‘2013-ին կգնա՞ Վովա Գասպարյանը պետական հանցագործության’

1457

Նախընտրական տրամադրությունների և հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքները վկայում են, որ Սերժ Սարգսյանի վերարտադրվելու միակ հույսը մնացել են ոստիկանության  կեղծ անձնագրերը: Մոդելն, ըստ որոշ պնդումների, առաջին անգամ փորձարկվեց դեռ 2007-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ այս մայիսին կայացած ԱԺ ընտրություններում էլ դրանք` մոտավոր հաշվարկով ՀՀԿ-ին ապահովեցին 300. 000 ձայն:

Անշուշտ, նախագահական ընտրությունները էապես տարբերվում են խորհրդարանականից: Փորձը ցույց  է տալիս, որ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ երկրում ձևավորվում է մի մթնոլորտ, որտեղ գնալ խոշոր պետական հանցագործության և մնալ ստվերում` գործնականում անհնար է: 

Եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գնաց այդ քայլին, և կազմակերպեց կեղծ անձնագրերով քվեարկություն, ապա վաղ, թե ուշ նա դրա համար պատասխան է տալու: Ընդորում,  ուշը վերացական գաղափար չէ: Իշխանական մթնոլորտի տեսանելի փոփոխության դեպքում նա կարող է լինել առաջին մարդը, ով կանգնելու է դատարանի առաջ: Իվանիշվիլիի հաղթանակից հետո առաջինը ճաղերի ետևում հայտնվեց ոստիկանապետ Բաչո Ախալայան:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ս. Սարգսյանը հստակ զգուշացվել է արևմտյան պետությունների կողմից, որ կեղծ անձնագրերով քվեարկության դեպքում Հայաստանը և անձամբ ինքը ենթարկվելու են  ամենակոշտ սանկցիաների: Այս պարագայում, Արևմուտքը մտահոգ է, ոչ այնքան Հայաստանի ճակատագրով, այլ իր խնդիրներով: Արևմուտքը մտահոգված է կեղծ անձնագրերի անվերահսկելի  տարածմամբ, և իր տարածք` այլ անձանց չվերահսկվող մուտքով:

Իհարկե, այսօր, Վովա Գասպարյանը հավաստիացնում է Սարգսյանին, թե «հարց չկա, անձնագրերը տպված են, ամեն ինչ նորմալ կլինի»: Այլ հարց է, սակայն, արդյո՞ք վերջին պահին նա կգնա պետական հանցագործության, թե՞` ոչ:  Այստեղ արդեն կա առնվազն երկու գործոն, որը կարող է նրան ետ պահել այդ քայլից` վախը և խիղճը:

Իր անցած ճանապարհով, Վովա Գասպարյանն ապացուցել է, որ առանձնապես սուրբ չէ, որքան էլ խաղա և ներկայանա այդպիսին: Ժամանակին  նրանից երես են թեքել նրա բոլոր վստահելի և հավատարիմ ընկերները: Ի դեպ, ժամանակին, այդ թեմայով մի շատ հետաքրքիր տեսանյութ կար youtube-ում, որը հանվեց, բայց կարող է ամեն օր վերականգնվել: Երբ, Վ. Գասպարյանը նշանակվեց ոստիկանապետ, համակարգում աշխատող և նրան լավ ճանաչող մի մեծ խումբ անձինք ազատման դիմումներ գրեցին: Ցանկացած երկրում սա կստիպեր երկրի նախագահի աթոռին նստած անձին չնշանակել նման մարդուն Ոստիկանապետի պաշտոնում, բայց Հայաստանում այլ բարոյական արժեքներ են տիրում: Հուսանք` ժամանակավորապես: 

«Սրբությանը» զուգահեռ, Վովա Գասպարյանը մի այլ լեգենդ էլ է իր մասին փորձում տարածել. լեգենդ դուխի մասին: Բայց որքան էլ ոստիկանապետը ջանքեր թափի, հայաստանյան հանրությունը լավ է հիշում նրա պահվածքը հոկտեմբերի 27-ից հետո: 2008-ի մարտի մեկն էլ է հիշում: Եւ հենց այս մարդն էլ այսօր հանուն Սերժ Սարգսյանի նորից կանգնած է հանցագործության ճանապարհին, եւ Վովա Գասպարյանի ընտրությունը մեծ չէ. կամ գնալ պետական հանցագործության, կամ` այս անգամ չգնալ: Իսկ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դերը այս փաստի արձանագրումն է և Վլադիմիր Գասպարյանի հետագա գործունեությունը խոշորացույցի տակ պահելը:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանը պետք է տնտեսապես «հետաքրքիր» դառնա Ռուսաստանի համար. Բիձինա Իվանիշվիլի’
Հաջորդ հոդվածը‘«Հակահարված» art խմբի անդամները հեռացել են ոստիկանությունից (տեսանյութ)’