‘2013 թվականը հայ կինեմատոգրաֆիստներին բերեց մրցանակների հարուստ ավար’

1173

Անցած 2013 թվականը հայ կինեմատոգրաֆիստներին բերեց մրցանակների հարուստ ավար:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, անցյալ տարի Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել միջազգային կինոփառատոներին: Արդյունքում` տարբեր երկրներում հավաքվել է ազնիվ մրցանակների առատ ավար: Այսպես, ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը 2 մրցանակ է ստացել Պեկինի երրորդ միջազգային կինոփառատոնում: Ֆիլմը մրցանակների է արժանացել «Երկորդ պլանի լավագույն դերասան» (Վահագն Սիմոնյան) և «Լավագույն երաժշտություն » (Վահագն Հայրապետյան) անվանակարգերում:

2013 թվականին Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» (Ուկրաինա — Ֆրանսիա — Հայաստան — Վրաստան) ֆիլմն արժանացել է Տալլինի «Մութ գիշերներ» 17-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին: Բացի այդ, Ավետիքյանը Բաթումի (BIAFF) հեղինակային կինոյի Միջազգային մրցանակին է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում: Անմասն չեն մնացել նաև կարճամետրաժ ֆիլմերը: Արա Արուշի «Որսորդը» ժապավենն արժանացել է Իսպանիայի Բադալոնյան 39-րդ կինոփառատոնի մրցանակին` «Լավագույն դերասան» (Արմեն Գրիգորյան) անվանակարգում, իսկ Գուժ Թադևոսյանի «Մարգար պապին» ֆիլմն արժանացել է Նյու-Յորքի «Հեղինակային իրավունք» Միջազգային ինտերնետ-կինոփառատոնի մրցանակին, որպես «Լավագույն խաղարկային ֆիլմ»:

Առջևում Կաննի կինոփառատոնն է, որն իրավամբ համարվում է տարվա կարևորագույն կինոիրադարձություններից մեկը: Ըստ Գևորգյանի` կինոյի շուկայում ներկայացված հայկական նախագծերի  90 %-ը գտնում է իր գործընկերներին: 2014 թվականին Ազգային կինոկենտրոնի կողմից նախատեսվում է մոտ 12 ֆիլմերի նկարահանում: Դրանց թվում են` Արմեն Վաթյանի «Երկարատև վերադարձ» ֆիլմը ղարաբաղյան պատերազմի մասին, Արման Չիլինգարյանի «88» ֆիլմը Սպիտակի երկրաշարժի մասին, ինչպես նաև Հովհաննես Գալստյանի «Զարթոնք» դրաման:

«ՀՀ Ազգային կինոկենտրոնի տարեկան բյուջեն կազմում է 500 հազ.դոլար: Այդ գումարով աշխարհում մեզնից բացի ոչ ոք ֆիլմեր չի նկարահանում»,-ասել է Գևորգյանը:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ 12-ի գիշերը նույնքան կնվազի’
Հաջորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է դի’