‘2014 թվականին պաշտոնյաների բիզնեսը կընդլայնվի’

963

2014 թվականին Հայաստանում շահագործման կհանձնվեն մոտ 20 նոր փոքր հիդրոէլեկտրակայաներ: Այսպիսով, փոքր հէկերի ընդհանուր թիվը կհասնի մոտ 150-ի, իսկ դրանց ընդհանուր էներգաարտադրությունը կկազմի հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 7-8%-ը: Այս մասին երկրի հիմնական տնտեսական փաստաթղթի նախագծին նվիրված նախնական խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ էներգեհտիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքերով, սեփական էներգետիկ ներուժի առավելագույնս օգտագործումը հանդիսանում է ընդհանուր ծրագրի մի մասը, որն ուղղված է անվտանգության ապահովմանը և երկրի էներգետիկ համալիրի հուսալիությանը: Նշենք, որ Հայաստանի հիդրոէներգոպոտենցիալը գնահատվում է տարեկան 3200 մլն կՎտ/ժամ: ՀՀ էներգետիկայի նախարարությունը մշակել է «Փոքր հիդրոէներգետիկայի զարգացման սխեմա» նախագիծը, որտեղ ներգրավված են 325 փոքր հէկ-եր, 257 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և տարեկան 770 մլն կՎտ/ժամ արտադրությամբ:

Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներկայումս ուսումնասիրվում է նաև գեոթերմալ էներգիայի ներուժը: Նշվում է, որ Հայաստանն ունի գեոթերման էներգիայի զգալի պահուստներ: Գեոթերմալ էլեկտրակայանների տարածքների ուսումնասիրությանը և այդ կայանների շինարարությանը Համաշխարհային բանկը 2009 թվականին հատկացրեց 1.5 մլն դոլար: Այդ էլեկտրակայանների շինարարության համար, ըստ մասնագետների, ամենահեռանկարային տարածքներն են հանդիսանում Ջերմաղբյուրը և Քարաքարը (Սյունիք), և Գրիձորը (Գեղարքունիք):

Հավելենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ փոքր հէկերի գերակշիռ մասը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյաների: Օրինակ, այսօր «Հետքը» հոդված է հրապարակել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին պատկանող հէկի մասին:

Նախորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետարանը ձեռնպահ կմնա տրանսպորտի սակագների հարցի առնչությամբ մեկնաբանությունից’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրես. Նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին’