‘2014 թվականի վերջին ՀՀ արտաքին պարտքը կաճի մոտ 100 մլն.դոլարով’

1286

2014 թվականի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կաճի մոտ 100 մլն.դոլարով: Այս մասին է նշվում «2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում:

Աղբյուրի համաձայն, պետական պարտքի հիմնական մասը կազմում է արտաքին պարտքը, որը 2014 թվականի վերջին կկազմի 3.928 մլրդ.դոլար, 2013 թվականի 3.829 մլրդ.դոլարի համեմատ: Բացի այդ, մինչև 2014 թվականի ավարտը Կենտրոնական բանկի պարտքը կկազմի 461 մլն.դոլար, 2013-ի 514 մլն.դոլարի համեմատ, իսկ պետության ներքին պարտքը 2014 թվականի վերջին կկազմի 814 մլն.դոլար, 2013 թվականի 714 մլն.դոլարի փոխարեն: Ինչպես նշում են օրինագծի հեղինակները, 2014 թվականին ՀՆԱ կազմում դեֆիցիտի տեսակարար կշիռը կկազմի 2.34% և կհավասարվի 110.5 մլրդ.դրամի: Ներքին ռեսուրսների մասնաբաժինը, որոնք կուղղվեն դրա մարմանը, կկազմի մոտ 89.9 մլրդ.դրամ: Հիմնականում խոսքը գնում է պետական պարտատոմսերի իրացման, ազատ ռեսուրսների և միջոցների տնտեսման մասին: Առայժմ պահպանվում է միջազգային դոնորներից միջոցներ ներգրավելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում կառավարությունը հաստատեց երկրի 2014 թվականի պետբյուջեի նախագիծը, որը ներկայացրել էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նախարարը նշել էր, որ 2014 թվականի պետբյուջեի նախագծով բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն.272 մլրդ.237 մլն.դրամ, եկամտային մասը` 1 տրլն.127 մլրդ.400 մլն.դրամ, իսկ դեֆիցիտը` 110 մլրդ.200 մլն.դրամ: Ըստ նախարարի, երկրի ՀՆԱ-ն կկազմի 4 տրլն.723 մլրդ.դրամ, տնտեսական աճը` 5.2%: Նա նշել էր, որ բյուջեի հիմնական մասը կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և անվտանգության պրոբլեմների լուծմանը:

Նախորդ հոդվածը‘2013-ի 10 լավագույն ֆիլմերը՝ Քվենտին Տարանտինոյի կարծիքով’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդարանի որոշումից հետո Յանուկովիչը թույլ կտա Տիմոշենկոյին մեկնել արտասահման բուժվելու’