‘2014-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով կոմիտեն Արցախին օգնությունն առաջնահերթ է համարում’

836

ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով կոմիտեն հուլիսի 25-ին ընդունել է 2014թ. ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրինագիծը, որում առաջնահերթությունը տրվում է Լեռնային Ղարաբաղին օգնությանը, News.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Նախագիծը հիմնավորող զեկույցում նշվում է, որ կոմիտեն «առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածների համար նախորդ տարիներին հատկացված օգնության ծավալին համապատասխան օգնություն, ինչպես նաեւ աջակցություն` հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար: Կոմիտեն հակամարտությունը խաղաղ կարգավորելու կոչ է անում»:

Ինչպես եւ Ներկայացուցիչների պալատում զուգահեռ ներկայացված նախագծում, այս նախագծում եւս Հայաստանի եւ Կովկասի մյուս երկրների ֆինանսավորման կոնկրետ չափի մասին չի նշվում:

Նշենք, որ հուլիսի 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն  նույնատիպ նախագիծ է հաստատել: Սենատն ու Ներկայացուցիչների պալատը դեռ պետք է հայտնեն նախագծերը լիագումար նիստում քննարկելու ժամկետը:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Նախնական եզրակացություններ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Հալեպ-Երեւան ավտոբուսից առեւանգվածների անունները’