‘2014 թ. Հայաստանից արտագաղթել է 47 հազար մարդ. Մամուլ’

3216

Մամուլն անդրադառնում է երեկ ԱՎԾ-ի կողմից հրապարակած տվյալներին, համաձայն որոնց` 2014 թ. Հայաստանից հեռացել է շուրջ 47 հազար քաղաքացի.

«Ժողովուրդը» գրում է. «2014 թվականին Հայաստանի ութ սահմանային կետերից ՀՀ քաղաքացիների սահմանահատումներն ամփոփելիս կարելի է գալ այն եզրահանգման, որ այս տարի ավելի քան 47 հազար քաղաքացի արտագաղթել է մեր երկրից: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Համեմատության համար նշենք, որ նախորդ` 2013 թվականին սահմանահատումների բացասական մնացորդը, կամ նույն է թե՝ արտագաղթողների թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ: Այսինքն՝ արտագաղթի թիվն անցած տարի շարունակել է աճել մեր երկրում:

Տեղեկացնենք, որ պաշտոնապես ՀՀ մշտական բնակչության թիվը 2015-ի սկզբին եղել է 3 միլիոն 10 հազար (այս թիվը իր մեջ ներառում է նաև արտագաղթած, բայց ՀՀ քաղաքացիությունից չհրաժարված բնակիչներին), անցած տարի այդ թիվը եղել է 3 միլիոն 17 հազար: Այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության թիվն այս տարի պաշտոնապես նվազել է 7 հազարով»: 

«ՀԺ» գրում է. «Հույսերը, որ Ռուսաստանում տիրող տնտեսական ծանր իրավիճակը կստիպի հայաստանցիներին վերադառնալ և դրանով իսկ կնվազի Հայաստանից արտագաղթի ցուցանիշը, չեն իրականանում: Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 47 հազար ՀՀ քաղաքացի, ինչը 5 հազարով կամ շուրջ 12 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Այսպիսով, Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 7 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 330 հազար հայաստանցի: Ոչ պաշտոնական ցուցանիշներով, թիվը հասնում է 380 հազարի: ԱՎԾ-ի երեկ հրապարակած թվերի համաձայն, անցած տարվա ընթացքում ավելի քան 22 հազար հայաստանցի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգայի առաջատարը 4:1խոշոր հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովից արյան և մազի փորձանմուշներ են վերցվել. «168 ժամ»’