‘2014 թվականն այնքան էլ հաջող չի եղել բանկային ոլորտի համար. «168 ժամ»’

1115

2014 թվականն այնքան էլ հաջող չի եղել բանկային ոլորտի համար: Տարին վնասով են փակել 5 առևտրային բանկեր (2013-ին վնասով աշխատել էին 3 բանկեր):  Այս մասին գրում է «168 ժամը»։ Ամենամեծ վնասն արձանագրել է Առէկսիմբանկը (Գազպրոմբանկի խումբ)՝ 5 մլրդ 668.9 միլիոն դրամ: Բանկը 2013-ին աշխատել էր շահույթով: Տարին պակաս անհաջող չի եղել նաև Ակբա-Կրեդիտ Ագրիկոլի համար: Այս բանկը 2013-ը փակել էր շուրջ 5 միլիարդ դրամ շահույթով, սակայն 2014-ին արձանագրել է 4 մլրդ 625 միլիոն դրամի վնաս: Արցախբանկի վնասը 2014-ին կազմել է 1 միլիարդ 697.1 միլիոն դրամ (2013-ին բանկն ունեցել էր 1 միլիարդ դրամի շահույթ): Բիբլոս բանկն ունեցել է 513.4 միլիոն դրամի վնաս:

Բանկը վնասով էր փակել նաև 2013 թվականը: Եվ վերջապես, ԲՏԱ բանկը, որը 2013-ին ունեցել էր 79 միլիոն դրամի շահույթ, նախորդ տարին փակել է 177.9 միլիոն դրամի վնասով: Մնացած 16 բանկերը 2014 թվականը փակել են շահույթով, սակայն նրանցից 7-ի շահույթը պակասել է՝ 2013-ի համեմատ: 21 բանկերի շահույթը 2014 թվականին 42.34%-ով նվազել է 2013-ի համեմատ և կազմել 26.7 միլիարդ դրամ (2013-ին բանկային ոլորտի շահույթը 46.3 միլիարդ դրամ էր): Բանկային համակարգի շահութաբերությունը՝ ըստ կապիտալի (ROE), 2014-ին կազմել է 5.53%: Դա բավականին ցածր է 2013-ի ցուցանիշի համեմատ: Ամենաշահութաբեր բանկը 2014-ի արդյունքներով Ինեկոբանկն է՝ 20.75% (2013-ին 23.6% էր): Հաջորդն Ամերիաբանկն է՝ 17.64% (2013թ.՝ 16.1%): HSBC Հայաստանը, որը 2013 թվականի արդյունքներով երկրորդ շահութաբեր բանկն էր (20.9%), 2014-ին նահանջել է՝ զբաղեցնելով երրորդ տեղը 14.4% ։

Նախորդ հոդվածը‘Կուադրադոն համաձայնության է եկել «Չելսի»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն մեկ ամիս ժամանակ է տվել «Ռեալին»’