‘2014-ի մայիսին նշանակվեցին նախագահի ընտրություններ’

1765

Ստեփան Դանիելյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Արդեն բոլորի համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի փուլն արդեն ավարտվել է: Թե ինչպիսի գնահատականներ կտրվեն պատմության ապագա դասագրքերում, պետք է ակնհայտ լինի: 
Առաջին հերթին՝ կնշվի 300.000-ից ավելի Հայաստանի քաղաքացիների արտագաղթը, որը Հայաստանում առաջացրեց դեմոգրաֆիական ճգնաժամ: Անպայման կնշեն հակասահմանադրական կառավարման եղանակը, խորը տնտեսական ճգնաժամը, և այդտեղ Սերժ Սարգսյանի անվան կողքին անպայման կհիշատակվի Տիգրան Սարգսյանի անունը: Այդ ամենի պատճառը կհամարվի իշխանության անօրինական ձևավորումը և քրեական հասկացությունների վրա հիմնված ոչ սահմանադրական կառավարման եղանակը: Անպայման կնշվի, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում իր իշխանությունը երկարաձգելու և դրան քաղաքական երանգ տալու համար վարում էր հակապետական քաղաքականություն, որի արդյունքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև Հայաստանի պատճառով կոնֆլիկտ առաջացավ, որի արդյունքում Ռուսաստանի մեկ շաբաթվա ճնշման հետևանքով Հայաստանը դարձավ կիսաանկախ երկիր: Դրանից հետո դասագրքում կներկայացվեն Հայաստանում իշխանության անկման պատՃառները:

Կգրվի, որ 2013-ի սեպտեմբերից հետո Սերժ Սարգսյանը կորցրեց վերահսկողությունը երկրի վրա: Քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխները, տեսնելով, որ արդեն Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը և արդեն չի կարողանում երաշխավորել քրեաօլիգարխիկ համակարգի անվտանգությունը, սկսեցին տրոհվել տարբեր խմբավորումների և սեպարատ բանակցությոնների մեջ մտան արտաքին ուժերի հետ: Երկրում իրավիճակը գնալով սկսեց սրվել: Կառավարությունն արդեն չէր կարողանում ապահովել թոշակները, բնակչությունը չէր կարողանում վճարել կենցաղային կարիքների վճարները: Ոստիկանությունը հրաժարվում էր ուժ կիրառել բողոքավոր զանգվածների վրա, սակայն որոշ օլիգարխների զինված խմբավորումները, որոնց բաժանվել էին ոստիկանական վկայականներ, սկսեցին բռնարարքներ կիրառել ցուցարարների դեմ: Մամուլը դրանց անվանեց «օլիգարխների թռչող բրիգադներ»: «Սյունյաց Արծիվներ» հասարակական կազմակերպությունը նույնասեռականների և աղանդավորականների դեմ պայքարի համար զանգվածային ջարդեր իրականացրեց Արտաշատում և Ալավերդիում: Հատկապես ակտիվ էր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որին ոստիկանապետ նշանակելու՝ Սերժ Սարգսյանի ջանքերը հաջողության չհասան, որովհետև առաջին անգամ ոստիկանությունը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ և ստեղծվեց Ոստիկանության սպաների միություն կազմակերպությունը:

Իրավիճակը հատկապես ծանրացավ 2014-ի ցուրտ ձմռան պատճառով: Սերժ Սարգսյանը հատուկ ուղերձով դիմեց աշխարհի երկրներին՝ հայտարարելով, որ երկիրը աղետի մեջ է, և խնդրեց հումանատիր օգնություն: ՀԱՊԿ-ը Հայաստան մտցրեց զինված ստորաբաժանումներ, որպեսզի զսպի անկառավարելի քրեական իրավիճակը: ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկան և զգուշացրին Ադրբեջանին, որպեսզի չփորձի ռազմական գործողություններ սկսել: Հայաստանում աշխարհում առաջին անգամ ձևավորվեց Դեսպանների Խորհուրդ կառույցը, որը նոր խոսք էր համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ: Դեսպանների Խորհրդի նախագահը ռոտացիայի եղանակով երեք ամիսը մեկ փոփոխվում էր: Դեսպանների Խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Հռոմի Պապի նորանշանակ նունցին` դեսպանը: Կառավաությունը կարևոր որոշումները պարտավոր էր համաձայնեցնել Դեսպանների Խորհրդի հետ: Դեսպանների Խորհրդի ինստիտուտը սկսեց գործել նաև Աֆրիկյան մի շարք երկրներում, և Հայաստանը համաշխարհային պատմության մեջ մտավ որպես առաջին երկիրը, որտեղ այդ ինստիտուտը առաջինը գործարկվեց; Ամբողջ աշխարհը իմացավ Հայաստանի մասին:
2014-ի մարտին Սերժ Սարգսյանը ցրեց կառավարությունը և ձևավորեց ազգային համերաշխության կառավարություն: Նախկին վարչապետը ձերբակալվեց, երբ փորձեց անօրինական եղանակով լքել Հայաստանը և պատսպարվել Ռուսաստանում: Վարչապետի ցուցմունքների հիման վրա սկսեցին հարցաքնվել Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ:

2014-ի մայիսին նշանակվեցին նախագահի ընտրություններ…

Նախորդ հոդվածը‘Աղբյուր. Սերժ Սարգսյանը վաղը կհանդիպի Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ’
Հաջորդ հոդվածը‘Դատավորը մերժեց Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը. Հաջորդ նիստը` սեպտեմբերի 18-ին. Ֆոտոներ’