճար, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտավորությունների գծով մոտ 167.4 մլն ԱՄՆ դոլարի հիմնական գումարի մարում և 56.0 մլն ԱՄՆ դոլարի տոկոսավճար:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ 2013 թվականի տարեվերջին ՀՀ ԱՊՊ-ն  կկազմի մոտ 4,042 մլրդ դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Վաղը բողոքի ցույց կանցկացվի՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացին մարդկանց աչքի առաջ բառի բուն իմաստով կորցրել է գլուխը (տեսանյութ) ‘