‘2014 թ. դեկտեմբերին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 27%-ով’

1498

2014 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 27%, իսկ արտահոսքն աճել է 24%: Արդյունքում, փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 54%: Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը դեկտեմբերին կրճատվել է 37%, իսկ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահոսքն աճել է 26%, ինչի արդյունքում Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտների զուտ ներհոսքը կրճատվել է 47%:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրի, 2014 թվականին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 2,1 մլրդ դոլար, 2013-ի համեմատ նվազելով` 9%: Իսկ փոխանցումների արտահոսքը Հայաստանից 2014 թվականին աճել է 6% և կազմել 903 մլն դոլար: Ինչի արդյունքում, զուտ ներհոսքը 2014-ին կրճատվել է 20%, և կազմել 1,2 մլրդ դոլար: 2014 թվականին դեպի Հայաստան 2.1 մլրդ դոլար ծավալով տրանսֆերտների կառուցվածքում ֆիզիկական անձանց ոչ կոմերցիոն փոխանցումները կազմել են 81% կամ 1.7 մլրդ դոլար:

Տրանսֆերտների ներհոսքի և արտահոսքի կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը 2014-ին համապատասխանաբար կազմել է  72% և 28%, ընդ որում, ՌԴ տեսակարար կշիռը ներհոսքի կառուցվածքում 74%-ից տարեկան կտրվածքով նվազել, մինչդեռ արտահոսքի գծով մնացել է նույնը: Այսպես, Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը 2014 թվականին կազմել է 1,6 մլրդ դոլար (տարեկան անկումը` 6%), իսկ արտահոսքը Հայաստանից Ռուսաստան`253 մլն դոլար (տարեկան աճը` 8%), ինչի արդյունքում, զուտ ներհոսքը կազմել է 1.3 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով նվազելով 13%:

Հայաստան ուղղվող տրանսֆերտների գծով երկրորդ տեղում է ԱՄՆ-ն է` 7,4% (2013-ի 6.6% փոխարեն) կամ 156 մլն դոլար, տարեկան աճը` 2%, երկրորդ տեղը զբաղեցնելով նաև Հայաստանից հոսող տրանսֆերտների գծով` 16.7% (2013-ի 15.7% փոխարեն) կամ 151 մլն դոլար, տարեկան աճը` 13%:

Երրորդ տեղում է Գերմանիան է`1.6% (2013-ի 1.1% փոխարեն) կամ 34.5 մլն դոլար, տարեկան աճը`35%, իսկ արտահոսքի գծով երրորդ տեղում է Չինաստանը`9,2% (2013-ի 10,1% փոխարեն) կամ 82.6 մլն դոլար, տարեկան անկումը`3.5%:

Ըստ երկրների, Հայաստան ուղղվող տրանսֆերտների հոսքը 2014 թվականին կրճատվել է նաև Իսպանիայից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից և Ուկրաինայից, ընդ որում, Չինաստանից` 34%, ԱՄԷ-ից` 17% և Ուկրաինայից`13%-ով: Հայաստանից տրանսֆերտների արտահոսքի գծով արձանագրվել է ծավալների անկում, բացառությամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ղազախստանի և Իսպանիայի, ընդ որում, Հայաստանից դեպի Ուկրաինա դրամական փոխանցումները նվազել են 41%:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, 2015 թվականին ֆիզիկական անձանց տրանսֆերտները կկրճատվեն 30% (դոլարային արտահայտությամբ): Միևնույն ժամանակ, ակնկալվում է ռուսական ռուբլիով փոխանցումների ծավալների աճ, բայց տեմպերի կանխատեսվող դանդաղումով: Կանխատեսվող անկման հիմնական գործոններն են` ռուսական ռուբլու կտրուկ անկումը և Ռուսաստանի տնտեսական անկումը` 2015-ին: 

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Ավետիսյանների իրավահաջորդները ողբերգության հետաքննության արդյունքները չեն տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին ձախողել է վերջին տասը 11-մետրանոցներից հինգը (տեսանյութ)’