‘2013-ից անվճար իրավաբանական օգնությունը հասանելի կլինի բոլոր կարիքավորներին’

931

2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Փասատաբանության մասին» օրենքի փոփոխությունները, որով կընդլայնվի հանրային պաշտպանի ծառայությունների ցանկը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը:

2006-ին հիմնադրված Հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում ՀՀ սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում, ինչպես նաև քրեական գործերով և քաղաքացիական առանձին` օրենքով նախատեսված գործերով:

Ըստ Մ. Ղազանչյանի` նախկին օրենսդրությունը քաղաքացիական գործերով սահմանում էր երեք հստակ դեպքեր, դրանք էին՝ ալիմենտի բռնագանձման, խեղման կամ առողջության այլ վնասի և կերակրողին կորցնելու դեպքերը: «Բազմաթիվ քաղաքացիներ էին մեզ դիմում աշխատավարձի, թոշակի չափի նշանակման առումով: Մենք փորձում էինք իրավական օգնություն ցույց տալ, բայց բանավոր խորհրդատվության ձևով: Դատարանում մասնակցություն ապահովել չէինք կարող, քանի որ օրենքը չէր նախատեսում»,- նշեց Մ. Ղազանչյանը:

2013թ. հունվարի 1-ից անվճար իրավաբանական օգնություն կարող են ստանալ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամները, Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, միայնակ բնակվող կենսաթոշակառուները, առանց  ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, փախստականները, ՀՀ ժամանակավոր ապաստան ստացածները:

«Այս անձանց դիմումի հիման վրա կնշանակվի հանրային պաշտպան, ով քաղաքացուն կլսի, կուսումնասիրի գործը, կմասնակցի նաև դատական նիստերին այն շրջանակներում, որով թույլ կտա նոր օրենսդրությունը»,- նշեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: Ըստ նրա` անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով, նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային գումարի պահանջով գործերով, ինչպես նաև այն դեպքում, եթե առկա են անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. Ապշած եմ Կասանոյի խոսքից’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ արտաքին քաղաքականությունը երկակի ստանդարտներ ունի. ռուս դիվանագետ’