‘2013-ի բյուջեով չի նախատեսվում ոստիկանների և ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում ‘

1336

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանը ներկայացրեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված «Արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման ծախսերը», ըստ որի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերի համար նախատեսվել է 7,4 մլրդ դրամ, որը շուրջ 18%-ով գերազանգում է 2012 թ. համանման ցուցանիշը: «Եկամտահարկի մասին» օրենքի պահանջներով՝ սոցապվճարը և եկամտահարկը միացվել են իրար, դա էլ պետք է վճարի պետությունը՝ որպես գործատու, , այսպիսով՝ լրացուցիչ պետական միջոցների անհրաժեշտություն է առաջացել, և ծախսերը պայմանավորված են այդ գործոններով : 18%-ի գերազանցումը պայմանավորված է նրանով, որ այս համակարգում կան զինծառայողներ, որոնց փոխարեն պետությունը չէր վճարում եկամտահարկ, իսկ այժմ, որպեսզի անվանական ու մաքուր աշխատավարձերի միջև տարբերություններ չլինեն, պետությունն իր վրա է վերցնում այդ հոգսը:

Հաջորդ ծառայության՝ ոստիկանության ֆինանսավորումը կազմում է 5,6 մլրդ դրամ, այս տարվա համեմատ ՝ 22,2%-ով ավելի, էական փոփոխությունը պայմանավորված է եկամտահարկի մասին օրենքի պահանջներով:
ԱԱԾ-ի համար 2013 թվականի բյուջեով նախատեսված է 14,3 մլրդ դրամ, որը 23,7%-ով գերազանցում է 2012 թվականի մակարդակը, ավելացումն այստեղ ևս պայմանավորված է եկամտահարկի օրենքի պահանջով, մի տարբերությամբ, որ այստեղ նախատեսվում է աշխատանքային ֆոնդի ավելացում, որը կազմում է 243 մլն դրամ:

ԱԱԾ պետական պահպանության ծառայության համար նախատեսված է 2մլրդ 297 մլն դրամ գումար, որը 30%-ով ավելի է, քան 2012-ին հատկացված գումարը, գերազանցումը նորից պայմանավորված է եկամտահարկի օրենքի պահանջով:
Պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է աշխատավարձերի բարձրացում, Սաֆարյանը նկատեց, որ բացի ԱԱԾ-ի աշխատակիցներից՝ մյուս ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը չեն բարձրանալու:

Սաֆարյանը հաստատեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի այն պնդումը, որ եթե աշխատավարձերը չեն բարձրանալու, հետևաբար՝ գնաճի պայմաններում մարդիկ ավելի վատ են ապրելու:

Նախորդ հոդվածը‘Մեսի. Չեմ հասկանում, թե ինչու են փորձում իմ եւ Ռոնալդուի միջեւ սեպ խրել’
Հաջորդ հոդվածը‘ Legatum Institute-ը հրապարակել է աշխարհի երկրների զարգացման մակարդակի ամենամյա աղյուսակը. Հայաստանը 98-րդ տեղում է ‘