‘2013-ին Հոլիվուդում ամենաշատ վաստակած դերասանները’

4189

2013-ը մոտենում է ավարտին, և բազմաթիվ արտասահմանյան ամսագրեր սկսել են տարվա ամփոփումը: Forbes-ը նույնպես հետ չի մնում և հրապարակել է 2013-ի ընթացքում Հոլիվուդում ամենաշատ վաստակած աստղերի ցանկը: Ցանկը կազմելիս Forbes-ը հաշվի է առել դերասանների՝ ֆիլմերից ստացած կանխավճարները, վարձույթից ստացած շահույթը և նրանց գովազդային պայմանագրերը: Ամսագիրն այս ամենը կազմել է դերասանների գործակալների և հոլիվուդյան իրավաբանների հետ միասին:

 

10. Լիամ Նիսոն, եկամուտը՝ 32 մլն $

Շատերին «Շինդլերի ցուցակից» ծանոթ դերասանը չի ընգրկվում նույնիսկ 100 ամենաազդեցիկ աստղերի ցանկում, բայց դա նրան չի խանգարում եզրափակել 2013-ին ամենաշատ վաստակած դերասանների 10-յակը: 2012-ից սկսած՝ դերասանի մասնակցությամբ էկրան է բարձրացել 8 ֆիլմ, որոնցից ամենահնչեղը, իհարկե, «Մռայլ Ասպետը. Լեգենդի վերածնունդն» էր:

9. Դենզել Վաշինգտոն, եկամուտը՝ 33 մլն $

Դժվար է հավատալ, բայց դեկտեմբերին Վաշինգտոնը կդառնա 59 տարեկան, ինչն ամենևին չի խանգարում նրան շարունակել համարվել ամենապահանջված սևամորթ դերասաններից մեկը: 2012-ի ավարտին էկրաններ բարձրացած «Անձնակազմ» ֆիլմն ընդամենը 31 մլն $ բյուջեով ապահովեց 161 մլն $ եկամուտ, Վաշինգտոնը նոմինացվեց «Օսկարի», իսկ այս տարի նա նկարահանվեց «2 Զենքը» ֆիլմում:

8. Թոմ Կրուզ, եկամուտը՝ 35 մլն $

Անցյալ տարվա այս ցուցակը գլխավորող Թոմ Կրուզի եկամուտները կրճատվել են կրկնակի: Forbes-ը ընդգծում է, որ Կրուզը շարունակում է ավելի մեծ գումարներ աշխատել Հոլիվուդից դուրս, չնայած «Ունայնությունը» մեծ հաջողություն ունեցավ նաև ԱՄՆ-ում:

7. Ադամ Սենդլեր, եկամուտը՝ 37 մլն $

Հոլիվուդում արդեն մի քանի տարի է, երևի թե՝ «Քլիքից» հետո, նրա համար փնտրում են տարբեր ուղիներ, որով դերասանը կարող է հետ բերել իր նախկին փայլը: Իսկ այս 10-յակում Սենդլերի տեղը պայմանավորված է ոչ թե «Համադասարանցիներ 2»-ով, այլ «Հրեշներն արձակուրդներին» մուլտֆիլմում Դրակուլայի ձայնավորմամբ:

6. Լեոնարդո Դի Կապրիո, եկամուտը՝ 39 մլն $

«Ջանգո», «Մեծն Գեթսբի» և վերադարձ Սկորսեզեի մոտ՝ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում: Եվ եթե հաշվի առնենք այն, որ միայն «Ջանգոն» վարձույթից բերեց մոտ կես միլիարդ $ եկամուտ, հասկանալի է դառնում, որ 10-յակում Դի Կապրիոյի տեղն ապահովված էր:

5. Դուեյն Ջոնսոն, եկամուտը՝ 46 մլն $

Ռեսլինգի նախկին աստղը մի քանի տարիների ընթացքում վերածվեց բարձրակարգ դերասանի, և չնայած այս կարծիքը քննարկելի է, բայց Ջոնսոնը Հոլիվուդում արդեն իսկ ավելի շատ է աշխատում, քան նույն Դի Կապրիոն, չնայած նրանց վարպետության տարբերությունը քչերը կհամարձակվեն քննարկել: «Ֆորսաժի» 6-րդ մասը հավաքեց մոտ 700 մլն $ եկամուտ, ինչից հետո Ջոնսոնը տեղափոխվեց հեռուստատեսություն, որտեղ աշխատում է «Հերոս» հեռուստաշոուում:

4. Մարկ Ուոլբերգ, եկամուտը՝ 52 մլն $

Ուոլբերգի՝ նման բարձր հորիզոնականում հայտնվելը մեծապես պայմանավորված է «Երրորդն ավելորդ է» կատակերգության հաջողությամբ: Այժմ դերասանը նկարահանվում է «Տրանսֆորմերների» հաջորդ ֆիլմում, ինչը նրան երևի թե կապահովի տեղ նաև Forbes-ի հաջորդ տարվա նույն ցանկում:

3. Հյու Ջեքման, եկամուտը՝ 55 մլն $

Վերջերս Ջեքմանը խոտովանեց, որ տառապում է մաշկի քաղցկեղից, բայց կարիերայի առումով 2013-ը Ջեքմանի համար բավականին հաջող տարի էր, որտեղ դերասանը Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» մյուզիքլի էկրանավորման համար նոմինացվեց «Օսկարի»:

2. Չենինգ Տատում, եկամուտը՝ 60 մլն $

Forbes-ի ցանկում նման անկանխատեսելի աճի հարցում դերասանը պարտական է «Սուպեր Մայք» ֆիլմին: Տղամարդու մերկապարերի մասին պատմող ֆիլմը, ունենալով ընդամենը 7 մլն $ բյուջե, ապահովեց 167 մլն $ եկամուտ:

1. Ռոբերտ Դաունիկրտսեր, եկամուտը՝ 65 մլն $

Մի քանի տարի առաջ Ռոբերտ Դաունի-կրտսերը համարվում էր միջակ դերասան, ով լուրջ խնդիրներ ուներ ալկոհոլի հետ, իսկ այժմ նա իրար հետևից նկարվում է Հոլիվուդյան ամենահաջողված բլոքբաստերներում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշում են հնդկահավով և քաղաքական բանավեճերով’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Հայաստանից պետք է պահանջի լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ’